07.08.2018 11:23

DT. Բրիտանիան Ռուսաստանից կպահանջի հանձնել «Նովիչոկով» թունավորողներին

DT. Բրիտանիան Ռուսաստանից կպահանջի հանձնել «Նովիչոկով» թունավորողներին

Բրիտանական հեղինակավոր թերթերի առաջին սյունակներում  նյութեր են այս տարվա մարտին և հուլիսին Սոլսբերի քաղաքում «Նովիչոկ» նյարդակաթվածահարող նյութով թունավորման մեջ կասկածվող՝ Ռուսաստանի երկու քաղաքացիների արտահանձնման վերաբերյալ բրիտանական կառավարության կողմից պատրաստվող հայտի մասին:

Daily Telegraph-ը գրում է, որ կառավարությունը նաև պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ «միջազգային ճնշում» կազմակերպել, որպեսզի նրան ստիպի գործել «համապատասխան կերպ»:

Ինչպես DT-ին և այլ լրատվամիջոցների հաղորդել են անանուն աղբյուրները, նման հայտի նպատակն է հասնել նրան, որ ենթադրյալ մեղավորները կանգնեն բրիտանական դատարանի առջև: Ընդ որում՝ հայտը կուղարկվի մի քանի շաբաթ, նույնիսկ՝ ամիսներ անց:

DT-ն նաև նշում է, թե բրիտանական հատուկ ծառայությունները համոզված են, որ թույնն անօրինական կերպով Բրիտանիա են բերել Ռուսաստանի քաղաքացիները:

Մոսկվան, ըստ էության, մերժում է սեփական քաղաքացիներին հանձնելու ցանկացած փորձ, նշում են Times-ը, DT-ն, Guardian-ը, Daily Mail-ը: Երկուշաբթի ռուսաստանյան իշխանությունները հաստատել են, որ ոչ մի պաշտոնական դիմում այդ հարցով առայժմ չեն ստացել:

Փոխանցում է BBC-ն: