08.06.2018 21:53

Հայտնի կենդանու համառությամբ փաստերը չես փոխի

Հայտնի կենդանու համառությամբ փաստերը չես փոխի

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Ղարաբաղյան կարգավորման հարցի առիթով Ն. Փաշինյանը արձանագրեց նաեւ հետեւյալ հանրահայտ իրողությունը. «Այն, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994 թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում, և մինչև 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձևաչափով»:

Ամեն անգամ ոչ միայն հանրահայտ, այլեւ գործընթացին ամենատեղյակ մարդկանց կողմից բազմիցս վկայված ու արձանագրված, անբեկանելի փաստերով հավաստված այս իրողության արձանագրումը գալարումներ է առաջացնում Ռ. Քոչարյանի գրասենյակում։ Եւ ամեն անգամ, հայտնի կենդանու համառությամբ, այնտեղից պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմի մանդատը կորցնելու հետ Քոչարյանը կապ չունի։

Մենք էլ չենք ձանձրանա եւ ամեն անգամ կհրապարակենք Ռ. Քոչարյանի կողմից Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմի մանդատը յուրացնելու, նրան կարգավորման գործընթացից դուրս թողնելու փաստական հիմքերը, այդ մասին ամենատեղյակ մարդկանց վկայություններն ու գնահատականները։

Արդ, ստորեւ երեք նյութ.

Ա) 2016 թ ապրիլի 15-ին մեր կայքում պատմաբան Աշոտ Սարգսյանի հրապարակած հոդվածի մեկ հատված, որտեղ մանրամասն ներկայացվում են Լեռնային Ղարաբաղին հակամարտության կարգավորման գործընթացից դուրս թողնելու փաստական հանգամանքները։

Բ) Դարձյալ մեր կայքից՝ Իրազեկ մարդկանց վկայությունների մի փունջ՝ Քոչարյանի ժամանակ ու նրա կողմից Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմի մանդատից զրկելու մասին։

Գ) «Սեւ այգի»՝ Լեռնային Ղարաբաղի մասին հայտնի գրքի հեղինակ Թոմաս Դե Վաալի վերջերս նույն թեմայով արած վկայությունը։

 

Ա.

«Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչվածկարգավիճակից»

Նկատի ունենալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս հարցին ոչ մեկ անգամ անդրադարձել է մանրամասն ու սպառիչ, ստորեւ մեջբերենք այդ անդրադարձներից.

1. «Ի՞նչ պատճառով է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխիթար վիճակին։ Առաջին եւ գլխավոր պատճառն, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի դուրսմղումն է այդ գործընթացից։ Քաղաքական գործիչներից ու իշխանամետ քաղաքագետներից շատերը թերագնահատում են այս փաստի նշանակությունը, իսկ ոմանք՝ նաեւ աղավաղում նրա էությունը, այն հանգեցնելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին։ Այնինչ հակամարտության կողմ լինելու իրողության էությունը ոչ թե այդ ֆորմալ հանգամանքն է, այլ այն, որ մինչեւ 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաեւ Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կարգավորման որեւէ տարբերակի իրագործման համար։ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը լիովին իրավահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով։ Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձեւացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական։

Վերջին գրավոր առաջարկը, որ ներկայացվել է Ղարաբաղին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է։ Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան եւ Մադրիդյան տարբերակները, ներկայացվել են միայն Ադրբեջանին եւ Հայաստանին։ Այսինքն, 1999 թվականից սկսած՝ Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեեւ դեյուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռքբերված այդ կարգավիճակը։ Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերեւս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե համանախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի ջանքերով։ Նրանք գործել են բանական հիմնավորում եւ արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետեւանքները ծանր են նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա» (2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթից)։

2. «Ղարաբաղի հարցում էլ մեր իշխանությունները, ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանը, գործեց մի ճակատագրական սխալ, որի տակից մենք դուրս չենք գալու երբեք: Դա Սերժի սխալը չէր, Սերժն այն ժամանակ պաշտպանության նախարար էր եւ մեղավոր է այնքանով, որ այդ իշխանության մասն էր, բայց որոշողը նախագահն էր: Եւ այդ սխալը Ռոբերտ Քոչարյանը կտակեց Սերժ Սարգսյանին: Դա Ղարաբաղին հակամարտության կողմի կարգավիճակից զրկելն էր, նրան բանակցությունների ձեւաչափից դուրս շպրտելը: Ի՞նչ ասաց Ռոբերտ Քոչարյանը. ասաց` Ղարաբաղի նախագահ եմ եղել, հիմա Հայաստանի նախագահ եմ, ես կարող եմ ներկայացնել ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը, պետք չի, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: Այնպիսի մի նվեր արեց Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը, որ նրանք ապշեցին: Նույնիսկ այնքան միամիտ էր, որ չկարողացավ այդ նվերը ծախել, ձրի տվեց, էժան, կոպեկով, ինչ է թե` միջազգային հանրությունը ասի` տեսեք ինչ տղա է, ինչ լայնախոհ է, ուզում է լուծել Ղարաբաղի հարցը: Ադրբեջանի ամբողջ պայքարը 90-ական թվականներին մեր դեմ, մեր դիվանագիտության դեմ, եղել է՝ անել ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին: 1992 թվականին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր արտաքին գործերի նախարարը, եւ ձեւավորվեց Միսնկի խումբը, մեզ հաջողվեց Մինսկի խմբում ունենալ հետեւյալ բանաձեւը, որ բանակցություններին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղի ընտրյալ իշխանությունները:

Դրանով արդեն դրված էր Ղարաբաղի կարգավիճակի հիմքը`«ընտրյալ իշխանությունները»: Իսկ երկարատեւ պայքարից հետո կամ, ավելի ճիշտ, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո միջազգային հանրությունը 1994 թվականին ստիպված եղավ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Ղարաբաղը ճանաչել որպես հակամարտության իրավահավասար՝ Հայաստանինեւ Ադրբեջանին հավասար, լիարժեք կողմ: Դա նշանակում է, որ Մինսկի խմբի կամ միջազգային հանրության ներկայացրած կարգավորման ցանկացած ծրագիր պետք է արժանանար միաժամանակ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հավանությանը: Եւ դա կիրառվեց, գործի մեջ դրվեց երկու անգամ: 1997 թվականին Մինսկի խմբի համանախագահությունը հակամարտող կողմերին` Հայաստանին, Ադրբեջանին, Ղարաբաղին ներկայացրեց կարգավորման, այսպես կոչված, «փաթեթային» տարբերակը: Հայաստանը եւ Ադրբեջանն ընդունեցին այդ տարբերակը, Ղարաբաղը վետո դրեց դրա վրա, չհամաձայնեց: Վերջ, ոչ ոք չբողոքեց, ոչ մի աղմուկ չեղավ, որովհետեւ Ղարաբաղն ուներ վետո դնելու, չընդունելու իրավունքը, եւ այդ ծրագիրը դրվեց մի կողմ: Մի քանի ամիս հետո բերեցին «փուլային» տարբերակը։ Նորից Հայաստանը եւ Ադրբեջանն ընդունեցին այդ տարբերակը, Ղարաբաղն ասաց`ոչ։ Ասին` շատ լավ, եւ ետ տարան այդ թուղթը: 1998 թվականին վերջին անգամ բերեցին «ընդհանուր պետության» տարբերակը: Այս անգամ արդեն Հայաստանը, Ղարաբաղը համաձայնեցին, Ադրբեջանն ասաց` ոչ: 1998 թվականից հետո Ղարաբաղն այլեւս չկա բանակցություններում որպես հակամարտության կողմ, միջազգային հանրության համար այդպիսի դիվանագիտական կամ բանակցային սուբյեկտ գոյություն չունի: Հիմա բոլոր ծրագրերը ներկայացնում են միայն Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ցավում եմ, բայց սա այլեւս անշրջելի է»։ (Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012թ. ապրիլի 20-ի հանրահավաքում):

Ինչպես դժվար չէ նկատել, Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ամենուր հստակ վերաբերում է ԼՂՀ՝ որպես հակամարտությանկողմի միջազգայնորեն ճանաչված մանդատին։ Օսկանյանը խոսում է բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցել- չմասնակցելումասին, ինչը բացարձակապես կապ չունի խնդրի էության հետ եւ կամ ուղղված է այդ էությունը խեղաթյուրելուն։ Կրկնենք. հակամարտության կողմի մանդատը ենթադրում էր, որ եռանախագահության կողմից արված կարգավորման առաջարկները ներկայացվում էին հավասարապես՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Ղարաբաղին, որոնցից յուրաքանչյուրն այդ առաջարկները մերժելու, այսինքն՝ վետոյի իրավունք ուներ։ Սա էր առաջնայինը, մանդատի էությունը։ Ահա որպես հակամարտության կողմ,ԼՂՀ-ն, ընդհուպ մինչեւ 1998 թ., Մինսկի խմբից, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին, ստացել է կարգավորման երեք փաստաթուղթ՝ «Փաթեթային», «Փուլային» եւ «Ընդհանուր պետություն»՝ օժտված դրանց վրա «վետո» դնելու իրավասությամբ։ Եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ամենուրեք Ղարաբաղի՝ հակամարտություն կողմի մանդատի մասին է։

 

Եւ վերջապես, եթե, Օսկանյանի պնդմամբ, Ղարաբաղը հակամարտության կողմի կարգավիճակը կորցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, ապա ինչպես կբացատրի, որ նրա հրաժարականից հետո էլ՝ 1998 թվականին, համանախագահների կողմից Հայաստանին, Արդբեջանին ու նաեւ Ղարաբաղին է ներկայացվել «Ընդհանուր պետության» առաջարկը։ Այ, դրանից հետո է, որ Ղարաբաղին այլեւս ոչինչ չի ներկայացվել։

․․․ Մեկ անգամ արդեն առիթ եղել է հիշեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի՝ 2010թ. մարտին այս հարցով արած հետեւյալ պաշտոնական հայտարարությունը. «Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը» (Հայկական ժամանակ», 30.03.2010)։

 

Բ.

Արկադի Ղուկասյան

(ԼՂՀ նախագահ, 2006 թ.)

«1992թ. սկսած՝ ընթանում էր ակտիվ բանակցային գործընթաց ԵԱՀԽ-ի (այժմյան ԵԱՀԿ-ն) շրջանակներում: ԼՂ-ն մասնակցում էր բոլոր բանակցություններին: 1998թ. բանակցային գործընթացը գործնականում դադարեցվեց: Այսօր վարվում է մաքոքային դիվանագիտություն. ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ժամանում են տարածաշրջան, խորհրդակցում հակամարտող կողմերի հետ, սակայն գործընթացը, որպես այդպիսին, բացակայում է: Այդ գործընթացի շրջանակից դուրս հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները»:

Գառնիկ Իսագուլյան

(Քոչարյանի օրոք՝ Հայաստանի նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական, 2011 թ.)

«Մյուս զիջումն, ըստ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցչի, այն է, որ 1998 թվականին Հայաստանը, Ադրբեջանի վախը չեզոքացնելու համար, բանակցությունների ֆորմատից դուրս թողեց ԼՂՀ-ին, եւ Հայաստանը ներկայացրեց թե’ իրեն, թե’ ԼՂՀ-ն: «Սրանից հետո էլ Ադրբեջանի դիրքորոշումը չփոխվեց, եւ Ադրբեջանը Հայաստանին միջազգային հանրությանը ներկայացրեց որպես ագրեսոր, ԼՂ խնդիրը` որպես կոնֆլիկտ երկու կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ մոռանալով, որ հիմնական հակամարտող կողմը ԼՂՀ-ն է»:

Արամ Ավետիսյան

(ԱՄՆ-ում ԼՂՀ գրասենյակի խորհրդական, 2014 թ.)

«Բանակցություններն արդյունք չեն տալիս, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է վերադառնալ նախքան 1998-ը գործած ձևաչափին, երբ մասնակից կողմ էր նաև ԼՂՀ-ն»:

Բեռնար Ֆասիե

(ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, 2008 թ.)

«ԼՂՀ-ի հեռացումը բանակցություններից չի եղել համանախագահների որոշումը: Նախքան Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալը, Ղարաբաղը բանակցային կողմերից մեկն էր, սակայն նրա՝ Հայաստանի նախագահ ընտրվելուց հետո որոշում ընդունվեց այն մասին, որ Հայաստանն ավելի լավ կներկայացնի Ղարաբաղի դիրքորոշումները»:

Կարեն Միրզոյան

(ԼՂՀ ԱԳ նախարար, 2014 թ.)

«Հիրավի, Արցախը եղել է բանակցային գործընթացի լիարժեք մասնակից մինչև 1998 թվականը։ Հետագայում, կապված գործընթացի դինամիկայի հետ, կապված այն փաստաթղթերի փոփոխության հետ, որոնք այդ պահին բանակցային սեղանին էին, և ամենից առաջ՝ Ադրբեջանի դիրքորոշման հետևանքով, Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից»։

Գեորգի Պետրոսյան

(ԼՂՀ ԱԳ նախարար, 2009 թ.)

«Ղարաբաղյան կողմը ամբողջությամբ անտեսված է բանակցային գործընթացում, այնինչ մինչեւ 1998 թվականը միջնորդների բոլոր առաջարկներն ուղարկվում էին Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ, եւ բանակցությունները ունեին եռակողմ ձեւաչափ»:

 

Գ.

Թոմաաս Դե Վաալ.

«Եթե քաղաքական միավորներ հավաքելը մի կողմ դնենք, ապա Ղարաբաղի հայերի բանակցություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումը ևս տեղին է: Ի վերջո, հենց նրանց հայրենիքն է բանավեճի սկզբնական սուբյեկտը: Նրանք մասնակցություն են ունեցել մինչև 1998թ., երբ Ռոբերտ Քոչարյանը, Ղարաբաղի հայերի երբեմնի առաջնորդը, դարձավ Հայաստանի նախագահ և վճռեց, որ կարող է խոսել նրանց անունից:

Դա ձեռնտու էր Ադրբեջանին, որը ցանկանում է հակամարտությունը բացառապես Բաքվի և Երևանի քննարկման սահմաններում դիտարկել: Սակայն Ղարաբաղի հայերի ձայնը, Ղարաբաղի տեղահանված ադրբեջանցիների ձայները պետք է հաշվի առնվեն: Նրանց՝ գործընթացի մեջ ներառելն իհարկե նաև փորձություն է. կարո՞ղ են արդյոք որևէ կառուցողական ներդրում ունենալ: