05.06.2018 12:07

Ուկրաինացի լրագրողը Ռուսաստանում դատապարտվել է 12 տարի ազատազրկման

Ուկրաինացի լրագրողը Ռուսաստանում դատապարտվել է 12 տարի ազատազրկման

Մոսկվայի քաղաքային դատարանը ուկրաինացի լրագրող Ռոման Սուշչենկոյին մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ և դատապարտել 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:

Դատավարությունը տեղի է ունեցել փակ ռեժիմով: Սուշչենկոն իր հետ տեղի ունեցածը համարում է «ռուսաստանյան հատուկ ծառայությունների պլանավորված սադրանք»:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն դատավճիռն անվանել է «ռուսաստանյան դատարանի աննախադեպ ցինիզմ»: «Նման «դատավճիռներով» Կրեմլը ցուցադրում է իր խուճապահար սարսափը, մատնում է իր ագրեսիան Ուկրաինայի հանդեպ և դատավճիռ արձակում ինքն իր դեմ»,- Facebook-ի իր էջում գրել է Պոռոշենկոն:

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը ռուսաստանյան իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Սուշչենկոյին:

«Լրագրությունը հանցագործություն չէ, և զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները պետք է իրենց աշխատանքը կատարեն անվտանգ պայմաններում, չվախենալով հետապնդումներից, հարձակումներից և կալանավորվելուց»,- Դեզիրի խոսքն է մեջբերում կազմակերպության պաշտոնական կայքը:

Ռոման Սուշչենկոն Մոսկվայում ձերբակալվել է 2016 թ. սեպտեմբերի վերջին: Ռուսաստանի ԱԴԾ-ի պնդմամբ՝ Ռուսաստանում նա տվյալներ է հավաքել Ռուսաստանի զինված ուժերի և Ռոսգվարդիայի զորքերի գործունեության մասին, ինչը պետական գաղտնիք է հանդիսանում, և դրա «արտահոսքը կարող է վտանգել պետության պաշտպանունակությունը»:

Փոխանցում է BBC-ն: