08.08.2018 11:01

Աշոտ Սարգսյան. Անհրաժեշտ պարզաբանում

Աշոտ Սարգսյան. Անհրաժեշտ պարզաբանում

ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին այլ պետական պաշտոնյաների նկատմամբ 2008թ. փետրվար-մարտ ամիսներին սահմանադրական կարգի տապալմամբ իշխանության զավթման մեղադրանքով հարուցված քրեական գործի առիթով, այսպես կոչված, հակահեղափոխական բոլոր ուժերը՝ ՀՀԿ, ՀՅԴ, Հանրային խորհուրդ եւ այլն, հասարակությանը մոլորեցնելու համար լծվել են զանազան մանիպուլյացիաներով փաստերը շրջելու, իրողությունները շրջանցելու միջոցով գործի տրամաբանական հանգուցալուծումից մարդկանց ուշադրությունը շեղելու, այլ ուղղությամբ տանելու ստորագույն գործին, եւ այդ ամենը՝ ոչ այնքան Քոչարյանին աջակցելու, որքան իրենց կաշին փրկելու նպատակով։

Նրանց կողմից, մասնավորապես, փորձ է արվում հիշյալ քրեական գործը ներկայացնել որպես նոր իշխանության կողմից քաղաքական հետապնդում, վրիժառություն կամ վենդետա, մի խոսքով՝ ընտրովի արդարադատության իրականացում։ Ավելին՝ պահանջ է դրվում պատասխանատվության կանչել նաեւ 2008-ի ետընտրական իրադարձությունների մյուս կողմին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին, եւ ընդհանրապես՝ Համաժողովրդական շարժման բոլոր ակտիվիստներին։ Աբսուրդը հասնում է այն աստիճանի, որ մոռացության է մատնվում այն փաստը, որ դեռ 2008թ. փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի կողմից նույն՝ «սահմանադրական կարգի տապալման փորձի» եւ «իշխանության յուացման» հոդվածով քրեական գործ է հարուցվել Համաժողովրդական շարժման ղեկավարների դեմ, եւ նրանք այդ շրջանակներում  ոչ միայն, այսպես կոչված, «պատասխանատվության», այլեւ բռնությունների եւ խոշտանգումների են ենթարկվել։ Մինչդեռ փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների համար որեւէ պատասխանատվության չի ենթարկվել իշխանության ոչ մի ներկայացուցիչ։ Ահա սա է եղել հանրապետականների, դաշնակցականների, Հանրային խորհրդի անդամների պատկերացրած կատարյալ, ոչ ընտրովի արադարադատությունը։ Եւ այդ ժամանակ նույն հանրապետականը, դաշնակցականները եւ այսօրվա բոլոր հակահեղափոխական ուժերը ակտիվ մասնակից են եղել խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանության գործած բոլոր ապօրինություններին ու պաշտպանել են դրանք։ Բավական է նշել, թե ինչպես նույն ուժերից կազմված խորհրդարանը կողմ քվեարկեց իրենց գործընկեր պատգամավորներին՝ Մյասնիկ Մալխասյանին, Խաչատուր Սուքիասյանին, Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազի անհիմն միջնորդությանը, եւ ինչպես միահամուռ հավանություն տվեց Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Սամվել Նիկոյանի հանձնաժողովի կազմած խայտառակ, անգրագետ եւ սադրիչ զեկույցին, որը ծաղրանքի առարկա դարձավ անգամ միջազգային կազմակերպությունների համար։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու քրեական գործ չհարուցվեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, նա չկալանավորվեց ու չդատվեց, ապա հարկ է հիշեցնել, որ ԱԱԾ քննիչ, նույն Մ. Մարուքյանի հարուցած քրեական գործը վերաբերում էր, առաջին հերթին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ ձեւակերպված էր հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Պետրոս Մակեյանը, մյուսներն ու ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր‑Պետրոսյանը, տեղեկանալով, որ ըստ նախնական տվյալների պարտվել է ընտրություններում եւ ստացել ընտրողների ձայների ընդամենը 21.5%-ը, երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, հիմնարկ‑ձեռնարկությունների, կազմակերպությունների բնականոն աշխատանքները կազմալուծելու միջոցով, ինչպես նաեւ զինված խմբավորումներ կազմավորելու եւ դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ են կատարել։ Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օրենսգրքի 27, 175–176, 181–182, 192‑րդ հոդվածներով՝ որոշեցի. 1. Լեւոն Տեր‑Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ 58200608 քրեական գործը՝ ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Շարժման 100-ից ավելի ակտիվնստներ եւ ղեկավարներ կալանավորվեցին եւ դատվեցին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ոչ , դրա բացատրությունն էլ հետեւյալն է։ Իշխանություններն ունեցել են նման մտադրություն, բայց դրանից հրաժարվել են հետեւյալ պատճառներով.

Ա) Տեր-Պետրոսյանի կալանավորումը համաժողովրդական նոր ահռելի ցնցում կառաջեցներ, որը իշխանությունները ստիպված կլինեին ճզմել նոր բռնություններով, ինչը, վստահաբար, այլեւս չէր հանդուրժվի միջազգային հանրության կողմից։

Բ) Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը Եվրոպական Միությունից, վերջինիս ներկայացուցիչների՝ Սեմնեբիի եւ Լուցենբերգերի միջոցով, խիստ զգուշացումներ են ստացել՝ ձեռնպահ  մնալու այդ քայլից։

Գ) Տեղեկություններ կան, որ Տեր-Պետրոսյանի ձերբակալմանն ընդդիմացել են նաեւ ՀՀ մեկ-երկու բարձր պաշտոնյաներ։

Դ) Այս միջամտությունները բացատրվում են ոչ թե մարդասիրական, այլ գործնական նկատառումներով, այն է՝

 Եվրոպական Միությունը եւ հիշյալ պաշտոնյաները շատ լավ իմացել են, թե ինչ լայնածավալ կեղծիքների, ընտրակաշառքի, բռնությունների միջոցով են անցկացվել 2008թ. նախագահական ընտրությունները։ Այնպես որ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ կիրառվելիք կալանավորումը կարող էր ողջ աշխարհի ուշադրությունը կրկին բեւեռել այդ խայտառակ ընտրությունների վրա եւ առավել ակնհայտ դարձնել Սերժ Սարգսյանի օրինակարգության լիակատար բացակայության փաստը։

Իսկ այդ փաստը, հիշեցման կարգով նշենք, հավաստված է ԱՄՆ երեւանյան դեսպանատնից Պետքարտուղարություն ուղարկված մի շարք զեկուցագրերով։ Դրանցից մեկում արձանագրված է, որ Տեր-Պետրոսյանը ընտրություններում ստացել է ոչ թե պաշտոնապես հայտարարված 21,5, այլ 30-35 տոկոս քվե, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանն իրականում չի ընտրվել, եւ անհրաժեշտ էր անցկացնել ընտրությունների 2-րդ փուլ, որում, ըստ նույն աղբյուրի, Տեր-Պետրոսյանը համոզիչ հաղթանակ կտաներ  (Wikileaks 08YEREVAN204)։ Ըստ մեկ այլ զեկուցագրի՝ Տեր-Պետրոսյանի թիմը այնպիսի հիմնավոր հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան, որ եթե իշխանությունների կողմից ճնշում չգործադրվեր, ապա վերջինս հաստատապես որոշում կկայացներ Տեր-Պետրոսյանի օգտին՝ անվավեր ճանաչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ընտրությունների արդյունքների մասին (Wikileaks 08YEREVAN226)։ Նշված փաստերը այնքան ակնհայտ են եղել ԱՍՆ իշխանությունների համար, որ նախագահ Բուշը այդպես էլ չշնորհավորեց Սերժ Սարգսյանի «հաղթանակը»։

Այս պարզաբանման նպատակը ոչ այնքան պատմական ճշմարտության վերհանումն էր, այլ ներկայիս հակահեղափոխական ուժերի կողմից Մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին (նաեւ անձամբ իրենց) պատասխանատվությունից խույս տալու ջղաձգությունների ու ձեռնածությունների ցուցադրումը։ Հուսով ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները այնքան անաչառ ու հետեւողական կլինեն, ո ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից։

Հաջորդ առիթով կանդրադառնանք  Ռ. Քոչարյանի դեմ հարուցված գործի շրջանակներում հակահեղափոկան նույն ուժերի կողմից շրջանառության մեջ դրված մի այլ ձեռնածության՝ 1996 եւ 2008 թթ. նախագահական ընտրությունների նույնացման նենգ ու խղճուկ փորձին։