09.08.2018 12:17

Ոմանք Արցախի արդարացված պահպանողականությունը ճիշտ չեն հասկանում. Վահրամ Աթանեսյան. Առավոտ

Ոմանք Արցախի արդարացված պահպանողականությունը ճիշտ չեն հասկանում. Վահրամ Աթանեսյան. Առավոտ

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը` «Առավոտ»-ի հետ զրույցում խոսում է Արցախը «հակահեղափոխության հարթակ» լինելու մասին

Վերջին շրջանում Արցախի նկատմամբ հակաքարոզչությունը բավական ակտիվացել է, Արցախին մեղադրում են հակահեղափոխության հարթակ լինելու մեջ: Այս ամենում վտանգներ տեսնո՞ւմ եք եւ առհասարակ, ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվողը:

 – Որոշ լրատվամիջոցներ, այո, նման հակաքարոզչություն իրականացնում են: Դա ցավալի է: Սկզբունքորեն հայկական հեղափոխությունը սկսվել է Արցախից՝ 88-ի փետրվարին: Արցախը չի կարող հակահեղափոխական լինել: Դա կլիներ մեր ժողովրդի երեսնամյա պայքարի ժխտումը, ինչը բացառված է: Ըստ երեւույթին, ոմանք Արցախի արդարացված պահպանողականությունը ճիշտ չեն հասկանում: Թյուրըմբռնումը հաղթահարելու համար, կարծում եմ, կա շփումների ինտենսիվացման անհրաժեշտություն: Քաղաքական ուժերը, հանրային -մտավորական եւ մշակութային շրջանակները, մամուլը եւ տեղեկատվության մյուս բոլոր միջոցները մեծ անելիք ունեն: Հույս ունեմ, որ արձակուրդային շրջանին կհաջորդեն գործնական քայլեր:

Կրկին ակտիվանում են տեսակետի կողմնակիցները, որ Արցախի անկախությունը ձեռնտու է միայն Արցախի իշխանություններին, եւ, որ միակ ճիշտ ճանապարհը Արցախի`Հայաստանին միանալն է: Ավելին, որոշ գործիչների կողմից անգամ առաջարկներ հնչեցին`Հայաստանին միանալու տարբերակին Արցախի «դիմադրելու» պարագայում զինվորներ չուղարկել Արցախ: Այդ տեսակետը կարո՞ղ է դոմինանտ դառնալ եւ այն ինչի՞ կբերի:

 – Չէի ուզենա սուր գնահատական հնչեցնել: Արցախում չկա մի պաշտոնյա, որ պատրաստ չէ վայր դնել լիազորություններն այն պահին, երբ կհռչակվի երկու հայկական պետությունների միավորումը: Դա նպատակ է, որին հասնելու միջոց է ընտրվել Արցախի անկախությունը: Սա պարզ ճշմարտություն է, մնացածը՝ դեմագոգիա: Իսկ եթե հոգեգարության հակումներ ունեցող մեկն առաջարկում է զինվոր չուղարկել Արցախ, ապա նա վտանգում է Հայաստանի, հայ ժողովրդի գոյությունը: Նման մարդկանց արժանի գնահատական պետք է հանրությունը տա: Համոզված եմ, որ այդպես էլ կա: Եվ նրանք սեփական մարգինալությունը փորձում են կոմպենսացնել էպատաժային հայտարարություններով: Նմաններն ինձ հիշեցնում են Հերոստրատին: Ավելին չարժե ասել:

 –  Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Արցախի ներսում, տեսանելի է, որ քաղաքական ուժերը պատրաստվում են 2020-ի ընտրություններին, կա՞ն նոր ձեւավորող ուժեր, որոնք կարող են իրական գործընթացների մեջ մտնել:

 – Այն պահին, երբ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ թեկնածությունը չի առաջադրի 2020 թվականի ընտրություններում, Արցախի գրեթե բոլոր քաղաքական ուժերն աշխուժացան: Այստեղ արտառոց ոչինչ չկա: Ինչպես ասում են՝ վատ է այն զինվորը, որ չի երազում գեներալ դառնալ, բայց դրա համար պետք է արժանավոր զինվոր լինել: Որոշ ուժեր, կարծում եմ, գերագնահատում են իրենց հնարավորությունները: Մի այլ առիթով ես «Առավոտին» ասել եմ, որ նախագահ Սահակյանը կկարողանա անցնցում կառավարել այս անցումային շրջանը: Կարծում եմ՝ այդպես էլ կա: Քաղաքական գործընթացները զարգանում են կանխատեսելիության տիրույթում: Հավանական է, աշնանը կմեկնարկեն օրենսդրական կամ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ եւ կուրվագծվի գալիք դասավորությունների մոտավոր պատկերը:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: