12.06.2018 14:49

Աբեն պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Կիմ Չեն Ինի հետ

Աբեն պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Կիմ Չեն Ինի հետ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն վճռական է տրամադրված՝ ուղիղ բանակցություններ վարելու ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ՝ իր առևանգված քաղաքացիների խնդիրը լուծելու համար: Այդ մասին այսօր Տոկիոյում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Ճապոնիան մտադիր է այդ թեման քննարկել անմիջականորեն Հյուսիսային Կորեայի հետ: Վարչապետ Աբեն վճռական է տրամադրված բանակցելու ԿԺԴՀ առաջնորդի հետ, այդ հարցում որևէ փոփոխություն չկա»,- ասել է նա՝ մեկնաբանելով Սինգապուրում Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման արդյունքները: Սուգան նաև հավելել է, որ առևանգված քաղաքացիների խնդիրը Ճապոնիայի համար առաջնահերթ նշանակություն ունի:

ԿԺԴՀ հետախուզական ծառայությունների կողմից առևանգված ճապոնացիների թեման  պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ չպահպանող երկու երկրների հարաբերություններում ամենացավոտներից է: 2002 թ. Փհենյանն առաջին անգամ խոստովանել է Ճապոնիայի ընդամենը 13 քաղաքացիների առևանգման փաստը և նրանցից հինգին թույլ է տվել վերադառնալ հայրենիք: Մյուսները հայտարարվել են մահացած, և  հարազատներին են ուղարկել նրանց աճյունները, որոնց իսկությունը հաստատել չի հաջողվել:

Փոխանցում է tass.ru-ն: