10.07.2018 11:34

Մարտի 1-ը պարտակելու համար պետք է պատասխան տան նաեւ Ս. Նիկոյանը, նրա «հանձնաժողովը», ԱԺ պատգամավորները…

Մարտի 1-ը պարտակելու համար պետք է պատասխան տան նաեւ Ս. Նիկոյանը, նրա «հանձնաժողովը», ԱԺ պատգամավորները…

2008թ. նախագահական ընտրությունների եւ Մարտի 1-ի ոճրագործության առիթով ՀՔԾ քննչական խմբի ղեկավարի՝ ս/թ հուլիսի 3-ին հարուցած քրեական գործով, հակառակ նախկինում հարուցված քրեական գործերի, մեղադրանք է առաջադրվել այդ ժամանակ իշխող քոչարյանասերժական վարչախմբին՝ սահմանադրական կարգի բռնի տապալման եւ իշխանության յուրացման ծանր մեղադրանքով։ Այն կապ չունի նոր հանգամանքների ու փաստերի ի հայտ գալու հետ։ Դրանք ավելի քան բավարար չափով ձեռք բերված, բացահայտված էին եւ կային վաղուց՝ 2008 թվականից ի վեր։ Պարզապես մինչեւ հիմա փաստերն ու փաստաթղթերն անտեսվել, իրողությունները՝ կեղծվել, հանցանքը պարտակվել էր։ Պաշտոնական այս փաստաթղթով վերջնականապես ի չիք է դառնում ավազակապետական վարչախմբի՝ հիշյալ իրադարձությունների առիթով առաջ քաշած, դեռեւս ֆորմալ գոյատեւող վարկածը, եւ հաստատվում են, որպես անվիճելի իրողություն` միակն են դառնում ժամանակի ընդդիմության՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժման, Հայ ազգային կոնգրեսի կողմից 2008 թվականից ի վեր արվող արձանագրումներն ու պնդումները։

Նոր քրեական գործի հարուցումն, ի թիվս այլ խնդիրների, հիմք է՝ անդրադառնալու կատարված հանցագործության պարտակմանն ուղղված խայտառակ մի փաստաթղթի։

2008թ. հունիսի 6-ին ստեղծվեց «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով»՝ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ։ Այն բաղկացած էր 15 անդամներից, աշխատեց մինչեւ 2009թ. սեպտեմբերի 15-ը եւ երկնեց 140 էջանոց «Եզրակացություն 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի» վերնագրով փաստաթուղթը։

Այդ նույն՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում, Համաժողովրդական շարժմանը, այդ հիմքի վրա կազմավորված Հայ ազգային կոնգրեսին հաջողվեց բացահայտել ողջ իրականությունը, ինչի շնորհիվ գլխիվայր շուռ եկավ իշխանության՝ ընդդիմությանը ներկայացրած շինծու մեղադրանքների, այդ թվում՝ «իշխանության յուրացման» մեղադրանքի վարկածը։ Ձեռք բերվեցին կարեւորագույն փաստաթղթեր, հիմնավորվեցին վարչախմբի կողմից կատարված օրինախախտումները, արձանագրվեցին նախընտրական շրջանից սկսած՝Սահմանադրության եւ օրենքների կոպտագույն ոտնահարումները, բռնությունների գործադրմամբ ընտրությունները կեղծելու փաստը, բացահայտվեցին մարտի 1-ին մեքենաների հրկիզումների, խանութների թալանի՝ իշխանության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները։ Փաստահավաք խմբի զեկույցներն, իրենց հերթին, մանրամասնեցին առանձին կարեւոր հարցեր՝ ներքաղաքական գործընթացներում բանակի օգտագործման եւ արտակարգ դրություն հայտարարելու հակասահմանադրականության, մի քանի սպանությունների հանգամանքները։ Այլ խոսքով՝ ըստ էության ապացուցվեց, որ պետական հեղաշրջմամբ իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը կատարել էր հենց իշխող ռեժիմը՝ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի գլխավորությամբ։

Երկրի ներսում եւ միջազգային ասպարեզում օրըստօրե հնչեղություն ստացող եւ համոզմունք դարձող այս ամենը պետք էր պարտակել։ Ահա, անպատվաբեր ու հանցավոր այս գործն էր հանձնարարված Նիկոյանին ու նրա տխրահռչակ «հանձնաժողովին»։ Վերջինս կատարեց արգահատելի այդ աշխատանքը՝ իր վրա վերցնելով ծանրագույն հանցանքը եւ ոճրագործությունը պարտակողի հանցավոր դերը։

Ստորեւ՝ նույն իրողությունների մասին տրամագծորեն հակառակ մի քանի զուգահեռներ՝ մի կողմից՝ «Նիկոյանի հանձնաժողովի», մյուս կողմից՝ ՀՔԾ քննչական խմբի ղեկավարի կողմից մի քանի օր առաջ հարուցված քրեական գործի արձանագրումների.

Ա) Նիկոյանի հանձնաժողովի փաստաթուղթը, չխորշելով անհեթեթ լինելուց եւ ցինիզմից, մեղադրում է ընդդիմությանը, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ նախընտրական քարոզարշավում «նախորդ տասնամյակում պետության ձեռքբերումներն անտեսելու», «իշխանության դեմ հակաքարոզչության», «գործող իշխանության բացասական կերպարի կերտման», «թշնամանքի եւ ատելության քարոզչության», «հասարակության բեւեռացման» մեջ։

Ըստ հարուցված նոր քրեական գործի՝ «Պարզվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից»:

Բ) Նիկոյանի հանձնաժողովի փաստաթուղթը Սերժ Սարգսյանին ճանաչում է «հաղթած թեկնածու», մեղադրում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա կողմնակիցներին՝ ընտրությունների հրապարակված «արդյունքները չճանաչելու» եւ Սերժ Սարգսյանի «համագործակցության կոչը մերժելու» համար։

Ըստ հարուցված նոր քրեական գործի՝ Սերժ Սարգսյանը չի ընտրվել. «Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները... առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը, և 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ»:

Գ) Նիկոյանի հանձնաժողովի փաստաթուղթն իր ամբողջության մեջ նպատակ ունի հիմնավորելու դեռ 2008թ. փետրվարի 23-ին Ռ. Քոչարյանի այն հայտարարությունը, որում խաղաղ հանրահավաքները որակվում էին որպես «իշխանությունը զավթելու ոչ լեգիտիմ փորձ»՝ խոստանալով, որ դրա պատասխանը կլինի «վճռական եւ կտրուկ»։ Զեկույցում, իհարկե, խոսք չկա այն մասին, որ Քոչարյանի այս հրահանգով հաջորդ իսկ օրը՝ փետրվարի 24-ին, ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանը գաղտնի քրեական գործ է հարուցել «Լեւոն Տեր‑Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» ամոթալիորեն անհեթեթ ու զավեշտալի ձեւակերպմամբ։ Ավելի ուշ  ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «իշխանության յուրացման» նույն մեղադրանքը հարուցվեց մի շարք քաղբանտարկյալների դեմ (ինչն այդպես էլ չկարողացավ ապացուցել որեւէ դատարան)։

Ըստ հարուցված նոր քրեական գործի՝ ճիշտ հակառակն է՝ իշխանության յուրացման մեղադրանքն ուղղված է իշխող վարչախմբին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. «Գործող իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ, որոնք արտահայտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ: ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է «հույժ գաղտնի» թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի (Ռ. Քոչարյանի, -  Ա.Ս.) կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»։

Դ) Նիկոյանի հանձնաժողովի փաստաթուղթը բնականոն է համարում Քոչարյանի կողմից արտակարգ (իրականում՝ ռազմական) դրություն հայտարերելը, բանակի օգտագործումը, ոստիկանական մյուս գործողությունները մարտի 1-2-ին, որոնց արդյունքում զոհվեցին 10 հոգի, եւ հարյուրավորներ վիրավորվեցին. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը. . .անհրաժեշտ քայլ էր, միակ ելքը ստեղծված վիճակից դուրս գալու համար»՝ անգամ համարելով, որ այն պետք է արվեր ավելի վաղ։ Իսկ Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով  առաջացած նյութական վնասի համար մեղադրում է խաղաղ ցուցարարներին։

Ըստ հարուցված նոր քրեական գործի՝ կրկին ճիշտ հակառակն է. «Փաստացի հաստատված ռազմական դրության պայմաններում, նույն օրը երեկոյան, Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ: Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել են 8 քաղաքացիական անձինք և ոստիկանության 2 ծառայող: Խաղաղ հավաքը ցրվել է: Էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին»:

***

Տեսնելով, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային ասպարեզում 2008թ. նախագահական ընտրությունների եւ Մարտի 1-ի մասին իշխող է դառնում իշխանականին հակառակ՝ Հայ ազգային կոնգրեսի՝ իրականությանը համապատասխանող վարկածը, իսկ ամբողջությամբ ստի ու կեղծիքի վրա հենվող «Նիկոյանի հանձնաժողովի» այս փաստաթուղթը դառնում է ոչ միայն ամենօրյա հարվածների թիրախ, այլ նաեւ ծաղրի առարկա, այն արագ հանվեց ԱԺ կայքից, ինչի շուրջ ժամանակին մամուլում աղմուկ բարձրացավ։

Սակայն սա այն դեպքը չէ, երբ սուտն ու կեղծիքը, թեեւ տասնամյա վաղեմության, պետք է դիտարկել միայն բարոյական կամ քաղաքական հարթության վրա եւ դարձնել հասարակական պարսավանքի առարկա։ ՀՔԾ քննչական խմբի ղեկավարի հարուցած՝ վարչախմբին ուղղակիորեն իշխանության յուրացման մեղադրանք ներկայացնող քրեական գործը, ինչպես ասացինք, հենվում է նույն շրջանի ոչ թե նորահայտ, այլ դարձյալ՝ տասը տարի առաջ արդեն գոյություն ունեցող, հանրահայտ փաստերի, հանգամանքների եւ իրողությունների վրա։ Հետեւաբար՝ Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի այդ փաստաթուղթը պետք է դիտարկել իրավական հարթության վրա՝  որպես ծանր հանցագործության դիտավորյալ պարտակման ակտ, որպես ոճրագործության մեղսակցություն, որպես նույնպիսի քրեական հանցագործություն։ Այն ենթակա է առանձին քննության, իսկ դրա հեղինակները, առաջին հերթին՝ ինքը Սամվել Նիկոյանը, նրա հանձնաժողովի անդամները ծանրագույն հանցանքի պարտակման մեղադրանքով պետք է կանչվեն պատասխանատվության։

Հանցագործության պարտակման մեջ, բնականաբար, պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաեւ սույն փաստաթուղթը հաստատած ԱԺ պատգամավորները։ ԱԺ-ն պատասխանատվություն է կրում նաեւ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Ռ. Քոչարյանի ակնհայտ ապօրինի եւ հակասահմանադրական հրամանագրի հաստատման համար։

----------------------------

Հ. Գ. -1. Պատասխան պետք է տա նաեւ Սահմանադրական դատարանը՝ նույն ակնհայտ փաստերն ու փաստաթղթերը, Սահմանադրության ակնառու խախտումները չտեսնելու տալու, կատարված ծանրագույն հանցագործությունները պարտակելու եւ իշխանության յուրացման փաստը, ի դեմս Սերժ Սարգսյանի նախագահության, վավերացնելու համար։

Հ. Գ. -2. Ի հեճուկս Ռ. Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ իշխանության բռնազավթման ծանրագույն հանցանքի այլ պատասխանատուների տասնամյա ջանքերի՝ Մարտի 1-ը չդարձավ պատմություն. այն կրկին, իր քաղաքական կշռով եւ հասարակական հնչեղությամբ, Հայաստանի ներքաղաքական օրակարգի առաջնահերթ խնդիրն է, որի լուծումը մեծապես կկանխորոշի մեր այսօրն ու ապագան։

Աշոտ Սարգսյան