08.08.2018 13:23

Բորիս Ջոնսոնը ներողություն չի խնդրի մուսուլման կանանց մասին կատակի համար

Բորիս Ջոնսոնը ներողություն չի խնդրի մուսուլման կանանց մասին կատակի համար

Լոնդոնի նախկին քաղաքապետ և Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարվել է ներողություն խնդրել իսլամական հագուստ կրող կանանց վերաբերյալ իր կատակի համար, թեև Պահպանողական կուսակցության նախագահը նրանից պահանջել է դա անել:

Ջոնսոնը քննադատության տարափի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ հայտարարել է, որ գլուխն ու դեմքը ծածկող հագուստ կրող մուսուլմանուհիները «նման են փոստարկղերի», և նրանց համեմատել է բանկ թալանողների հետ:

Քննադատները Ջոնսոնի արտահայտությունները վիրավորական ու սադրիչ են անվանել: Մինչդեռ Ջոնսոնին մոտ աղբյուրը BBC-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ ԱԳՆ նախկին ղեկավարը պարզապես իր կարծիքն է հայտնել բարդ թեմայի շուրջ, և նրան դրա համար քննադատելը «պարզապես անհեթեթություն է»: «Մենք չպետք է թակարդում հայտնվենք՝ հրաժարվելով քննարկել բարդ թեմաները,- ասել է աղբյուրը:- Մենք պետք է խոսենք դրանց մասին: Եթե մենք չպաշտպանենք լիբերալ արժեքները, ապա պարզապես պիտի պար գանք ռեակցիոներների ու ծայրահեղականների դուդուկի տակ»:

Իր հոդվածում Ջոնսոնը դեմ է հանդես եկել դեմքը ծածկող հագուստի օրենսդրական  արգելքին, բայց նաև հայտարարել է, որ դրանք «հիմար տեսք ունեն»:

Փոխանցում է BBC-ն: