11.06.2018 11:30

Համաշխարհային բրենդերի պայքարը ԱԱ-2018-ում

Համաշխարհային բրենդերի պայքարը ԱԱ-2018-ում

Աշխարհի առաջնության ներսում աշխարհի առաջնություն է տեղի ունենում, որն ամեն անգամ ավելի է հարստանում: Դա այն բրենդերի առաջնությունն է, որոնք արտադրում են հավաքականների մարզաշապիկները և պայքարում են հաղթանակի համար մարզաշապիկների և տարբեր աքսեսուարների վաճառքի միջոցով: Մինչ այս պահն առաջատարն «Ադիդասն» է, որը Ռուսաստանում իր վեցերորդ հաղթանակի հետևից է գնալու, ինչպես Բրազիլիան, որի հովանավորը, ի դեպ, «Նայքն» է: Գերմանական «Ադիդասը» հաղթել է հինգ Աշխարհի առաջնությունում. Գերմանիայի հետ 2014-ին, Իսպանիայի հետ 2010-ին, Ֆրանսիայի հետ 1998-ին, կրկին Գերմանիայի հետ 1990-ին և Արգենտինայի հետ 1978-ին: Բացի «Ադիդասից»` մյուս չեմպիոնական բրենդերն են «Լե Կոկ Սպորտիֆն» Արգենտինայի հետ 1986-ին, «Ումբրոն» Բրազիլիայի հետ 1994-ին, «Նայքը» կրկին Բրազիլիայի հետ 2002-ին և «Պուման» Իտալիայի հետ 2006-ին:

Գալիք Աշխարհի առաջնությունում «Պումայի» բախտը չի բերել. մրցաշարին չի մասնակցելու ոչ միայն Իտալիան, այլև Ավստրան և մի քանի աֆրիկյան հավաքականներ` այդ թվում Կամերունը: Այս պատճառով «Պուման» շտապ պայմանագիր է կնքել Սենեգալի հետ: 2006-ին այս ընկերությունն ամենաշատ ներկայացուցիչներն ուներ Գերմանիայում` 12 հավաքական: Այս տարի նրա արտադրանքը կկրեն նաև Շվեյցարիայի և Ուրուգվայի հավաքականները: Ապրանքանիշը մարզաշապիկի վրա ցուցադրելը պարտադիր չէ, բայց 2006-ից սկսած` բոլորն անում են: Վերջին հավաքականը, որ ներկայացել է առանց մարզաշապիկի վրա տեխնիկական հովանավորի ապրանքանիշի, Ուրուգվայն էր 2002-ին: Իսկ Իտալիան 1982-ին դարձավ վերջին հավաքականը, որ աշխարհի չեմպիոն դարձավ առանց ապրանքանիշի մարզաշապիկով:

Առաջին Աշխարհի առաջնությունը, որտեղ մարզաշապիկների վրա սկսեցին ապրանքանիշեր հայտնվել 1974-ի Գերմանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունն էր: Մինչ այդ պաշտոնական համազգեստները հիմնականում մատակարարվում էին տեղական որևէ արտադրողի կողմից: Օրինակ` 1966-ին Անգլիայում բոլոր մարզաշապիկները պատրաստել էր «Ումբրոն»` պատմական բրենդը, որը Անգլիայի հավաքականի մարզաշապիկները կարում էր մինչև 1974 թվականը: Միայն ԽՍՀՄ հավաքականն էր մարզաշապիկը «տնից» բերում: 1974-ից մինչև հիմա «Ադիդասը» միայն երկու անգամ ամենաներկայացված բրենդը չի եղել: Առաջինը, ինչպես նշեցինք, 2006-ին էր, երբ հաղթեց «Պուման», իսկ երկրորդը` 2014-ին: Բրազիլիայում «Նայքը» 10 թիմ ուներ «Ադիդասի» 9-ի դիմաց, սակայն հաղթող հավաքական Գերմանիան կրում էր «Ադիդասի» արտադրանքը:

Ռուսաստան-2018-ին բրենդերի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ադիդասը», որը սպասարկում է 12 հավաքականի` Արգենտինա, Բելգիա, Կոլումբիա, Եգիպտոս, Գերմանիա, Իրան, Ճապոնիա, Մեքսիկա, Մարոկկո, Ռուսաստան, Իսպանիա և Շվեդիա: «Նայքի» սպասարկում է տասը հավաքականի` Ավստրալիա, Բրազիլիա, Խորվաթիա, Անգլիա, Ֆրանսիա, Նիգերիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սաուդյան Արաբիա և Հարվային Կորեա: «Պումայի» արտադրանքը կկրի երեք հավաքական` Սենեգալ, Շվեյցարիա և Ուրուգվայ: «Նյու Բալանսը» պայմանագիր ունի երկուսի հետ` Կոստա Ռիկա և Պանամա, «Ումբրոն»` ևս երկուսի` Պերու և Սերբիա, «Էրրեան»` Իսլանդիայի, «Հյումելը»` Դանիայի, իսկ «Ուլսպորտը»` Թունիս: