29.06.2018 19:24

Արցախի ՄԻՊ. Հանրությունը պետք է «զրո հանդուրժողականություն» դրսևորի նման դեպքերի հանդեպ

Արցախի ՄԻՊ. Հանրությունը պետք է «զրո հանդուրժողականություն» դրսևորի նման դեպքերի հանդեպ

Երեկ ԼՂՀ ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել: ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը խորհրդարանի ամբիոնից խոսել է Բակո Սահակյանի հրաժարականի մասին: Ելույթի ավարտին տեղից անմիջապես արձագանքել է ԼՂՀ ԱԺ նախագահի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր, «Արցախի հերոս» կոչում ունեցող Ժաննա Գալստյանն ու հայհոյանքներ ուղղել նրան: Խանումյանն էլ ի պատասխան հայհոյել է Գալստյանին: Փոխադարձ այս հայհոյանքների ֆոնին աչքի է ընկել այն, որ Գալստյանը, ծնունդով իջեւանցի Հայկ Խանումյանին հայհոյելուց բացի, նրան անվանել է նաեւ «գյալմա»՝ եկվոր: Տեղի ունեցածը բուռն արձագանք է գտել համացանցում:

Այս ամենի շուրջ iLur.am-ը զրուցել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ: 

-Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կարձագանքեք ԼՂՀ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած արդեն հայտնի միջադեպին: Մի կողմից բուն երեւույթը՝ խորհրդարանում հայհոյանքներ հնչեցնելը, մյուս կողմից էլ այն, որ պատգամավոր Ժաննա Գալստյանը ծնունդով իջեւանցի պատգամավորին անվանում է «գյալմա»՝ եկվոր:

-Ձեր հարցը բաժանեմ երկու մասի։ Նախ, միջադեպի մասին՝ ինքնին։ Նշեմ, որ միջադեպի ժամանակ դահլիճում չեմ եղել, թեև երեկ եղել եմ Ազգային ժողովում՝ հետաքրքրվելով «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքի քննարկմամբ։ Ուրախ եմ, որ օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց առանց «դեմ» ձայների։ Միջադեպը տեղի է ունեցել դրանից հետո։ Ես մշտապես հանդես եմ եկել միմյանց նկատմամբ հանդուրժողականության խրախուսման, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի դիրքերից։ Ուստի հստակ է, որ շատ բացասական եմ գնահատում միջադեպը։ Հիմա «գյալմայի» մասին։ Անկեղծ ասեմ, որ այդ բառի գոյության մասին իմացել եմ երեկ։ Ու իմ կարծիքով՝ դրա իմաստը պարզապես անձնական վիրավորանքը չէ, այլ շատ ավելին է։ Ես՝ ինձ հասու ու երբեմն էլ ոչ հասու միջոցներով անձնապես միշտ պայքարել եմ ներազգային պիտակավորման փաստերի դեմ և սկզբունքորեն անընդունելի եմ համարել, որ ինչ-որ քաղաքական նկատառումներ՝ թեկուզ տեսականորեն կարող են արդարացնել այդ պիտակավորման որևէ, թեկուզ ամենաանմեղ թվացող դրսևորում։ Նույնիսկ եթե պատգամավոր Ժաննա Գալստյանը ամենևին նկատի չի ունեցել նման պիտակավորումը, ապա այդ բառը, կարծեք թե, շատերի մոտ հենց նման կերպ է ընկալվել և վիրավորանքի զգացում առաջացրել։ Իսկ կարևորը հենց ընկալումն է։

-Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է հետեւեն տեղի ունեցանին:

-Արդեն Ազգային ժողովում ձևավորվել է առանձին ժամանակավոր հանձնաժողով։ Այդ քայլն արդեն կատարված է, և պետք է սպասել հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին։ Այնուհանդերձ, ես շատ ավելի կարևոր եմ համարում լայն առումով հանրային արձագանքը։ Հանրությունը պետք է «զրո հանդուրժողականություն» դրսևորի նման դեպքերի հանդեպ՝ ցանկացած ուղղությամբ։ Օրինակ, եթե Ձեզ, Քրիստինե, որևէ մեկը փորձի համանման ձևով պիտակավորել Երևանում, ապա իմ արձագանքը ճիշտ նույնը կլինի։ Ի դեպ, իմ անձնական կարծիքով, այժմ բուն խնդիրն ամենևին սուր չէ։ Դրա հատուկենտ դրսևորումներն ամենևին չունեն տարածում կամ ընկալում հանրության լայն շերտերում։ Եվ դա մեր բոլորի ձեռքբերումն է։ Բայց դա համարում եմ անբավարար։ Պետք է անգամ եզակի դեպքերը բացառվեն։

-Չե՞ք կարծում, որ «հայաստանցի-ղարաբաղցի» այդ՝ հայտնի սեպ խրող արտահայտության համար Ժաննա Գալստյանը պետք է ներողություն խնդրի եւ վայր դնի մանդատը:

-Կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որ միջադեպը որևէ տհաճ նստվածք չթողնի հանրային գիտակցության մեջ։

ուք տեղի ունեցածի կապակցությամբ որեւէ նախաձեռնություն արե՞լ եք:

-Այս պահի դրությամբ որևէ պաշտոնական ընթացակարգ չենք սկսել։ Բայց, իհարկե, հետևում ենք իրավիճակին, այդ թվում՝ հանրային արձագանքների մոնիթորինգի ձևով։ Հարկ եղած դեպքում կօգտվենք մեր օրենսդրական հնարավորություններից:

Քրիստինե Խանումյան