20.07.2018 11:37

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ. Հայաստանը, վստահ եմ, շատ բան ունի աշխարհին առաջարկելու

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ. Հայաստանը, վստահ եմ, շատ բան ունի աշխարհին առաջարկելու

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ, դիվանագետ Սոֆիա Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի, միջազգային գործընթացների և ավելի մարդակենտրոն Հայաստանի մասին զրուցել է Նյու Յորքում iLur.am-ի թղթակից Աննա Նազլոյանի հետ


Մի փոքր պատմեք Ձեր մասին՝ ինչպե՞ս եկաք դիվանագիտական աշխարհ, ինչպե՞ս հասաք աշխարհի ամենակարևոր միջազգային կազմակերպությունը՝ մեր երկիրը ներկայացնելու։

 

-       Դիվանագիտական ծառայության եկա՝ անցնելով բավական երկար ճանապարհ։
Ամեն բան սկսվեց իմ՝ ուսանողական տարիների առաջին աշխատանքային փորձից, երբ առաջին կուրսում սկսեցի աշխատել մի կազմակերպությունում, որը համագործակցում էր Վաշինգտոնում գտնվող հիմնադրամի հետ։
Դրա առաքելությունն էր հայաստանյան և ետխորհրդային շրջանի գիտնականների, գիտաշխատողների հետ համագործակցությունը։
Սա շատ հետաքրքիր փորձ էր, և շատ կարևոր։
Որովհետև այժմ, այդ տարիներին անդրադառնալով՝ հասկանում եմ, որ մեր կազմակերպությունն իրագործում էր գիտական դիվանագիտություն՝ փորձելով մեր գիիտնականներին հնարավորություն ընձեռել կապեր հաստատել և աշխատել ԱՄՆ-ի գիտաշխատողների հետ։
Ստեղծվում էին համագործակցության ձևաչափեր, իրագործվում էին գիտա-հետազոտական նախագծեր։
Առհասարակ շատ կարևոր նախաձեռնություն էր, որ ինձ տվեց բացառիկ փորձ՝ գիտելիքների և հմտությունների առումով, աշխարհայացքի, ընկալումների, օգնեց հասկանալ, ավելի լավ ընկալել Հայաստանի տեղը աշխարհում՝ որպես խելացի երկրի, գիտական մեծ ներուժ ունեցող, մտքի թռիչք ունեցող երկրի։

Իսկ ինչպե՞ս որոշեցիք, ե՞րբ եկավ այդ պահը, որ գիտակցեցիք, որ ուզում եք դառնալ դիվանագետ, ներկայացնել մեր երկիրը արտասահմանում։

- Անցա, իհարկե, որոշակի փուլերի միջով, աշխատեցի տարբեր ոլորտներում․ աշխատել եմ ինչպես ոչ պետական սեկտորում, հասարակական կազմակերպությունում, այնպես էլ պետական կառույցում, կենտրոնական բանկում։
Եվ, իհարկե, կրթությունս նաև որոշակի դեր խաղաց․ առաջին  կրթությամբ լեզվաբան եմ, իսկ երկրորդ՝ միջազգային հարաբերությունների մասնագետ։
Ամերիկյան Համալսարանն եմ ավարտել, իսկ այնուհետև՝ Արտաքին Գործերի Նախարարության Դիվանագիտական Դպրոցը՝ աշխատանքի անցնելով հենց ԱԳՆ-ում։

Ի՞նչն եք ամենաշատը սիրում Ձեր գործի մեջ, և որո՞նք են հիմնական դժվարությունները՝ դիվանագիտության ասպարեզում, հատկապես հենց ՄԱԿ-ի հետ կապված։

- Կարծում եմ՝ որպես ցանկացած հայ դիվանագետ մեծ պատասխանատվություն եմ կրում՝ երկիրը պատշաճ ներկայացնելու համար։
Հայաստանը, թեև լինելով փոքր երկիր, վստահ եմ, շատ բան ունի աշխարհին առաջարկելու․ ունի մեծ և կարևոր ապագա, և համագործակցության կարևոր, մեծ ներուժ՝ բազմաթիվ ոլորտներում, որ կարելի է և պետք է օգտագործել։
Եվ հենց դիվանագետներն են, որ պիտի նպաստեն այդ ամենի իրագործմանը։
Միավորված ազգերի կազմակերպությունը 193 երկրներից բաղկացած հզոր կառույց է, և Հայաստանը այդ երկրներից մեկն է։
Մենք համագործակցում ենք այս բազմաթիվ երկրների հետ՝ այսպիսի մեծ կազմակերպության շրջանակներում։
Ունենք համագործակցության ձևաչափեր․ իհարկե, աշխատում ենք այդ ձևաչափերը ընդլայնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար։
ՄԱԿ-ում կան նաև մի շարք կարևոր խմբեր, և Հայաստանը ունենում է իր մասնակցւթյունը և ազդում բազմաթիվ կարևորագույն քաղաքական գործընթացների վրա։

Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, և Հայաստանն անցնում է առանցքային և, ցանկալի է հավատալ, դրական փոփոխությունների միջով։
Ինչպիսի՞ արձագանք ունեցավ մեր հեղափոխությունը և այն ամենն, ինչ տեղի է ունենում հիմա Հայաստանում, ՄԱԿ-ում։


- Կարող եմ ասել իմ անձնական շփումների և տպավորությունների մասին։
Իհարկե, այս ամբողջ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն կար Հայաստանի հանդեպ։
Բազմաթիվ պատվիրակություններ մշտապես տեղեկանում են՝ ինչպիսին՞ է իրավիճակը մեր երկրում, և պետք է ամեն բան ներկայացնել պատշաճ կերպով՝ ինչպես որ կա, և բացատրել, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացը կրում է ներքին բնույթ, և, ամենակարևորը, չափազանց խաղաղ է։
Եվ մենք, եվ ՄԱԿ-ը ուշադիր հետևում ենք այդ ամենին։
Ինքը՝ Գլխավոր Քարտուղարը բավական դրական արձագանք է տվել հայկական հեղափոխությանը՝ նշելով, որ տպավորված է թե՛ հենց բուն հեղափոխությամբ, թե՛ դրան հետևած դրական գործընթացներով, և ամեն կերպ սատարելու է Հայաստանի ապագա զարգացմանը։

Դուք՝ իբրև դիվանագետ և Հայաստանի քաղաքացի, ի՞նչ սպասումներ ունեք այն բոլոր գործընթացներից, որ այժմ տեղի են ունենում մեր երկրում։

- Կարծում եմ՝ որպես Հայաստանի քաղաքացի, ինչպես մեր երկրի ցանկացած քաղաքացի, ցանկանում եմ տեսնել ավելի ուժեղ, ավելի կայուն Հայաստան, ավելի մարդակենտրոն Հայաստան։ Երկիր, որտեղ մարդու արժանապատիվ կյանքը, ստեղծելու, արարելու իրավունքը, իր ներուժը լիովին կիրառելու ու հայրենիքին ծառայեցնելու հնարավորությունը կլինեն առանցքային։
Կարծում եմ, որ այժմ Հայաստանը այդ ուղու վրա է։

Փաստորեն Դուք լավատես եք։

- Կարծում եմ, որ դիվանագետը միշտ պիտի լավատեսս լինի, մեր գործում դա կարևոր հատկանիշ է։


Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան իշխանական հատվածում, շատ նոր նախարարներ նշանակվեցին, ֆորմացիաներ են փոխվում, և, հետաքրքիր կերպով, մեր դեսպանը ՄԱԿ-ում՝ պարոն Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց արտաքին գործերի նախարար։

 
Դուք, որպես մարդ, որ անմիջականորեն աշխատել է դեսպանի հետ և շատ լավ ճանաչում է իրեն, ի՞նչ կարող եք ասել այս նշանակման մասին։
Ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ։


- Պարոն Մնացականյանն առաջին հերթին շատ փորձառու դիվանագետ է, որն ունի երկար տարիների փորձ՝ բազմակողմ դիվանագիտության ասպարեզում։
Աշխատանքային փորձիցս ելնելով կարող եմ ասել, որ հնարավորություն և պատիվ եմ ունեցել շատ բաներ սովորելու իրենից․ օրինակ, որ բազմակողմ դիվանագիտությունը և մուլտիլատերալիզմը (բազմակողմանիությունը-խմբ.) իրականում շատ ավելի կարևոր են, քան մարդիկ կարող են պատկերացնել։
ՄԱԿ-ը, որպես կառույց, երբեմն քննադատվում է, և առիթներ ենք ունեցել խոսել այս թեմայով պարոն Մնացականյանի հետ, և մի կարևոր բան, որ լսել եմ և լիովին համաձայն եմ՝ ՄԱԿ-ը, անկախ իր թերություններից և իր գործունեության արդյունավետության աստիճանից, միևնույնն է՝ առանցքային է և անփոխարինել։
Խոսել մի աշխարհի մասին, որտեղ չկա Միավորված ազգերի կազմակերպության նման կառույց, հնարավոր չէ։
Չէ՞ որ այն հնարավորություն է տալիս բոլոր անդամ երկրներին համագործակցել, շփվել, քննարկել այն բոլոր հարցերը, որ կարևորություն են ներկայացնում միջազգային օղակներում, և գտնել այն տարածքը, որտեղ, ի վերջո, կարելի է համաձայնության գալ․ այս ամենն անգնահատելի է՝ թե՛ խաղաղության կարևորագույն գործընթացների, թե՛ առհասարակ քաղաքականապես ավելի առողջ աշխարհ ունենալու համար։

Զոհրաբ Մնացականյանն, իհարկե, քաջ գիտակցում է բազմակողմ և հավասարակշռված դիվանագիտության կարևորությունը, և, համոզված եմ, այս ամենն իր արտացոլումը կգտնի մեր նոր նախարարի  գործունեության մեջ։
Նա բազմիցս նշել է, որ աշխարհում կան բազմաթիվ գույներ, և ամեն ինչ սև-սպիտակ չէ։
Եվ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարելի նեղ կերպով ընկալել՝ նկատի ունենալով ռուսամետ կամ արևմտամետ ուղղվածությունը։
Պետք է շատ ավելի լայն և անկողմնակալ կերպով մոտենալ աշխարհին և՝ դրանում մեր տեղին։