08.08.2018 15:58

Թրամփը վերջնագիր է ներկայացնում

Թրամփը վերջնագիր է ներկայացնում

«Ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է». մոտավորապես այսպես կարելի է ձևակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե այն երկրները, որոնք նախատեսում են բիզնես վարել Իրանի հետ՝ նրա դեմ պատժամիջոցները վերականգնելուց հետո, չեն կարող շարունակել համագործակցել Վաշինգտոնի հետ:

ԱՄՆ ղեկավարն իր Twitter-ում գրել է. « Իրանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես մտցվել են: Դրանք ամենակոշտ պատժամիջոցներն են՝ երբևէ սահմանվածներից, իսկ նոյեմբերին ավելի կխստացվեն: Նա, ով Իրանի հետ բիզնես է վարում, դա չի անի Միացյալ Նահանգների հետ: Ես պահանջում եմ խաղաղություն ողջ աշխարհում, ոչ պակաս»:

Սակայն Եվրամիությունն այլ կարծիքի է:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են «պաշտպանել արդյունավետ ֆինանսական խողովակներն Իրանի հետ» և «պահպանել նավթի և գազի արտահանումն այդ երկրից»: Վաշինգտոնի հետ վեճում Թեհրանի կողմն  են բռնել նաև Պեկինն ու Մոսկվան:

Բրյուսելը միջոցներ է մշակել՝ եվրոպական ընկերությունները պատժամիջոցների ռեժիմից զերծ պահելու ուղղությամբ: Ավելի վաղ  Եվրամիությունը սահմանել է, այսպես կոչված՝ «Արգելափակող ստատուտ», որը եվրոպական ընկերություններին արգելում է ենթարկվել պատժամիջոցների ռեժիմին:

Փոխանցում է euronews-ը: