07.06.2018 12:52

Քիմ Քարդաշյանը Թրամփին խնդրել է ներում շնորհել թմրավաճառին

Քիմ Քարդաշյանը Թրամփին խնդրել է ներում շնորհել թմրավաճառին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ներում շնորհել 63-ամյա Էլիս Ջոնսոնին, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութեր տեղափոխելու համար: Ջոնսոնին ազատ արձակելու վերաբերյալ Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ խնդրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Թրամփի և Քարդաշյանի հանդիպումը կայացել է Սպիտակ տանը մայիսի 30-ին: ԱՄՆ նախագահն իր Twitter-ում պատմել է, որ Քարդաշյանի հետ քննարկել է բանտային բարեփոխումները և ԱՄՆ քրեական օրենսդրությունը: Մասնավորապես՝ նրանք անդրադարձել են Էլիս Ջոնսոնի գործին, որն արդեն բանտում անցկացրել է 21 տարի՝ թմրավաճառքի մեղադրանքով: Axios-ի տվյալներով՝ Ջոնսոնին ազատ արձակելու վերաբերյալ ավելի վաղ Քարդաշյանը խոսել է Թրամփի փեսայի, ԱՄՆ նախագահի ամենաազդեցիկ խորհրդականներից մեկի՝ Ջարեդ Քուշների հետ:

Ջոնսոնը վեցերորդ մարդն է, որին ներում է շնորհվում Դոնալդ Թրամփի մեկամյա իշխանության շրջանում: Ջոնսոնից բացի՝ մյուս ազատ արձակվածներից ոչ մեկը դատապարտված չի եղել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, մինչդեռ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելի խիստ պատիժներ սահմանել դրանց նկատմամբ:

Փոխանցում է BBC-ն: