06.07.2018 15:55

Լիզա Ճաղարյան. Ամոթ բաժանելիս սրանք չալաղաջի հերթում են կանգնած եղել

Լիզա Ճաղարյան. Ամոթ բաժանելիս սրանք չալաղաջի հերթում են կանգնած եղել

Ասում է. «Հարկավոր է մի պահ կանգ առնել, տհաճ է»։

Կարճ է, բայց հետն էլ՝ ազդեցիկ։ Դեռ չգիտենք, թե ասողն ով է, ու խոսքն ինչի մասին է, բայց կանգ առնելու ցանկությունը ոնց որ թե նշմարվեց հորիզոնում, չէ՞, թանկագին հայրենակիցներ։

Իսկ հիմա լազուր հորիզոնին նայելով բացահայտենք, թե տհաճության զգացումից ծամածռված էս մարդն ո՛վ է, կանգ առնելու էս հորդորի մարդասեր հեղինակը ո՛ր կողմերից է։

Հիմա կասեմ։ Խոր շունչ քաշեք, սառը ջուր խմեք, որ հորիզոնի ջինջ կապույտը մի ակնթարթում չսեւանա ձեր ապշահար հայացքի առաջ։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է։ Նեղսրտած է էս պարոնը, բողոքում է լրագրողին (News.am), թե ինչու է նոր իշխանությունը իրար հետեւից հանցագործություններ բացահայտում, դեռ ավելին՝ փորձում է այդ բոլոր բացահայտումները կապել Հանրապետական կուսակցության հետ։ Միով բանիվ՝ Բաղդասարյանի «արդար» աչքը «իշխանության գործողություններում խտրականություն» է նկատել։

Ողջ ՀՀԿ-ական վերնախավի նման՝ Բաղդասարյան Վահրամն էլ է շատ բարի մարդ։ Բավարարվել է միայն նոր իշխանության դեմ տրտունջով։ «Չի նկատում», որ հասարակությունն էլ է բոլոր բացահայտվող ու դեռեւս չբացահայտված հանցագործությունները կապում հատկապես եւ միմիա՛յն Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի հետ։ Մինչ թանկագին հայրենակիցները կտարակուսեն, թե՝ բա ու՞մ հետ, ինչի՞ հետ կապենք, էս նեղսրտածը շարունակում է. «Մինչդեռ իրականում այդ ստուգումներն աղերս չունեն ՀՀԿ-ի հետ»։

Չէ, սա էն դեպքն է, որ էս կարգի արարածներին «շատ քաղցր» հայհոյանքներ հղելու թանկագին հայրենակիցների ցանկության ճանապարհը ոչ խոր շունչ քաշելն է ի զորու փակել, ոչ էլ՝ շա՛տ սառը ջուրը։

Քսան տարի անընդմեջ Հայաստանում հաստատված սահմռկեցնող բեսպրեդելի հետ, պարզվում է, «աղերս չունեն» տարիներ առաջ Քոչարյան Ռոբերտին անմռունչ ծառայող, հետագայում Սարգսյան Սերժիկի անփոխարինելիությունը թմբկահարող հանրապետականները։ Փաստորեն, իշխող կուսակցության «ինտելեկտուալ» վերնախավը «փրկության օղակ» է գտել ամեն օր ու ամեն ժամ հասարակությանը մատուցվող սարսափ-ֆիլմ հիշեցնող հանցագործությունների տակից «պատվով» դուրս գալու համար։ Այդ փրկության օղակի անունը նույնն է՝ քսան տարի բոլորիս քաջածանոթ անամոթ ամբարտավանություն, ավելի պարզ՝ լկտիություն։

Այսչափ խայտառակվելուց հետո անգամ՝ սրանց կյանքում բան չի փոխվել։ Ամբարտավան ու լպիրշ էին, երբ իշխանություն էին, որովհետեւ վստահ էին, որ վերջնականապես ջարդել են ժողովրդի ողնաշարը, իրենց դեմ «խաղ չկա», եւ քանի դեռ իրենց «անփոխարինելին» կա՝ «խիարը թարս է բուսնելու»։ Ամբարտավան ու լպիրշ են նաեւ հիմա, երբ զրկված են իշխանությունից, եւ մի-երկու ամսվա ընթացքում բացահայտված մի քանի հանցագործություններից արդե՛ն իսկ հասարակությունը կարկամած է։

...Իսկ թե դեռ քանի-քանի պեծպեծին տվող դռներ են բախելու ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն, եւ դեռ քանի-քանի թալանչու ու մարդասպանի է «մոտիկից» տեսնելու Հայաստանի ապշահարված քաղաքացին, «միամիտ» ու «բանից անտեղյակ» Բաղդասարյան Վահրամը մեզանից լավ գիտի, դրա համար է տհաճության զգացումից ծամածռվել, ու ինքն էլ չի գիտակցում, թե ինչ է ճամարտակում։

Սա դեռ ամենը չէ։ «Մենք ավելի լուրջ գործեր ունենք անելու», - ասում է այս նույն պարոնը։

Փաստորեն մինչեւ հիմա չի հասկացել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, որ ինքն ու իր կարկառուն կուսակիցներն այսուհետ միայն մեկ «լուրջ գործ» ունեն անելու։ Եվ այդ «լուրջ գործի» անունն է՝ ամոթից համրանալ։

Համրանալ ու երազել, որ իրավապահ մարմինները հանցագործությունների առատությունից մոլորված՝ իրենց դռներն աչքաթող անեն։

Որովհետեւ ով-ով՝ Հայաստանի շարքային քաղաքացին վստահ է՝ ՀՀԿ վերնախավից եւ նրանց թեւերի տակ ծլվլացող մանկլավիկներից ցանկացածի դուռն էլ բախեն իրավապահները, անկասկած՝ «յուղը վրան» առնվազն մեկ հանցագործ կհանեն այդ տնից։