05.06.2018 16:34

Հոլանդիայի վարչապետը խորհրդարանի շենքում սրբել է հատակը

Հոլանդիայի վարչապետը խորհրդարանի շենքում սրբել է հատակը

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն սոցիալական ցանցերի հերոսն է դարձել այն բանից հետո, երբ խորհրդարանի շենքում պատահաբար թափել է սուրճը, այնուհետև սկսել է մաքրել իր թափածը, հաղորդել է տեղական NOS հեռուստատեսությունը, որի լրագրողներին հաջողվել է արձանագրել այդ միջադեպը սկզբից մինչև վերջ: Լրագրողներից մեկն էլ այդ տեսագրությունը տեղադրել է համացանցում:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Ռյուտտեն , ձեռքին թղթե բաժակ բռնած, մոտենում շենքի ներսում տեղադրված պտուտակադռանը, ու բաժակն ընկնում է նրա ձեռքից: Վարչապետը մոտենում է աշխատակցուհիներից մեկին, նրանից վերցնում է հատակը սրբելու հարմարանքն ու սկսում սրբել հատակը, ինչն ուղեկցվում է հավաքարարների ծիծաղով ու կատակներով, խրախուսական բացականչություններով ու ծափահարություններով:

Ռյուտտեն առաջին անգամ չէ, որ ԶԼՄ-ներին ու քաղաքացիներին զարմացնում է բարձրաստիճան պաշտոնյային ոչ բնորոշ վարքագծով: Այսպես, 2017 թ. նա Նիդեռլանդների թագավորի հետ հանդիպմանը եկել էր հեծանիվով: Իսկ 2016 թ. դաշնամուրային փոքրիկ համերգ էր տվել Հաագայի Կենտրոնական կայարանում՝ կատարելով Շուբերտի ստեղծագործություններից մեկը:

Փոխանցում է newsru.com-ը: