13.06.2018 20:11

Սկանդալային իրադարձություններ Իսպանիայի հավաքականում ԱԱ-2018-ի մեկնարկից մեկ օր առաջ

Սկանդալային իրադարձություններ Իսպանիայի հավաքականում ԱԱ-2018-ի մեկնարկից մեկ օր առաջ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտնել է, որ ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին, որը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Մադրիդի «Ռեալը», պաշտոնանկ է արվել։

«Շնորհակալ ենք Խուլյենին։ Նաև նրա շնորհիվ է, որ մենք այժմ Ռուսաստանում ենք։ Բայց մենք ստիպված ենք նրան պաշտոնանկ անել։ Սա հստակ ազդանշան է ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին․ գոյություն ունեն վարքագծի մշակված կանոններ, որոնց պետք է հետևել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լուիս Ռուբիալեսը։

Պատճառը Լոպետեգիի՝ 3 շաբաթ առաջ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքած նոր պայմանագիրն է: Հավելենք, որ մարզիչն ազգային թիմը պետք է մարզեր մինչև 2020 թվականը։

Հայտնիէ դարձել նաև, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը կլինի Ֆերնանդո Իերոն, որը մինչ այս զբաղեցնում էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրենի պաշտոնը։

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպանը 2016-ից 2017 թվականներին գլխավորել է իսպանական «Ռեալ Օվեդոն»։

Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբում անակնկալ փոփոխություններից հետո թիմի ավագ Սերխիո Ռամոսը ոգեշնչող գրառում է արել Թվիթերում։

«Մենք Իսպանիայի հավաքականն ենք, ներկայացնում ենք երկիր, զինանշան եւ դրոշ։ Մենք կրում ենք պատասխանատվություն եւ հավատարիմ ենք ձեզ։ Երեկ, այսօր եւ վաղը մենք կլինենք միասին»,– գրել է իսպանացի պաշտպանը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Խուլյեն Լոպետեգեի նշանակումից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց նրան հեռացնել ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Լոպետեգիին փոխարինեց Ֆերնանդո Իերոն։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Մարոկկոն եւ Իրանը։