07.06.2018 13:42

Թրամփի փաստաբան. Կիմ Չեն Ինը ծնկաչոք աղաչել է չչեղարկել գագաթնաժողովը

Թրամփի փաստաբան. Կիմ Չեն Ինը ծնկաչոք աղաչել է չչեղարկել գագաթնաժողովը

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ներկայումս՝ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը «ծնկաչոք աղաչել է» չեղյալ չհայտարարել գագաթնաժողովն ամերիկյան նախագահի հետ՝ այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, թե գագաթնաժողովը տեղի չի ունենա:

Wall Street Journal-ը մեջբերել է Ռուդի Ջուլիանիի խոսքը. «Դե, Կիմ Չեն Ինը կրկին ծնկի է իջել ու սկսել է խնդրել, իսկ դա հենց այն դիրքն է, որն ուզում ենք, որ նա գրավի»:

Ելույթ ունենալով Իսրայելում ընթացող համաժողովում՝ Ջուլիանին հայտարարել է, որ Փհենյանին ստիպել է նահանջել հենց Դոնալդ Թրամփի այդ կոշտ դիրքորոշումը:

Թրամփը գագաթնաժողովը չեղարկելու մասին հայտարարել է մայիսին՝ Հյուսիսային Կորեային մեղադրելով, որ նա իրեն «չափազանց ագրեսիվ ու թշնամաբար է պահում»:

Սակայն Կիմ Չեն Ինի՝ Թրամփին հասցեագրված անձնական նամակից հետո ամերիկյան նախագահը փոխել է իր տեսակետը, և  նախապատրաստությունները սինգապուրյան գագաթնաժողովին շարունակվել են:

Փոխանցում է BBC-ն: