09.08.2018 13:17

Վենեսուելա. ընդդիմադիր պատգամավորները զրկվել են անձեռնմխելիությունից

Վենեսուելա. ընդդիմադիր պատգամավորները զրկվել են անձեռնմխելիությունից

Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի որոշմամբ՝ խորհրդարանի պատգամավորներ Խուլիո Բորխեսը և Խուան Ռեկեսենսը զրկվել են անձեռնմխելիությունից՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի կազմակերպման մեղադրանքով, հաղորդել են լրատվամիջոցները Կարակասից:

Նախօրեին ազգային ժողովի ղեկավար Դիոսդադո Կաբելյոն տեղեկացրել էր, որ նման որոշում է նախապատրաստվում:

Բորխեսը, որ գտնվում է Կոլումբիայում, Մադուրոյի դեմ մահափորձն անվանել էր բեմադրված ֆարս: «Երկրում ոչ ոք, ասենք՝ աշխարհում էլ, չի հավատում մահափորձի այդ ֆարսին, մենք բոլորս գիտենք, որ դա բեմադրություն էր, որի նպատակն էր հետապնդել ու ճնշել նրանց, ովքեր հանդես կգան քո դիկտատուրայի դեմ»,- իր Twitter-ում գրել էր քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում Բորխեսին և ուրիշ ընդդիմադիրների մեղադրել էր մահափորձի կազմակերպման մեջ: Դրան, Մադուրոյի ասելով, 50 մլն դոլարի դիմաց մասնակցել է 11 հոգի, այդ թվում՝ Վենեսուելայի երևելի քաղաքական գործիչներ, որոնք ապրում են Կոլումբիայում և ԱՄՆ-ում: Նա շեշտել էր, թե Վենեսուելան կհասնի նրան, որ այդ գործիչներին հանձնեն:

Փոխանցում է Interfax-ը: