12.06.2018 13:35

Ինչպես կգործի պարտադիր կուտակայինը

Ինչպես կգործի պարտադիր կուտակայինը

Կառավարության արտահերթ նիստում գործադիրը երեկ հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Նշվում է, որ համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է: Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Անդրադառնալով այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա դրությամբ արդեն իսկ այդ համակարգում ընդգրկված է պոտենցիալ մոտ 280.000 շահառու, ավելի քան 200.000 քաղաքացի և օրենքն ընդունված է, արդեն ուժի մեջ է (հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում այն կարգավորումը, ըստ որի՝ 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է ներգրավվեն այս համակարգում):

«Եթե մենք որևէ գործողություն չձեռնարկեինք՝ այդ օրենքն ամբողջությամբ, ամբողջ ծավալով պետք է հուլիսի 1-ից մտներ ուժի մեջ: Հիմա հաշվի առնելով հանգամանքները, մենք ունենք մի քանի ընտրություն:

1.Ընդհանրապես չեղյալ անել այս համակարգը: Մենք հասկացանք, որ չենք կարող գնալ նման իրավիճակի, ինչու.
ա) որովհետև այսօր արդեն շուրջ 120 մլրդ դրամ ներգրավված է, կառավարիչների կողմից տեղաբաշխված է տարբեր տեղերում՝ 70 տոկոսը Հայաստանում: Չեղյալ անելու դեպքում մենք կունենանք 2 նեգատիվ էֆեկտ՝ 1.այդքան գումար տնտեսությունից դուրս կգար, 2. այսօրվա մեր կառավարիչները տնտեսական գործունեության մեջ ունեն հսկայական հեղինակություն ամբողջ աշխարհում և շատ դժվար կլիներ փաստացի կասեցնել տնտեսական հսկաների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, հետո՝ մարդկանց համոզել, ասել՝ գիտեք ինչ, երկիրը փոխվել է, եկեք ներդրումներ կատարեք, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա: Իհարկե այս ազդեցությունը շատ նեգատիվ կլիներ:
Հաջորդ լուծումը հետևյալն էր. Այս կարգավորումը հետաձգել որոշ ժամանակով:

Թվում է, թե շատ հեշտ և պարզ լուծում էր, բայց այստեղ առաջանում էր հետևյալ խնդիրը՝ այն 200 հազար քաղաքացիները, ովքեր արդեն ներգրավված են համակարգում, նրանք շատ պարզ հարց էին դնում, ասում էին՝ արդեն 2014 թ. մենք վճարում ենք և հանկարծ մեր սիրելի համաքաղաքացիների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում, մեր նկատմամբ՝ այլ: Այսինքն, հետաձգման պարագայում նրանք շարունակելու էին վճարել, իսկ 80 հազար մեր հայրենակիցները շարունակելու էին չվճարել, այստեղ խնդիր էր առաջանալու, 200 հազարի նկատմամբ անարդարություն էր տեղի ունենալու:
Նախկինում կուտակայինի 10 տոկոսից 5 տոկոսը վճարում էր պետությունը, 5 տոկոսը՝ շահառուն: Հիմա առաջարկվում է բոլորի համար, առանց բացառության, փոխել այս համամասնությունը, և 7.5 տոկոսը վճարի պետությունը, 2.5 տոկոսը՝ քաղաքացին: Այս կարգավորման արդյունքում այն 200 հազար քաղաքացիները, ովքեր մինչև այս պահը վճարել են, 2018թ. հուլիսի 1-ից կզգան բեռի թեթևացում, միջին հաշվարկով յուրաքանչյուրը 5 հազար դրամ ավելի պակաս կվճարի, քան վճարում էր նախկինում: Այսինքն, մենք 207 հազար քաղաքացու աշխատավարձը փաստացի 5.000 դրամով բարձրացնում ենք: Իսկ համակարգ նոր մտնող 80 հազար քաղաքացիները կզգան այդ պոտենցիալ բեռի կեսը միայն, որը իհարկե ցավոտ լուծում է, բայց ինչքան քննարկեցինք, այս բոլոր լուծումներից ամենապակաս ցավոտն այս լուծումն էր: Ի վերջո եկեք չմոռանանք՝ այս գումարները քաղաքացիները վճարում են իրենք իրենց, այսինքն սեփականության իրավունքը, ըստ էության, չեն կորցնում: Սա ժամանակավոր կարգավորում է և մենք այս կարգավորմամբ նաև ստանձնում ենք մեկ այլ պարտավորություն, որը հետևյալն է. եթե մենք փոփոխություններ կատարենք եկամտահարկի դրույքաչափի մեջ, այդ փոփոխությունների արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ ստատուս քվոն պահպանվի: Այսինքն, որևէ բեռի ավելացում հետագայում չի լինելու, պարզապես այն, ինչ հիմա վճարվում է կուտակային վճարի մասով, եկամտահարկը կիջնի, կուտակային վճարը նորից կգա նախկին չափի, այսինքն՝ 5/5 համամասնությունը կպահպանվի, բայց քաղաքացին դրամական առումով ոչ մի փոփոխություն չի զգա, եթե զգա, այդ փոփոխությունը նկատելիորեն շոշափելի չի լինի:
Սա շատ նուրբ հարց է և հույս ունեմ քաղաքացիները, մեր հայերնակիցներն ըմբռնումով կմոտենան այս մոտեցմանը»,- ասել է Փաշինյանը: