03.08.2018 14:22

Ուսամա բեն Լադենի մայրն առաջին անգամ հարցազրույց է տվել

Ուսամա բեն Լադենի մայրն առաջին անգամ հարցազրույց է տվել

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր և պարագլուխ Ուսամա բեն Լադենի մայրը՝ Ալիա Գանեմը, հարցազրույց է տվել բրիտանական The Guardian թերթին: Ներկայումս նրա հետ են ապրում բեն Լադենի եղբայրները՝ Ահմեդը և Հասանը, ինչպես նաև՝ երկրորդ ամուսինը: Նրանք ապրում են Սաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Ջիդդա քաղաքի իրենց առանձնատանը:

Սեպտեմբերի 11-ի ողբերգությունից 17 տարի անց Ուսմա բեն Լադենի ընտանիքը շարունակում է մնալ սաուդյան հասարակության ազդեցիկ մասնիկը, ինչպես նաև՝ թագավորության ամենահարուստ ընտանիքներից մեկը՝ իրենց տոհմական շինարարական կայսրության շնորհիվ: Նրանք կառուցել են ժամանակակից Սաուդյան Արաբիայի մեծ մասը:

Թերթը նշում է, որ սաուդյան պետության ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի տեղաշարժը և փխհարաբերությունները խիստ հսկողության տակ են գտնվում: Հենց այդ պատճառով էլ հարցազրույցի համար անհրաժեշտ է եղել ստանալ իշխանությունների թույլտվությունը, այն տրամադրել է Սաուդյան Արաբիայի 32-ամյա արքայազն Մուհամեդ բին Սալմանը, որը ներկայացնում է երկրի նոր իշխանությունը:

Մայրն իր առաջնեկին հիշում է որպես ուսման հարցում ընդունակ ու ամաչկոտ երեխա: Նրա համոզմամբ՝ Ուսամային փոխել են համալսարանի մարդիկ, ու նա ուրիշ մարդ է դարձել: Մայրը պատմել է, որ համալսարանում Ուսաման հանդիպել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամ Աբդուլլա Ազզամին, որը հետագայում արտաքսվել է Սաուդյան Արաբիայից ու դարձել Ուսամա բեն Լադենի հոգևոր հայրը: Մոր խոսքով՝ ինքը երբեք չի կասկածել, որ որդին ջիհադական կդառնա:

Ուսամայի եղբայր Ահմադը, սակայն, նշել է, որ մայրը հազիվ թե անաչառ լինի: «Անցել է 17 տարի (9/11-ից), բայց նա առաջվա պես հերքում է, որ դա Ուսաման է եղել: Նա Ուսամային շատ էր սիրում և չի կարողանում նրան մեղադրել: Փոխարենը՝ մեղադրում է նրա շրջապատին:… Իսկ ես ցնցվել էի, դա տարօրինակ զգացում էր: Մենք ամենասկզբից էլ գիտեինք, որ դա Ուսաման է եղել: Մեծից փոքր՝ բոլորս ամաչում էինք նրա համար: Մենք գիտեինք, որ բոլորս պիտի բախվենք ծանր հետևանքների»,- պատմել է Ահմադը:

Փոխանցում է gazeta.ru-ն: