02.08.2018 12:51

Коммерсант. Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Коммерсант. Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հետաքննության տակ գտնվող՝ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանի նոր ներկայացուցչով փոխարինելն ավտոմատ չի կատարվի, հինգշաբթի հաղորդել է Коммерсант թերթը՝ հավելելով, որ կադրային հնարավոր փոփոխության հարցը կորոշվի նոյեմբերի 8-ից ոչ շուտ, երբ հավաքվի ՀԱՊԿ բարձրագույն մարմինը՝ Հավաքական անվտանգության խորհուրդը, որում ներկայացված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

«Եթե Հայաստանի նոր թեկնածուն հավանության չարժանանա գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու հարցում, այբբենական ռոտացիայի կարգով թեկնածու առաջադրելու իրավունք կստանա Բելառուսը»,- ասվում է թերթի հրապարակման մեջ:

Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 2017 թ. մայիսին, երեք տարի ժամկետով:

Հուլիսի 27-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը նրա դեմ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է հարուցել՝ 2008 թ. մարտի 1-ի ցույցերը ցրելու վերաբերյալ գործի շրջանակներում:

Հուլիսի 28-ին Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու գործընթաց:

Փոխանցում է Interfax-ը: