20.06.2018 13:28

«Չելսին» 9,5 միլիոն ֆունտ կվճարի Կոնտեին և նրա օգնականներին

«Չելսին» 9,5 միլիոն ֆունտ կվճարի Կոնտեին և նրա օգնականներին

«Չելսին» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և նրա օգնականների հետ համաձայնեցրել է պայմանագրի վաղաժամ դադարեցման հարցի հետ կապված մանրամասները։ «Սթեմֆորդ Բրիջում» երկու տարվա ընթացքում Կոնտեն հաղթել է Պրեմիեր լիգայում և նվաճել Անգլիայի գավաթը, սակայն նրա հարաբերություններն առանձին խաղացողների և ակումբի ղեկավարության հետ վերջնականապես վատացել էին, ինչի հետևանքով անհնար էր շարունակել համագործակցությունը։ Ընդ որում Կոնտեն հրաժարվել էր կամավոր հեռանալ պաշտոնից:

Այս իրավիճակում Կապույտներն այլ տարբերակ չունեին, քան վճարել փոխհատուցումը Կոնտեին ու նրա օգնականներին։ Daily Mail-ի տեղեկություններով 48-ամյա իտալացին և նրա շտաբը 9,5 միլիոն ֆունտի փոխհատուցում կստանան։ Սպասվում է, որ շաբաթվա վերջում մարզիչների հետ կապված իրավիճակը կհանգուցալուծվի, իսկ Անտոնիո Կոնտեին կփոխարինի Մաուրիցիո Սարիին, որի օգնականը կլինի Ջանֆրանկո Ձոլան։