05.06.2018 16:01

Պուտինը հրաժարվել է մեկնաբանել ցմահ նախագահելու հանարքվեի մասին լուրը

Պուտինը հրաժարվել է մեկնաբանել ցմահ նախագահելու հանարքվեի մասին լուրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավստրիական ORF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է երկրում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները, հրաժարվել է մեկնաբանել իր ցմահ նախագահելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը և ծաղրածու է անվանել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն:

«Դա, իհարկե, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեր պետությունը ժողովրդավարական է, և մենք բոլորս ապրում ենք գործող սահմանադրության շրջանակներում»,- պատասխանել է Պուտինը լրագրողի այն դիտարկմանը, թե «Դուք այստեղ ոնց որ ցար լինեք»: «Կասկածից վեր է. ժողովրդավարությունը հաստատվել է Ռուսաստանում»,- ասել է Պուտինը: «Իմ նախագահական ժամկետը նոր է սկսվել, դա ընդամենը ճանապարհի սկիզբն է: Եկեք չշտապենք: Ես երբեք սահմանադրությունը չեմ խախտել և մտադիր էլ չեմ խախտելու»,- պատասխանել է նա ժամկետն ավարտվելուց հետո ունեցած ծրագրերի մասին հարցին: Ընդ որում՝ Պուտինը կտրականապես հրաժարվել է մեկնաբանել իր ցմահ իշխելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին լուրերը: «Ես շահարկումները չեմ մեկնաբանում: Կարծում եմ՝ դա լուրջ չի լինի Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակի համար»,- հայտարարել է Պուտինը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու երբեք անունով չի կոչում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, ՌԴ նախագահը հայտարարել է. «Մենք չենք ցանկանում, որ մեզ ևս մի, երկրորդ, երրորդ Սաակաշվիլի պարտադրեն, մենք չենք ցանկանում, որ մեր քաղաքական թատերաբեմում հայտնվեն Սաակաշվիլիներ՝ երկրորդ, երրորդ, չորրորդ հրատարակությամբ: Ձեզ դուր են գալի՞ս նման կերպարները, իբր՝ քաղաքական գործիչները»:

Փոխանցում է Interfax-ը: