06.08.2018 11:01

Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձ է կատարվել. նրան փրկել է «սիրո վահանը»

Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձ է կատարվել. նրան փրկել է «սիրո վահանը»

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ թշնամիները ցանկացել են սպանել իրեն պայթուցիկներով լիցքավորված մի քանի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:

Ոչ նախագահը, ոչ էլ որևէ այլ պաշտոնյա չի տուժել: Վիրավորվել է Վենեսուելայի ազգային գվարդիայի յոթ զինվոր:

Մադուրոն հարձակման մեջ մեղադրել է հարևան Կոլումբիայի ղեկավարությանը, սակայն Բոգոտան հերքել է իր առնչությունը մահափորձին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կիրակի հայտարարել է, որ ԱՄՆ-ը նույնպես առնչություն չունի Կարակասում դրոնների գրոհին:

Շաբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 17:30-ին, զինվորական շքերթի ժամանակ Մադուրոն ելույթ է ունեցել, և երբ անդրադարձել է Վենեսուելայի տնտեսության վիճակին, ուղիղ եթերի հեռարձակման ձայնը կտրվել է: Հարթակում կանգնած բոլոր մարդիկ հայացքներն ուղղել են վեր: Դրանից հետո տեսախցիկը ցուցադրել է մի քանի տասնյակ վազող զինվորների, և հեռարձակումն ընդհատվել է: Հեռարձակման ընթացքում անօդաչու թռչող սարքեր չեն երևացել:

Որոշ ժամանակ անց տեղի ունեցածից ակնհայտորեն ցնցված Մադուրոն ասել է. «Թռչող սարքը պայթեց աչքիս առաջ: Վայրկյաններ անց պայթեց երկրորդը»: Նրա խոսքով՝ սկզբում ինքը կարծել է, թե դրանք ճայթռուկներ են՝ ի պատիվ ազգային գվարդիայի: Երկրորդ պայթյունից հետո խուճապ է սկսվել:

«Դրոնը թռչում էր դեպի ինձ, սակայն այնտեղ էր սիրո վահանը: Ես համոզված եմ, որ դեռ երկար եմ ապրելու»,- հայտարարել է Մադուրոն:

Փոխանցում է BBC-ն: