15.07.2018 14:59

Մունդիալ-2018. Եզրափակիչ. Ֆրանսիա-Խորվաթիա. Խաղից առաջ

Մունդիալ-2018. Եզրափակիչ. Ֆրանսիա-Խորվաթիա. Խաղից առաջ

Աշխարհում ոչ ոք այսպիսի եզրափակիչ չէր ակնկալում: Արգենտինայի, Գերմանիայի, Բրազիլիայի, Բելգիայի հավաքականները մեկնեցին տուն և հիմա, հավանաբար, իրենց արձակուրդն են վայելում՝ հետևելով նաև թե ո՞ր թիմն  է «Լուժնիկի»-ում   նվաճելու աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը՝ Ֆրանսիա՞ն, թե՞ Խորվաթիան: Իհարկե, եզրափակիչն աշխարհի բոլոր ֆուտբոլասերների համար երկար սպասված իրադարձություն է, մանավանդ, այս առաջնությունը. չէ՞ որ արդեն երկար տարիներ որոշիչ մենամարտին չէր  հասել մի թիմ, որն անգամ  համաշխարհային ֆուտբոլի գրանդ չի համարվում: Խոսքը, իհարկե, Խորվաթիայի հավաքականի մասին է: Կկարողանա՞ նվաճել այս թիմն այնքան կարևոր  տիտղոսը…

Անկասկած, Խորվաթիան վաստակել է այս հաջողությունը: 1998 թվականին բրոնզե մեդալը նվաճելուց հետո, խորվաթական թիմի բախտը մեծ մրցաշարերում կարծես, թե չէր բերում:  Այդ ընթացքում սերդափոխություն եղավ, փոխվեցին նաև առաջատարները: Արդարացի լինելու համար պետք է ասել նաև, որ, իհարկե, թիմը միշտ էլ եղել է ֆավորիտների շարքում, սակայն ինչ-որ բան նրանց խանգարել է: Եվ հիմա, երբ խորվաթական ֆուտբոլի հանճարը՝ Լուկա Մոդրիչն արդեն 33 տարեկան է, բոլոր ջանքերը տվեցին իրենց արդյունքը:  Խորվաթիային ընդամենը 1 քայլ է բաժանում մեծագույն հաղթանակից: Այդ նույն 1998 թվականից սկսած աշխարհն այսօր կարող է ունենալ նոր չեմպիոն, և առաջին անգամ ոսկե մեդալակիր պատրաստ է դառնալ սլավոնական  փոքր մի երկիր: Խորվաթական թիմի հիանալի պաշտպան Վիդանը, փոքր-ինչ կոպիտ Լովրենը, գուրու Մոդրիչը, համեստագույն վարպետ  Ռակիտիչը, հզոր ռմբարկու Մանջուկիչը և կանանց խելքահան անող Կրամարիչը հենց այն ֆուտբոլիստներն են, որոնք արժանի են այդ մեծ հաղթանակին: Թեև Խորվաթիայի ցուցադրած հրաշալի խաղին, այնուհանդերձ, թիմն այս հանդիպմանը ֆավորիտը չէ: Պետք է հուսալ, որ Դալիչը կկարողանա ճիշտ կառուցել խաղի տակտիկական ռազմավարությունը: Այդքան հաշվենկատ և, միևնույն ժամանակ, բարձրակարգ թիմի հետ Խորվաթիան դեռ չի խաղացել: Եթե Ֆրանսիան առաջինը կարողանա գրավել  դարպասը, ապա կարելի անկեղծորեն ցավակցել Զլատկո Դալիչին, որովհետև նրա առաջ անմիջապես կկանգնի մի պատ, որն անգամ Լովրենը չի կարողանա ճեղքել: 

Ֆրանսիան ունի հիանալի ֆուտբոլիստներով համալրված ընտրանի, որը մրցաշարում հայտնի դարձավ որպես անչափ տխուր ու ձանձրալի մի  թիմ՝ ունակ հաղթելու ցանկացածին:  Նրանք ասես յուրաքանչյուր խաղից առաջ անգիր անել սիրող ուսանողի նման հաղթելու «ծածկագրեր» են պատրաստում, անգիր անում, որի շնորհիվ «քննությունը» հանձնում «գերազանցի»: Ֆրանսիացիները հաղթել են բոլորին՝ անգամ Լեոնել Մեսսի Արգենտինային, Բելգիային, մի թիմ, որ հայտնի դարձավ իր գերտաղանդավոր երիտասարդ սերնդով: Թվում է՝ ի՞նչ կարող է անել այս թիմին Խորվաթիան…  Ֆրանսիան 2 տարի առաջ խաղացել է նաև Եվրոպայի առաջնության  եզրափակչում: Պորտուգալացիներից կրած 1:0 հաշվով պարտությունը ցավալի ու խորը հետք է թողել Դիդյե Դեշամի սաների սրտում: Երկու տարի անընդմեջ պարտվել նման խոշոր մրցաշարերում, դառը կսկիծ կպատճառի ֆուտբոլիստներին:  Նրանք, անկասկած, ամեն ինչ կանեն հաղթանակի հասնելու համար:

Ի՞նչ են ասում մարզիչները 

Դիդյե Դեշամ, Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Եզրափակչում խաղալը հաճույք է և պատիվ, և ես ասել եմ իմ ֆուտբոլիստներին, որ ավելի հրաշալի բան, քան խաղալ Աշխարհի առաջնության եզրափակչում, չկա: Բայց ես ասել եմ նաև ավելի կարևոր բաներ՝ լինել հանգիստ, վստահ և կենտրոնացած»:

Զլատկո Դալիչ, Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Աշխարհի առաջնության եզրափակիչն է, և ֆուտբոլիստները գիտեն, թե դա ինչ է նշանակում: Ինձ ուրախացնում է այն, որ իմ բոլոր ֆուտբոլիստներն ասում են, արդյոք պատրաստ են իրենք 100%-ով թե ոչ: Հաղթանակը, թե պարտությունը, միևնույն է տիեզերական իրադարձություն են Խորվաթիայի համար: Այսպիսի հնարավորություն այլևս չի լինելու»:

Հետաքրքրական փաստեր

  • Դիդյե Դեշամը կարող է գրել իր անունը պատմության մեջ, քանի որ կարող է դառնալ երրորդ մարդը, որը դարձել է աշխարհի չեմպիոն ինչպես ֆուտբոլիստ, այնպես էլ մարզիչ: Նմանատիպ նվաճում ունեն միայն Մարիո Զագալոն և Ֆրանց Բեկենբաուերը:
  • 1998 թվականին Դեշամը Ֆրանսիայի հավաքականի ավագն էր, երբ ֆրանսիացիները տարան իրենց միակ հաղթանակն Աշխարհի առաջնություններում:
  • Որպես մարզիչ Դեշամն արդեն պարտվել է մեկ եզրափակչում: 2016 թվականին ֆրանսիացիները սեփական հարկի տակ պարտվեցին պորտուգալացիներին Եվրոպայի առաջնության որոշիչ խաղում:
  • Խորվաթիան առաջին անգամ խաղալու է Աշխարհի առաջնության եզրափակչում և կարող է դառնալ ութերորդ հավաքականը, որը կդառնա աշխարհի չեմպիոն:
  • Ֆրանսիան և Խորվաթիան հանդիպել են հինգ անգամ: Երեք անգամ հաղթել է Ֆրանսիան (1998, 1999, 2000), մյուս երկուսն ավարտվել է ոչ-ոքի (2004, 2011):
  • Այդ հինգ խաղից երկուսը կողմերն անցկացրել են խոշոր մրցաշարերում: 1998 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթեց Ֆրանսիան 2:1 հաշվով: 2004 թվականի Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
  • Աշխարհի առաջնությունների վերջին երեք եզրափակչում եղել է լրացուցիչ ժամանակ: Միայն երկու եզրափակչում գործը հասել է հետխաղային 11 մետրանոցների (1994, 2006):
  • Անտուան Գրիզմանը մասնակցել է իր հավաքականի 11 գոլային գրոհներին, որոնք գրանցվել են խոշոր մրցաշարերի փլեյ-օֆֆ փուլերում: Այդ ցուցանիշով նա գերազանցում է Զինեդին Զիդանին (8) և Միշել Պլատիիին (6):
  • Կիլիան Մբապեն կարող է դառնալ երկրորդ պատանի ֆուտբոլիստը Պելեից հետո, որը գոլ է խփել Աշխարհի առաջնության եզրափակչում: Մբապեն արդեն խփել է 3 գոլ և Պելեից հետո (6, 1958) դա լավագույն արդյունքն է:

 

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը՝

Ֆրանսիայի հավաքական՝ Լյորիս, Պավար, Վարան, Ումտիտի, Էռնանդես, Պոգբա, Կանտե, Մբապե, Գրիզման, Մատյուիդի, Ժիրու

Խորվաթիայի հավաքական՝ Սուբաշիչ, Վրշալկո, Լովրեն, Վիդա, Ստրինիչ, Ռակիտիչ, Բրոզովիչ, Ռեբիչ, Մոդրիչ, Պերիշիչ, Մանջուկիչ