09.07.2018 14:44

Նիկոլ Փաշինյանի բանտից գրած հոդվածը կոռուպցիայի մասին

Նիկոլ Փաշինյանի բանտից գրած հոդվածը կոռուպցիայի մասին

Կոռուպցիայի դեմ Հայաստանի նոր իշխանության նախաձեռնած լայնածավալ պայքարի առիթով նպատակահարմար ենք համարում վերահրատարակել Նիկոլ Փաշինյանի բանտից գրած հոդվածը` տպագրված «Հայկական ժամանակ» օրաթերթի 2011 թ. մարտի 10-ի համարում:

Ընդունիր, եթե կարող ես…

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2011թ. մարտիմեկյան հայտարարության կետերից առնվազն մեկը ՀՀ իշխանությունները պետք է, որ ընդունեին մեծ ոգեւորությամբ: «Հայլուրն» ու ՀՀԿ-ի Գեւորիկը ամեն օր պետք է անդրադառնային այդ թեմային, ողջունեին, պահանջեին օր առաջ, ժամ առաջ սկսել գործընթացը: Բայց` հիացական բացականչություններ, ոգեւորված հրմշտոց ինչ-որ նկատելի չէ: Եւ հասկանալի է, թե ինչու: Իսկ ասելիքս առաջին նախագահի հայտարարության այն կետի մասին է, որով առաջարկվում է, որ Երրորդ հանրապետությունում երբեւէ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից` ունեցվածքի հայտարարագիր ներկայացնեն հանրությանը: Տեր-Պետրոսյանի առաջարկի տրամաբանությամբ` նման հայտարարագրեր պետք է ներկայացնեն ընդհուպ մինչեւ նախկին եւ գործող միլպետները: Ինչո՞ւ ուրեմն` իշխանությունները ծափ չեն զարկում այդ առաջարկի կապակցությամբ: Չէ՞ որ երբ Տեր-Պետրոսյանը գործող վարչակազմը անվանում է ավազակապետություն, ՀՀԿ-ի Գեւորիկը եւ իր շեֆերը ընդվզում են` ինչպե՞ս կարելի է, եւ հակադարձում` թալանը սկսվել է Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Խնդիր չկա. այսօրվա Հայաստանի Հանրապետությունը` իր ամբողջության մեջ, սկսվել է Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Բայց, ի վերջո, մի հատ չհասկանա՞նք` ով ինչ եւ որքան է թալանել Հայաստանի Հանրապետության գոյության տարիներին: Բա մի հատ չհամեմատե՞նք Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ունեցվածքը, Դավիթ Տեր-Պետրոսյանի, Սեդրակ Քոչարյանի, Միշիկ Սարգսյանի ունեցվածքը: Հրանտ Բագրատյանի, Տարոն Մարգարյանի, Տիգրան Սարգսյանի ունեցվածքը: Եկեք իսկապես անենք դա եւ ի վերջո պարզաբանենք` ով է ավազակ, ով է ավազակապետ եւ ով` բարեխիղճ եւ ոչ պոպուլյար կենսական որոշումներ կայացնելու ընդունակ պաշտոնյա: Գործող իշխանությունները նման համեմատության հաստատ չեն գնա, որովհետեւ նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին թալանով զբաղվողները այսօր իշխանության ամենա-ամենա-ամենա վերին օղակներում են, եւ էդ թալանը անարգել շարունակելու անհրաժեշտությունն էր, որ առաջ բերեց 1998 թվականի հեղաշրջումը: Տեր-Պետրոսյանը խոչընդոտ էր այդ թալանի ճանապարհին, եւ հեղաշրջումը պետք է չեզոքացներ այդ խոչընդոտը: Թերեւս այսօր Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր այս տեսակետը չեն կիսում: Բայց` հարգելիներս, այս թեմայով վիճելու, իրար համոզելու, բացատրելու կարիքը չկա: Ոմանք թալանչի են համարում այս իշխանությանը, ոմանք թալանչի են համարում այն իշխանությանը, ոմանք թալանչի են համարում եւ այս, եւ այն իշխանությանը: Իսկ ճշմարտությունը ուզում են իմանալ գրեթե բոլորը, բոլորը` բացի թալանչիներից: Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերը հիշատակված առաջարկը հենց այդ բոլորին պիտի միավորի, եւ նույնիսկ հակակոնգրեսականները պետք է դուրս գան հրապարակ եւ հանրության համար պահանջեն Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցածը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ունեցածի հետ, Դավիթ Տեր-Պետրոսյանի ունեցածը Սեդրակ Քոչարյանի եւ Միշիկ Սարգսյանի ունեցածի հետ համեմատելու հնարավորություն: Այս համեմատությունը ոմանց կփրկի Հաագայի դատարանից եւ հնարավորություն կտա դատվել հաշվառման վայրի դատարանում` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Մացոն` հաջորդիվ:

«Արթիկ» ՔԿՀ մենախուց