12.06.2018 10:02

Ելիզավետա Դանիելյանի առաջադրման ընթացակարգը անթույլատրելի է ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու համար

Ելիզավետա Դանիելյանի առաջադրման ընթացակարգը անթույլատրելի է ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու համար

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ. 

Մայիսի 24-ին   «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը հարցում էր ուղարկել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահին եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի մայիսի 18-ի ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստի ընթացքում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի ընդունման, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացի վերաբերյալ:

Նույնաբովանդակ հարցադրումներ են ուղարկվել հիշյալ գործընթացին՝ որպես թեկնածուներ մասնակցած դատավորներ Ելիզավետա Դանիելյանին և Արման Դիլանյանին, որոնք արձագանքելով հարցմանը՝ տրամադրել են իրենց ինքնակենսագրականներն ու թեկնածուի ընտրության գործընթացի  վերաբերյալ տեղեկատվություն:

Չնայած այն փաստին, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ՀՀ դատական դեպարտամենտին էր տրամադրել իր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի վերջինս հարցման պատասխանը հնարավորինս օպերատիվ փոխանցի կազմակերպությանը, այնուամենայնիվ պատասխանը  կազմակերպությանը հասանելի է դարձել միայն  հունիսի 11-ին փոստային առաքման միջոցով: :

ՀՀ դատական դեպարտամենտի պատասխանի համաձայն՝ ապրիլի 19 -ին ՀՀ վճռաբեկ դատարանն ստացել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ապրիլի 18-ի թիվ ՍԴՆ-14 գրությունը, որով տեղեկացվել է, որ հունիսի 16-ին պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով և օրենքի ուժով դադարելու է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վոլոդյա Համբարձումի Հովհաննիսյանի լիազորությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Ե. Խունդկարյանի մայիսի 15-ի. թիվ 33-Ա հրամանի համաձայն` մայիսի 18-ին, ժամը 16:30-ին հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով (այսուհետ` Ընդհանուր ժողով), որի մասին ՀՀ բոլոր դատավորները ծանուցվել են էլեկտրոնային փոստի միջոցով` ստանալով վերոհիշյալ հրամանը եւ կից օրակարգը։

Ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրված է եղել երկու հարց՝

1. «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» Ընդհանուր ժողովի որոշման նախագծի քննարկում եւ ընդունում.

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի ընտրություն եւ առաջադրում:

Մայիսի 16-ի թիվ ՎԴ-Ե-3445 գրությամբ շրջաբերական է ուղարկվել ՀՀ բոլոր դատարանների նախագահներին՝ առաջարկելով ընտրությանը մասնակցելու նպատակով ներկայացնել ինքնաառաջադրված կամ այլ դատավորի կողմից առաջադրված դատավորի(ների) թեկնածություն(ներ)։

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Ս.Ավետիսյանի կողմից առաջադրվել է նույն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը, իսկ ՀՀ վարչական դատարանի նախագահ Ա.Դարբինյանի, նույն դատարանի դատավորներ Լ.Հակոբյանի, Ա.Ղազարյանի, Ա.Միրզոյանի, Կ.Զարիկյանի եւ Գ.Առաքելյանի կողմից՝ նույն դատարանի դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունը։

Թեկնածուներ Ե.Դանիելյանը եւ Ա.Դիլանյանը ներկայացրել են ինքնակենսագրական տվյալներ, որոնց իսկությունը մինչեւ Ընդհանուր ժողովն ստուգվել է ՀՀ դատական դեպարտամենտի կողմից` վերջիններիս անձնական գործերն ուսումնասիրելու միջոցով։

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն անց է կացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի եւ Ընդհանուր ժողովի մայիսի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման կարգավորումներով:

Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորների թիվը մայիսի 18-ի դրությամբ կազմել է 227, որից 3 դատավորի լիազորություններ կասեցված են: Ընդհանուր ժողովին մասնակցել է 175 դատավոր:

Գաղտնի քվեարկությամբ անցկացված ընտրության արդյունքում հաշվիչ հանձնաժողովն ամփոփել եւ հրապարակել է ընտրության արդյունքները։ Մասնավորապես՝ քվեատուփում առկա է եղել 175 քվեաթերթիկ, որոնցով ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Ելիզավետա Դանիելյան - 88 կողմ, Արման Դիլանյան - 87 կողմ, անվավեր–0:

Մայիսի 21-ի թիվ ՎԴ-Ե-3582 գրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար ՀՀ ազգային ժողովի նախագահին է առաջարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը։

 

Ելիզավետա Դանիելյանի և Արման Դիլանյանի և Դատական դեպարտամենտի տրամադրած պատասխանների անհամապատասխանությունները

Դատավոր Արման Դիլանյանը հայտնում է, որ Դատավորների ընդհանուր ժողովին, բացի այլ դատավորների կողմից իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ գրավոր համաձայնությունից, այլ փաստաթուղթ չի ներկայացրել, քանի որ դատավորի անձնական գործը մշտապես պահվում է դատական դեպարտամենտում և պարբերաբար համալրվում:

Բացի վերոգրյալից, դատավոր Արման Դիլանյանի կոմից ԻԵՄ-ի հարցմանն ի պատասխան տրամադրված կենսագրական տվյալները տարբերվում են մայիսի 18-ի դատավորների ընդհանուր ժողովի հրապարակված տվյալներից, քանի որ դրանցում առկա չեն թեկնածուի ակադեմիական աշխատանքները:

Դատավոր Ելիզավետա Դանիելյանը, մեր հարցմանն ի պատասխան, ներկայացրել է այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են Ազգային ժողով, սակայն որևէ անդրադարձ չի կատարել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից իրականացված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգին։ Փոխարենը՝ հունիսի 1-ին ստորագրված պատասխան նամակով հույս է հայտնել, որ դիտորդական առաքելություն իրականացնող «ԻԵՄ»-ն իր բոլոր հարցերի պատասխանը կստանա դատական դեպարտամենտին կատարված հարցմանն ի պատասխան ներկայացված նյութերի ուսումնասիրությունից: Բացի դրանից,  դատավոր Ելիզավետա Դանիելյանն, ի տարբերություն դատավոր Արման Դիլանյանի, տեղյակ է եղել նաև, որ ՀՀ վճռաբեկ դատարանն ստացել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գրությունն առ այն, որ հունիսի 16-ին պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով օրենքի ուժով դադարելու են ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վոլոդյա Համբարձումի Հովհաննիսյանի լիազորությունները:

Մայիսի 24-ի  «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ՀՀ ԲԴԽ նախագահին եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին ուղարկված պատասխանը  թվագրված է 04.06.2018թ., ինչը վկայում է այն մասին, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գրության և դրան նախատեսվող պատասխանի գոյության մասին Ելիզավետա Դանիելյանը կարող էր տեղյակ լինել միայն ստվերային հաղորդակցության արդյունքում, ինչն էլ իր հերթին կասկածներ է առաջացնում Ելիզավետա Դանիելյանի նկատմամբ հովանավորչության և պարոն Արման Դիլանյանի համեմատ ունեցած անհավասար՝ արտոնյալ  դիրքի մասին:

 

Եզրահանգում

Ակնհայտ է, որ հիշյալ գործընթացը ոչ միայն չի համապատասխանում հավասարության, արդարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքներին, այլև Ելիզավետա Դանիելյանի առաջադրման ընթացակարգը պարզապես  անթույլատրելի է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրելու համար:

Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ փաստորեն դեռևս ապրիլի  19-ին ստացած ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի ապրիլի 18-ի գրության մասին դատավորները տեղեկացվել են միայն մայիսի 15-ին: Երկրորդ լրջագույն մտահոգությունն այն է, որ մայիսի 18-ին Ընդհանուր ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի նախագիծը, որով իրականացվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը, դատավորներին ուղարկվել է միայն   մայիսի 16-ին, ինչը վկայում է այն մասին, որ դատավորներին չի ընձեռվել  քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու իրական հնարավորություն:

Եվ վերջապես երրորդ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն, որպես այդպիսին, չի իրականացվել, քանի որ չեն պահպանվել ընտրության անհրաժեշտ և բավարար նախադրյալները:

Ըստ Դատական դեպարտամենտի՝ թեկնածուները ներկայացրել են իրենց ինքնակենսագրականները, որոնք քվեարկությանը մասնակցող դատավորներին նախապես տրամադրելու մասին որևէ տեղեկություն առկա չէ: Հարցուպատասխան առաջադրված թեկնածուների հետ անցկացնելու վերաբերյալ որևէ տեղեկություն ևս առկա չէ: Այստեղից հետևում է, որ ըստ էության, չի իրականացվել թեկնածուների՝ Սահմանադրական դատարանի դատավորի՝ բարձր պաշտոնին մասնագիտական և անձնական հատկանիշների համապատասխանության ստուգում:

Հիշյալ հանգամանքներն ակնհայտ են դարձնում, որ չեն ապահովվել դատավորների կամքի ազատ ձևավորման համար անհրաժեշտ և բավարար պայմաններն ու ընթացակարգը: Ավելին՝ թեկնածուների քվեարկության հիմնական և միակ որոշիչ հանգամանքը եղել է քվեարկությանը մասնակցած դատավորների անձնական համակրանքը, որը ոչ միայն անբավարար, այլև վտանգավոր չափանիշ է ի վնաս ինչպես դատավորների ընդհանուր ժողովի, այնպես էլ՝ առաջադրված թեկնածուի և Սահմանադրական դատարանի հեղինակությանը:

 

Իրավունքի Եվրոպա միավորում, ՀԿ