17.07.2018 14:41

Լիզա Ճաղարյան. Խաչիկասրյանական «հայրենասիրությունը» թափ է հավաքում

Լիզա Ճաղարյան. Խաչիկասրյանական «հայրենասիրությունը» թափ է հավաքում

90-ականների ղարաբաղյան պատերազմի տարիների ամենաթեժ շրջանում դեպի Հորադիս ճանապարհին սիրտս մղկտում էր ադրբեջանական ամայացած գյուղերի միջով անցնելիս։ Շեն տներ էին, ժամանակին այդտեղ ընտանիքներ էին ապրել, երեխաներ էին վազվզել, իսկ այդ պահին անմարդաբնակ էր։ Բակերից մեկում դատարկ, ջարդված օրորոց տեսա։ Մի տեղ էլ տիկնիկ էր ընկած։ Գյուղի գերեզմանատան կողքով անցնելիս ադրբեջանցի զոհված տղաների լուսանկարներով շիրմաքարեր էին։ Այդ տղաների մայրերը եկան ու անցան աչքերիս առջեւով։ Աչքերս պինդ-պինդ փակեցի, որ հանկարծ չթրջվեն։ Որովհետեւ քիչ անց հասնելու էի այնտեղ, որտեղ մեր երեխաները զոհվում էին այդ նույն ադրբեջանցիների կրակոցներից։ Պինդ-պինդ փակեցի, բայց երբ բացեցի աչքերս՝ թաց էին։

Հայաստանում խստաշունչ ձմեռ էր, Հորադիսում կլոր տարին գարուն-ամառ-աշուն էր։ Երեխաները բողկ էին ցանել։

Հա՛, երեխաներ էին։ Իմ աչքին՝ երեխաներ էին։ Նայում էի նրանց դեմքերին, ուզում էի գրկել, նստեցնել ծնկներիս ու հարցնել՝ ի՞նչ անեմ քեզ համար, տղա ջան, ի՞նչ անեմ։

Չհամարձակվեցի։ Որովհետեւ գիտեի, թե ինչ են ուզում էդ երեխաները։ Գիտեի, որ խաղաղություն են ուզում, իսկ ես չեմ կարող էդ խաղաղությունը տալ իրենց։

Կապան քաղաքի բոլոր լուսամուտներին կամ ցելոֆան էր քաշած, կամ ստվարաթուղթ էր կպցրած։ Գրադների հարվածներին ապակիները չէին դիմացել։ Անապակի քաղաք էր՝ կուրացած լուսամուտներով։ Կապանցի կանայք իրենց ամբարները քրքրում, իրար էին անում եղած-չեղածը, կերակուր էին պատրաստում, տանում հոսպիտալ, որ վիրավոր երեխաները քաղցած չմնան։ Մի կապանցի կին հիվանդանոցից դուրս եկավ արցունքն աչքին, պատմեց, որ ծանր վիրավոր պատանի զինվորին հարցրել է՝ սիրտդ ի՞նչ է ուզում։ Զինվորն ասել էր՝ մամայիս եմ ուզում։ Կապանցի կինը հոնգուր-հոնգուր լաց էր լինում, ես էլ՝ իր հետ։ Ուրիշ ի՞նչ կարող էինք անել։ Գնայինք ու իր մայրիկին կանչող տղայի ականջին շշնջայինք, որ ինքը հերո՞ս է։ Եվ դրանից հետո ցավից տնքացող վիրավոր պատանին այլեւս «մամա» չէ՞ր կանչելու։

Ես չգիտեմ, չիմացա՝ ապրեց այդ երեխան, թե իր վերջին տունն այդ հոսպիտալն էր, բայց մինչեւ հիմա հիշում եմ ու երբեք չեմ մոռանա, որ նրա համար ապրած ցավս երեխայի համար ցավ էր, ոչ թե հերոսի։

Քարկոծեք ինձ, իտալիաներում, ֆրանսիաներում, երեւաններում բազկաթոռին փռված ագրեսիվ, խաղաղության ձգտող «դավաճաններին» մորթել-քառատելու կոչեր անող «հայրենասերներ»։

Գիտե՞ք, ձեզանից շատերին ես ում եմ նմանեցնում։ Էն աղբյուրի ակունքին նստած վիշապին, որ մարդկանց ջուր տալու համար ամեն անգամ զոհ է պահանջում, որ կուլ տա։

Դա է ձեր տեսակի «հոգեւոր» սնունդը։ Ապահով, անվնաս ու «պատվաբեր» սնունդ է, դրանից ստամոքսի խանգարում չեն ստանում. ո՞վ է գժվել, որ ձեզ մեղադրի «ծովածավալ հայրենասիրության» համար։

90-ականների դաժան պատերազմի ժամանակ մի բան գիտեինք՝ էս պատերազմը մեզ պարտադրել են, ուրիշ ելք չունենք։

Զինադադարից հետո է՞լ ուրիշ ելք չունեինք։ Ապրիլյան «մանկանց կոտորածից» առաջ է՞լ ուրիշ ելք չունեինք։

Ունեինք ու մինչեւ հիմա էլ ունենք։

Պատերազմի վտանգը սեփական իշխանության ամրապնդման հիմք դարձրած թալանչի իշխանությանը պետք չէր այդ խաղաղությունը։ Եթե խաղաղություն հաստատվեր, հասարակության հայացքը սեւեռվելու էր իրենց հանցագործությունների կողմը, ու ավելի պարզ էինք տեսնելու այն չլսված-չտեսնված ավերն ու ապօրինությունները, որ քսան երկարուձիգ տարի «թագավորում էին» մեր երկրում։ Ու որ տեսնելու էինք ու պահանջելու էինք հեռանալ, սրանք զրկված էին լինելու իրենց իշխանության պահպանման գլխավոր «հենարանից»՝ բա որ հակառակորդն օգտվի՞ երկրում հաստատված անկայունությունից։ Եվ վերջապես՝ պատերազմական իրավիճակում հերթական զոհված պատանու մասին ՊՆ հաղորդագրությունն «արդարացնում էր» այդ մահը։ Եթե ասես՝ չէ՛ր արդարացնում, ապա Մուշն ու Սասունը, Կարսն ու Նախիջեւանը թափ կտան քթիդ առաջ ուրիշների երեխաների մահով սեփական «հայրենաթաթախ» հացը վաստակողները, հետն էլ կհիշեցնեն, որ զոհված պատանին հետմահու պարգեւատրվել է...

Մխիթարու՞մ են այդ պարգեւատրումները։ Ու՞մ։ Բաժակաճառ բարբաջողների՞դ։ Իսկ հարցրե՞լ եք զոհված հերոսի մորը՝ ինքն ի՞նչ կուզենար, հերոս որդու սառը շիրմաքա՞ր, թե՞ բանակից ողջ ու առողջ վերադարձած զինվոր, որը նույնիսկ մեկ պատվոգիր չի ստացել ծառայության ընթացքում։

Իսկ թե ինչու զոհվեցին այդ պատանիները, հնարավո՞ր է չզոհվեին, եթե ցմփոր հրամանատարները չհղփանային ու սահմանի անվտանգությունը չթողնեին 18 տարեկանների հույսին, իսկ անկուշտ ջեբկիրները թշնամուց ավելի անգթորեն չթալանեին «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը» եւ այդ բանակի թիկունքին կանգնած պետությունը։

Հնարավո՞ր է, որ ադրբեջանցիների հարձակման դեպքում խուսափեինք ապրիլյան մղձավանջից, եւ անհամեմատ քիչ զոհեր լինեին։

Բոլորս էլ գիտենք, որ հնարավոր էր, բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի եւ Արցախի այդ օրերի իշխանությունները պատերազմի վտանգը հայրենասիրական վահան դարձրած, դրա թիկունքում ապահով տեղավորված՝ զբաղված էին երկրի ոսկրածուծը լափելով։

Երիտասարդն ասում է՝ հանգիստ թողնենք այդ տղաներին։ Ու մի զարհուրելի վայնասուն է սանձազերծվում նրա նկատմամբ։

Իսկ ես շատ լավ եմ հասկանում նրան։ Որովհետեւ ապրիլյան օրերից մինչ օրս չեմ մոռանում այդ երեխաների դեմքերը ու երբեք չեմ մոռանա, բայց չեմ կարողացել ու չեմ կարողանում շաբաթական մի քանի անգամ նրանց լուսանկարները տարածել Ֆեյսբուքում ու հոգեցունց խոսք գրել։ Կոկորդս ինչ-որ բան է սեղմում, ձեռքերս դողում են, բոլոր հոգեցունց բառերը մոռանում եմ, ու միայն երկու բառ է խրվում լեզվիս մեջ ու կսկծացնում՝ տղա ջան, տղա ջան, տղա ջան...

Ագրեսիվ «հայրենասերի» հակահարվածը չի ուշանա՝ բայց ինքը քեզ համար «տղա ջան» չի էէէէէէէ, ինքը հերոս է, ազգի համար կյանքն է տվել...

Էդ երեւի դու՛ք եք վախենում մոռանալ, որ նրանք հերոսներ են, եթե այդքան հաճախ եք կրկնում։ Իրենց հոգիներում էդ տղաների պատկերները լուռ փայփայողները նման վախ չունեն ու կարիք չունեն զոհված տղաների լուսե պատկերների թիկունքում թաքնված՝ ՊԱՏԱՀԱԲԱ՛Ր չզոհվածների գլխներին կռավել։

Յուրաքանչյուրն այդ ցավն իր մեջ կրում է յուրովի։ Մեկը ճռճռան խոսքով է իր ցավը մեղմում, մյուսը՝ լուռ։ Մյուսն ուզում է, որ ձեր սեփակա՛ն տքնանքով ապացուցեք, որ սիրում եք էս երկիրը, ոչ թե զոհված հերոսների թիկունքից օրումեջ ծիկրակեք։

Եվ այդ մյուսը՝ չնայած ձեզ պես չի մտածում, բայցեւ երբեք կոչ չի անում, որ իր պես չմտածող ձեզնմաններին պատերի տակ շարեն ու գնդակահարեն, չի հայհոյում ձեր սիրելիներին, ձեր միջից դավաճաններ չի պեղում ու «մորթում»։

Այդ մյուսի տարբերությունը ձեզանից նախեւառաջ սա է, եւ հենց դրա՛ համար այդ մյուսը գերադասելի է աներկբա՛, եւ այդ մյուսի՛ն եմ ես փայփայում իմ սրտում։