06.08.2018 14:10

Սաուդյան Արաբիան արտաքսում է Կանադայի դեսպանին

Սաուդյան Արաբիան արտաքսում է Կանադայի դեսպանին

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Կանադայի դեսպանին անցանկալի անձ է հայտարարել, ասվում է թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է Twitter-ում:

ԱԳՆ-ն կանադացի դիվանագետից պահանջել է երկիրը լքել 24 ժամվա ընթացքում, ինչպես նաև Կանադայից ետ է կանչել Սաուդյան Արաբիայի դեսպանին: Բացի այդ՝ Էր-Ռիադը հայտարարել է երկու երկրների միջև նոր առևտրային և ներդրումային պայմանագրերի սառեցման մասին:

Այս որոշումը կայացվել է, երբ  Կանադայի ԱԳՆ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել Սաուդյան Արաբիայում ձերբակալված իրավապաշտպան Սամար Բադավիին ու մյուսներին:

Սաուդյան Արաբիան 2017 թ. սեպտեմբերին  որոշում է կայացրել վերացնել կանանց կողմից ավտոմեքենա վարելու արգելքը, սակայն այն ուժի մեջ է մտել միայն 2018 թ. հունիսի 24-ին: Մի քանի ակտիվիստուհիներ ձերբակալվել են այս տարվա մայիսին և հունիսին՝ նոր կանոնների ուժի մեջ մտնելուց անմիջապես առաջ:

Կանադայի հայտարարությունները սաուդյան մայրաքաղաքում գնահատվեցին որպես միջամտություն երկրի ներքին գործերին: Ամենից շատ Սաուդյան Արաբիան վրդովվել էր «անհապաղ ազատ արձակել» բառերից:

Փոխանցել է Interfax-ը: