06.08.2018 15:59

Լիզա Ճաղարյան. Փաստաբանին հարիր չէ ձեր սպառնալիքը, պարոն Ալումյան

Լիզա Ճաղարյան. Փաստաբանին հարիր չէ ձեր սպառնալիքը, պարոն Ալումյան

Ընդհանրապես եւ մասնավորապես իմ խորին համոզմունքն է, որ փաստաբանները նույնպես մարդ են, երկրի քաղաքացի են, ունեն խիղճ, սկզբունքներ եւ այլն, եւ այլն, ու ըստ դրանց էլ՝ կարող են ընտրել իրենց պաշտպանյալին կամ համաձայնել ու չհամաձայնել ստանձնել որեւէ մեկի պաշտպանությունը։

Չեմ թաքցնում իմ չափազանց սուբյեկտիվ տեսակետը՝ տհաճ էր փաստաբան Հայկ Ալումյանին տեսնել Քոչարյանի պաշտպանների շարքում։ Չէի ուզենա։ Ի վերջո, իմ իրավունքն է ուրախության կամ տխրության զգացում ապրել ինչ-ինչ բաներից, ու սա՝ այդ շարքից է։ Ապրեցի այդ տհաճության զգացումը իմ տան պատերի ներսում, չբարձրաձայնեցի դրա մասին, մտածեցի՝ ժողովրդական լեզվով ասած՝ ընկել է, թող քաշի, իր գործն է, եւ մտադրություն չունեի սրա մասին բարձրաձայնելու մինչ այն պահը, երբ «Առավոտ»-ում բախվեցի հարգարժան փաստաբանի անթաքույց սպառնալիքին, որն ուղղված էր իրեն հայհոյողներին ու անիծողներին։

Իմ ֆեյսբուքյան միջավայրում չեմ տեսնում Հայկ Ալումյանին եւ Քոչարյանի մնացած փաստաբաններին նզովողներին, բայց վստահ եմ, որ դրանք կան եւ քիչ չեն։ Մեր հասարակությունը (ի դեպ, գերքաղաքակիրթ ներկայացող բոլոր հասարակությունները՝ նույնպես) բազմաշերտ ու «գունագեղ» է, եւ գաղտնիք չէ, որ ոմանք իրենց մրմռացող սիրտը հովացնում են անեծքներով ու հայհոյանքներով։ Ի գիտություն Հայկ Ալումյանի, Քոչարյան Ռոբերտի համար մրմռացողներից շատերը նույնպես հայհոյում, անիծում ու սպառնում են նրան կալանավորողներին, բայց հասարակությունն ի՞նչ մեղք ունի, որ այս ամբաստանյալի ճակատագրով մտահոգվածները ողբալիորեն սակավաթիվ են։ Կասկածյալ Քոչարյանի նկատմամբ Հայաստանի քաղաքացիների ատելությունը երկար տարիների ընթացքում է կուտակվել, եւ այդ ատելության չափն ու ծավալը ձգտում են անսահմանության։ Կասկածյալ Քոչարյանին մեղադրյալի աթոռին տեսնելը Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության գերագույն տենչանքն է եղել, տեղյակ չէ՞ր հարգարժան փաստաբանը։ Այդ ճնշող մեծամասնության մի որոշակի հատված գրագետ է, մեկ այլ հատված՝ կիսագրագետ է ու լավ չի պատկերացնում փաստաբանի դերը, մի որոշակի հատված կարողանում է զսպել տարիներով իր հոգում կուտակած ատելության պոռթկումը, մեկ այլ հատված՝ չի կարողանում զսպել կամ չի է՛լ ցանկանում զսպել։

Կարճ ասած՝ ռոբասերժական իշխանություն կոչված ավազակախումբը հանցագործությունների այնպիսի զարհուրելի չափերի հասնող «ժառանգություն» է պարգեւել նոր իշխանությանը, որ, ցավոք, օդում դեռ շատ երկար են թեւածելու անեծքներն ու հայհոյանքները։

Հարգարժան Ալումյանը սա պետք է մեզանից լավ իմանար։ Հրաշալի պետք է իմանար ե՛ւ այն ատելության չափը, որ քլթքլթում է իր պաշտպանյալի նկատմամբ, ե՛ւ մեր հասարակության մակարդակի մտահոգիչ շերտերի մասին, եւ պետք է զերծ մնար նախկին բռնակալների ժամանակ իրեն հայհոյողների սակավության եւ ներկա իշխանության շրջանում իրեն հայհոյողների առատության մասին զուգահեռ անցկացնելու զավեշտալի գայթակղությունից։

«Առավոտ»-ը գրում է. «Նա (Հայկ Ալումյանը – Լ. Ճ.) հիշեցրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված գործում ինքը Բուդաղյանների փաստաբանն էր ու նույնիսկ այդ ժամանակ այսպիսի սպառնալիքներ չի ստացել Սուրիկ Խաչատրյանի կողմից. «Կասկածից վեր է, որ Սուրիկ Խաչատրյանը ի վիճակի կլիներ ե՛ւ սպառնալ ինձ, ե՛ւ այդ սպառնալիքներն իրականություն դարձնել: Սակայն որեւէ անգամ չփորձեց: Ես դա վերագրում եմ այն ժամանակվա իշխանությունների դիրքորոշմանը: Պարզ է, որ եթե Ս. Խաչատրյանը գոնե ենթադրեր, որ այդ պահի իշխանությունները կհանդուրժեն իմ նկատմամբ սպառնալիքները կամ վիրավորանքը՝ նա դա կաներ»:

Չեմ թաքցնում, այս չափազանց ազդեցիկ եւ հոգեցունց տողերը կարդալուց հետո բարձրաձայն ծիծաղել եմ։ Ոչինչ, մի կերպ կդիմանանք այն անթաքույց նոստալգիային, որ հարգարժան փաստաբանը տածում է նախկին իշխանությունների «ժողովրդավարական երանելի» ժամանակների նկատմամբ։ Ընդամենը մեկ հարց պարոն փաստաբանին. «Հարգելի պարոն Ալումյան, իսկ կասե՞ք գեթ մեկ պատճառ, որը պետք է հարկադրեր Ս. Խաչատրյանին՝ ձեզ սպառնալ։ Ինչու՞ պետք է ձեզ սպառնար մի մարդ, որը նախապես վստահ էր, որ ձեր փաստաբանական ողջ տաղանդը զրոյի է հավասար, որովհետեւ ինչպիսի անհերքելի ապացույցներ էլ թափահարեք դատավորների քթի տակ, դատավճիռը կայացվելու է ըստ «վերեւից» հնչած հրահանգի։ Դուք գուցե մոռացել եք, բայց ե՛ւ ես, ե՛ւ Հայաստանի հասարակությունը հիանալի հիշում են, որ այդ դատավարությունն ընթացավ այնպես, որ մազ էր մնում՝ հետմահու դատեին սպանված Բուդաղյանին։ Ձեզ սպառնար, որ ի՞նչ լիներ։ Գուցե դու՛ք անձամբ շատ միամտորեն հավատում էիք Հայաստանի արդարադատությանը, բայց հո Սուրիկ Խաչատրյանը հինգ մատի պես գիտե՞ր իր տերերին։ Հո նա գիտե՞ր, որ բոլոր ընտրությունների շրջանում ինքն անփոխարինելի է, եւ ողջ Սյունիքն ահուսարսափի մեջ պահող խաչատրյանական գերդաստանի գլխից չէր կարող մազ պակասել, քանի դեռ ՀՀԿ-ականներն իրենց իշխանությունը երկարաձգելու դավաճանական մտադրությունից չեն հրաժարվել։

Եվ այսպես, այս անչափ խոցելի, կրկնում եմ՝ նույնիսկ ծիծաղելի փաստարկից հետո փաստաբան Ալումյանն անում է առավե՛լ զավեշտալի, նաեւ տխուր հետեւություններով հղի այս պնդումը. «Այժմ ես համացանցում տեսնում եմ եւ թիմի մյուս փաստաբանների հասցեին վիրավորանքներ, սպառնալիքներ եւ անեծքներ: Ու ինձ համար պարզ է, որ դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն»:

Փաստաբան Ալումյանն, ըստ երեւույթին, շատ բազմազբաղ մարդ է, եւ երեւի մինչ Քոչարյանի պաշտպանության ստանձնումը տեղյակ չէր, որ համացանցում հայհոյում, սպառնում ու անիծում էին նաեւ նախկին «ժողովրդավար» ռոբասերժական ժամանակներում եւ թքած ունեին՝ նախկին իշխանությունները «դա կհանդուրժեն», թե չեն հանդուրժի։ Այնպես որ, ոչ անհայտ Լիսկայի օրինակը ոչ միայն ծիծաղելի է, նաեւ անտանելի խոցելի է։ Ու զարմանալի է նաեւ, որ փորձառու փաստաբանը պահանջում է ներկա իշխանությունից՝ «չհանդուրժե՛լ» համացանցում իր եւ Քոչարյանի մնացած փաստաբանների նկատմամբ հարձակումը, բայց զլանում է հուշել, թե ի՛նչ ճանապարհով «չհանդուրժեն»։ Ա՛յ, գուցե բարի լինի՝ հուշի, ու ներկա իշխանությունն օգտվի այդ հուշումից ու սկսի չհանդուրժել նաեւ նախկին իշխանությունների թալանած փողերով վարձատրվող այն հայհոյողներին, անիծողներին ու սպառնացողներին, որոնց սլաքն ուղղված է հենց իրենց՝ ներկա՛ իշխանություններին։

Հասանք սպառնալիքին։ Հայկ Ալումյանն «Առավոտ»-ին ասում է. «Հանկարծ սա շարունակվեց (անեծքները, սպառնալիքները, հայհոյանքները – Լ. Ճ.), այն աստիճանի կտրուկ ու իրենց համար անկանխատեսելի գործողություններ են լինելու, որ հետո կփշաքաղվեն, ես զգուշացնում եմ»։

Ես, իհարկե, չփշաքաղվեցի, որովհետեւ չեմ անիծել, չեմ հայհոյել եւ չեմ սպառնացել Հայկ Ալումյանին եւ յուր անվեհեր գործընկերներին, բայց ես էլ մեղմ ժպիտով զգուշացնում եմ իր իսկ գործընկեր Ռուբեն Սահակյանի հանգույն. «Պարոն Ալումյան, ձեր բողոքի ձեւն ու որակն ընդդեմ հասարակության՝ փաստաբանին ՀԱՐԻՐ չեն։ Ծանր բեռի տակ եք մտել, արժանապատվորեն կրեք այդ բեռը։ Իսկ եթե անթույլատրելի մեթոդներով են պայքարում ձեր դեմ, դատի՛ տվեք այդ մարդկանց։ Հիմա էլ հո այն ժամանակները չեն, որ հանցագործները նախապես վստահ լինելով, որ փաստաբաններն ինչպիսի անհերքելի ապացույցներ էլ վերհանեն, միեւնույն է՝ իրենք անպատիժ են մնալու, «մեծահոգաբար» չէին սպառնում փաստաբաններին»։