07.08.2018 12:56

Վլադիմիր Կարապետյան. Վերջապես ականատեսն եք արդարադատության

Վլադիմիր Կարապետյան. Վերջապես ականատեսն եք արդարադատության

Մեր հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Կարապետյանը այն 7 դիվանագետներից մեկն էր, որոնք 2008-ի նախագահական ընտրություններից հետո տարածած հայտնի հայտարարությունից հետո այն ժամանակվա իշխանությունների կողմից ազատվել էին աշխատանքից:

- Պարոն Կարապետյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պնդում են, որ Քոչարյանին  մարտի 1-ի գործով կալանավորելու որոշումն ապօրինի է, մեղադրանքները կեղծ են: Ավելին, Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը բանակը քաղաքական գործընթացների մեջ չի ներքաշել, դա արել է ընդդիմությունը, որը հարթակից պարբերաբար կոչ է արել 2008թ. ԵԿՄ նախագահ, պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանին՝ միանալ իրենց:  Ի՞նչ կասեք նման հայտարարությունների մասին:

- Լսեցի Ռ. Քոչարյանին պաշտպանող խմբի բացատրությունները: Ինձ բավարարված եմ զգում այն բանից, որ փաստարկներն ու պաշտպանական մարտավարությունը թույլ են և անորոշ: Միայն պատկերացրի, թե ինչպես է մեկնաբանելու դատարանը այն պնդումը, թե Քոչարյանը փորձում էր զերծ պահել բանակը՝ քաղաքականություն ներքաշողներից: Այս միտքը ցույց է տալիս, թե որքան սնանկ են Ռ. Քոչարյանի դիրքերը: Այսինքն՝ 5 մարդ, չունենալով որևէ հիմնավորում, բայց ունենալով կարգավիճակ (ընդ որում՝ բարձր վարձատրվող, և դա միակ դրական հանգամանքն է այս ամենում), լուրջ դեմքերով անհեթեթություններ են տարածում:

Որքան հասկանում եմ՝ դեռևս միայն մեկ պահով է մեղադրանք առաջադրված՝ 0038 գաղտնի հրամանին Ռ. Քոչարյանի առնչության մասով: Այն, որ այդ հրամանով հիմք դրվեց մարտիմեկյան սպանդին, վկայում է գոնե այն, որ ուժային հանգուցալուծման մասին այդ օրերին խոսում էին ամենուր, այդ թվում՝ ԱԳՆ-ում: Խոսում էին կոնկրետ մարդիկ, հստակ նպատակներով: ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն անգամ արտերկյա իր այցելության ժամանակ էր զրուցակիցներին տեղեկացրել, որ զորքը օգտագործվելու է ցուցարարներին ցրելու, իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար: Միայն այս փաստերը բավական են, որ հասկացվի, թե ինչպես էր իշխանությունը պատրաստվում քաղաքի կենտրոնում սպանդի: Այդ հրամանով նախապատրաստվել էր իշխանության ոճրագործությունը, և հենց դրա վկայությունն է այն, որ Ռ. Քոչարյանը իր հայտնի ելույթում խոսում էր «ավտոբուսի հետևից կրակող ցուցարարների» մասին: Դրանով, իբր, նաև հիմնավորում էր արտակարգ դրություն մտցնելը: Վերոնշյալ հրամանը ուղիղ կապ ունի այդ հայտարարության հետ:

- Քոչարյանն իր հարցազրույցում ասել էր, թե պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն իրեն ասել է, որ որոշել են սպայական կազմը զորանոցային վիճակի բերել այն նպատակով, որ հեռու պահեն բանակը քաղաքական ազդեցությունից:

- Դժվար է գտնել ավելի պարզունակ հիմնավորում, պաշտպանական կողմը չունի այլ ասելիք և անցել է անհեթեթ պնդումների: Դեռևս 2008 թվականից բազմիցս է խոսվել, որ հետընտրական օրերին Երևանում էին գտնվում նաև ԼՂ-ից բերված զորամիավորներ: Այս լուրերը դեռ պետք է հաստատվեն, մենք էլ պետք է հասկանանք, թե եթե դա ճիշտ է, ապա ինչպես են Երևանի կենտրոնում հայտնվել զորամիավորումներ սահմանից, այն էլ՝ սահմանային լարվածության պայմաններում:

-Ըստ Ձեզ՝ որքա՞ն կտևի քննությունը, ինչպիսի՞ այլ հանգամանքներ կան հասարակության ուշադրությունից հեռու:

Ակնհայտ է, ունենալու ենք մրցակցային դատավարություն: Այն շուտ չի լինի, քննության ամբողջականության ապահովման համար անհրաժեշտություն կլինի հարյուրավոր դրվագներ ուսումնասիրել, մի քանի տասնյակ հարցաքննություն իրականացնել, պարզել կրակ արձակելու հրամանների շղթան, բացահայտել սպանությունները, արտակարգ դրություն մտցնելու շինծու հիմքերը: Պաշտպանական կողմը հանդես է բերելու մանիպուլյատիվ հնարքներ, քաղաքական հայտարարություններ անի, ինչպես դա իրենց թույլ տվեցին փաստաբանները վերջին ասուլիսի ընթացքում, փորձելու են ազդել մարդկանց գիտակցության վրա: Քննությունը վարող մարմինը, լայն հասարակությունը պետք է ուշադրություն չդարձնեն «միակ տղամարդու» ստախոսների փոքրաթիվ խմբակին և հաստատակամորեն շարժվեն լիարժեք բացահայտման ուղղությամբ:

- Երկրորդ նախագահի պաշտպաններն ասում են, թե Քոչարյանը պարզապես թիրախ է:

- Քոչարյանը այսօր լքված է ու միայնակ: Իր՝ լայն իմաստով պաշտպանությունը հիմա միայն վարձ ստացող մարդիկ են իրականացնում: Չկա մեկը, որ դուրս գա փողոց, չկա գոնե 10 հոգանոց խումբ, որ որևէ բողոքի գործողության դիմի՝ ի պաշտպանություն Ռ. Քոչարյանի: Մասիսի քաղաքապետի համակիրները շատ ավելի մեծաքանակ ու հավատարիմ էին իրենց պաշտպանյալին:  

Ռ. Քոչարյանը 10 տարի զբաղեցրել է նախագահի պաշտոնը՝ որտե՞ղ են մի քանի տասնյակ նախարարները, վարչության պետերը, պատգամավորներն ու գործարարները, որոնք պաշտպանել են ժամանակին Ռ. Քոչարյանին: Նա մենակ է ու մեկուսացված: Բոլորը գիտեն, որ արված հանցագործությունների համար պետք է պատասխան տրվի, և այդ օրը սարերի ետևում չէ: Իրեն պաշտպանող յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ այս մարդը արյունով եկել է իշխանության, արյունով հանձնել, միակ առաքելությունն էլ եղել այն, որ այլ դաշտում մեղավորներ գտնի: Ու գտել է, ու պատժել: Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխագիր ստորագրած պատգամավորները մինչ օրս ամաչում են հրապարակել իրենց անունները: Սա նախադեպ չունեցող փաստ է:

Այսօր վերջապես մենք ականատեսն եք արդարադատության և հետամուտ ենք լինելու, որ այն իրականանա առանց խոչընդոտների: