03.08.2018 12:31

Հռոմի պապը որոշել է ամբողջ աշխարհում պայքարել ընդդեմ մահապատժի

Հռոմի պապը որոշել է ամբողջ աշխարհում պայքարել ընդդեմ մահապատժի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը փոփոխություն է կատարել Կաթոլիկ եկեղեցու կատեխիզիսի 2267 պարագրաֆում, որը վերաբերում է մահապատժին: Այժմ, եկեղեցու ուսմունքի համաձայն, մահապատիժն անընդունելի է համարվում ցանկացած դեպքում:

Կատեխիզիսի նախորդ վարկածով, որը հաստատել էր Հովհաննես Պողոս II պապը, ավելի հանդուրժողական վերաբերմունք էր ամրագրված մահապատժի հանդեպ. օրինական դատարանի կողմից նշանակված մահապատիժն անվանվում էր «համարժեք պատասխան որոշ լուրջ հանցագործությունների, նաև ընդունելի, թեկուզ և ծայրահեղ միջոց՝ համընդհանուր շահը պաշտպանելու համար»:

Այժմ 2267 պարագրաֆն ազդարարում է, որ մահապատիժն անընդունելի է, քանի որ այն ոտնձգություն է մարդու անձեռնմխելիության և արժանապատվության նկատմամբ:

 Նոր տարբերակը փոխառված է Ֆրանցիսկոս պապի՝ 2017 թ. հոկտեմբերի 11-ի ճառից:

«Մեր օրերում աճում է այն բանի գիտակցումը, որ նույնիսկ ծանր հանցանք գործելով՝ մարդը չի կորցնում իր արժանապատվությունը: Բացի այդ՝ տարածվում է պետության կողմից քրեական պատժի իմաստի նոր ընկալումը»,- պարզաբանում է եկեղեցին:

Փոխանցում է BBC-ն: