12.06.2018 12:28

Բակո Սահակյան. 2020-ին նախագահի թեկնածու չեմ առաջադրվելու

Բակո Սահակյան. 2020-ին նախագահի թեկնածու չեմ առաջադրվելու

«Տեղի ունեցածը պահանջում է լուրջ եւ բազմակողմանի վերլուծություն: Դա ահազանգ է հանրությանը մտահոգող եւ լուծում պահանջող տարաբնույթ հարցերի մասին: Հետեւություններն անվերապահորեն արվել եւ արվելու են: …Լուծումը կլինի մեր այսօրվա եւ հետագա աշխատանքների օրակարգում, մենք հետեւողականորեն անդրադառնալու ենք այդ հարցերին»:

Արցախի  եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների հետ զրույցում նման հայտարարություն է արել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ հավելելով. «…Բայց այս խնդիրների լուծման հիմքում պետք է լինի կառուցողական մոտեցում: Մենք չպետք է թույլ տանք շահարկումներ, որոնք ենթադրում են քանդել եղածը, այլ ոչ թե պահպանել ու ավելացնել կառուցածը: Ասածիս վառ ապացույցն է, որ հենց նման կառուցողական ճանապարհով են գնում շատ ու շատ պետություններ, եւ առաջին հերթին՝ առաջադեմ ու քաղաքակիրթ երկրները, որոնք ընտրել են կայուն, անցնցում եւ շարունակական զարգացման ուղին»:

Նա նշել է, որ Արցախի իշխանությունները անպայման ձեռնարկելու են համապատասխան միջոցներ՝ միայն ու միայն այն տրամաբանությամբ, որի հիմքում ընկած կլինի «աշխատանքների բարելավման կամքը եւ այնպիսի կադրերի ընտրությունն ու նշանակումը, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը՝ որպես համապատասխան մասնագիտական ու բարոյական ունակություններով օժտված անձնավորություններ, եւ բարձր պատասխանատվությամբ ու արդյունավետորեն իրականացնում են իրենց գործառույթները»:

Սահակյանը անդրադարձել է նաեւ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններ եւ հայտարարել, թե չի պատրաստվում առաջադրվել երրորդ ժամկետում:

«Ինչպես գիտեք, 2017 թվականին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաեւ օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:

2020 թվականին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ: 

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ: Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից: 

Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող Նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի եւ նախագահի, եւ խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»,- ասել է Սահակյանը: