05.06.2018 11:31

Բիլ Քլինթոնը արկածային վեպ է գրել

Բիլ Քլինթոնը արկածային վեպ է գրել

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, հայտնի գրող Ջեյմս Փաթերսոնի համահեղինակությամբ, քաղաքական վեպ է հրապարակել, որի գործողությունները ծավալվում են իր իշխանության օրոք:

Վեպը վերնագրված է «President is Missing» («Նախագահը կորել է»), և դրա հիման վրա արդեն սերիալ է նկարահանվում:

Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախկին նախագահն արկածային վեպ է գրում:

«Ես պաշտում եմ թրիլլերները,- ասել է Քլինթոնը BBC-ին տված հարցազրույցում:- Կարդում եմ անհագուրդ: Հենց նոր եմ ավարտել Ջեյսոն Մեթյուսի «Կարմիր ճնճղուկ» եռագրության երրորդ գիրքը»:

Նա նաև ասել է, որ Փաթերսոնի ֆանատն է ու մի շնչով կարդացել է նրա բոլոր 25 գրքերը  հոգեբան-դետեկտիվ Ալեքս Քրոսի մասին:

Վեպի սյուժեն ծավալվում է կիբեռգրոհի շուրջ ԱՄՆ-ի վրա, որը սպառնում է նաև ողջ աշխարհին: Այդ գրոհը պետք է չեզոքացնի գլխավոր հերոսը՝ նախագահ Ջոնաթան Լինքոլն Դանքենը:  Իրադարձությունների ծավալման ընթացքում, երբ արդեն շատ քիչ ժամանակ է մնացել, պարզվում է, որ նախագահն անհետացել է:

Քլինթոնի պատմելով՝ գրքում մանրամասն նկարագրվում է կյանքը Սպիտակ տանը: Նախագահի աշխատանքը, թերևս, ամենածանր աշխատանքն է աշխարհում, խոստովանել է Քլինթոնը: «Ես ուզում եմ, որ ընթեցողները տեսնեն՝ դրանք իրական մարդիկ են, որոնք իրական աշխատանք են կատարում: Նրանք որոշումներ են ընդունում, և այդ որոշումներն ազդում են բոլորի կյանքի վրա»,- ասել է Քլինթոնը:

Փոխանցում է BBC-ն: