13.06.2018 21:05

Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել՝ իր այդ քայլը բացատրելով իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած տարաձայնություններով:

«Կարծում եմ՝ եկել է այն պահը, երբ իշխող կուսակցության առաջնորդը պետք է նոր կաբինետ ձևավորելու հնարավորություն ունենա», - ասել է Կվիրիկաշվիլին:

Թբիլիսիում մայիսի վերջից չեն դադարում ցույցերն ու հանրահավաքները՝ անցյալ տարեվերջին անչափահասների սպանության գործով արդար հետաքննության պահանջով: Ցուցարարները՝ սպանվածների հարազատներ, իրավապաշտպաններ, տարբեր ընդդիմադիր կուսակցություններ, պահանջում էին պատժել մեղավորներին, ինչպես նաև՝ վարչապետի հրաժարականը: Ցույցերի արդյունքում արդեն հրաժարական էր տվել գլխավոր դատախազը:

50-ամյա Կվիրիկաշվիլին, որը համարվում էր Իվանիշվիլիի դրածոն, վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2015 թվականից:  Վարչապետի հրաժարականը, երկրի սահմանադրության համաձայն, նշանակում է ողջ կառավարության հրաժարական: Իշխող կուսակցությունը յոթ օրվա ընթացքում երկրի նախագահին պետք է ներկայացնի կառավարության նոր կազմը: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նույնպես յոթ օրվա ընթացքում պետք է կառավարության նոր կազմը հաստատման ներկայացնի երկրի խորհրդարանին:

Փոխանցում է BBC-ն: