17.07.2018 11:54

Թրամփ-Պուտին հանդիպումը. «Չորս ժամ առաջ ամեն ինչ փոխվեց»

Թրամփ-Պուտին հանդիպումը. «Չորս ժամ առաջ ամեն ինչ փոխվեց»

Հելսինկիում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինը հանդիպումը չի ավարտվել դարակազմիկ հայտարարություններով և ընթացել է ամերիկյան ընտրություններին ռուսաստանյան միջամտության մեղադրանքների ֆոնին:  Այնուամենայնիվ,  երկու առաջնորդներն էլ չափազանց գոհ տեսք  են ունեցել:

Մոտավորապես երկու ժամ երես առ երես զրուցելուց հետո նախագահներն անցել են ավելի ընդլայնված ձևաչափի՝ ազգային անվտանգության հարցերով Թրամփի օգնական Ջոն Բոլթոնի, Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի, ԱՄՆ  պետքարտուղար Մայք Փոմփեոյի և եվրոպական ու ռուսաստանյան հարցերով Թրամփի հատուկ օգնական Ֆիոնա Հիլի մասնակցությամբ:

Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի պաշտոնակալումից՝ մեկուկես տարի, և Պուտինի՝ չորրորդ ժամկետով վերընտրվելուց մի քանի ամիս անց:

«Մեր հարաբերությունները սոսկալի վիճակում էին, բայց չորս ժամ առաջ դա փոխվեց»,- բանակցություններից հետո դուրս գալով լրագրողների մոտ՝ հայտարարել է Թրամփը: Նա խոստովանել է, որ իր հայտարարությունները կարող են բացասաբար ընդունվել ԱՄՆ-ում, սակայն ընդգծել է, որ պատրաստ է քաղաքական ռիսկի դիմել՝ հանուն խաղաղության, մինչդեռ պատրաստ չէ ռիսկի ենթարկել խաղաղությունը՝ ներքին քաղաքականության պատճառով:

Երկկողմ հարաբերություններում լարված մթնոլորտը օբյեկտիվ պատճառներ չունի, հայտարարել է Պուտինը բանակցություններից հետո համատեղ ասուլիսում: Նա տեղեկացրել է, որ Թրամփը շոշափել է Ռուսաստանի պետական կառույցների միջամտության հարցը ԱՄՆ նախագահական  ընտրություններին: «Ռուսաստանյան պետությունը երբեք չի միջամտել և մտադիր չէ միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին, այդ թվում՝ ընտրական գործընթացին»,- հայտարարել է Պուտինը: «Ժամանակն է ջերմացնել ռուսաստանա-ամերիկյան կապերը: Մենք լավ զրուցեցինք նախագահ Թրամփի հետ, սկսեցինք ավելի լավ հասկանալ միմյանց, և ես դրա համար շնորհակալ եմ Դոնալդին»,- ասել է Պուտինը:

Փոխանցում է BBC-ն: