09.08.2018 13:55

Կարմիր կովը կաշին չի փոխում

Կարմիր կովը կաշին չի փոխում

Հանրությանը ոչ անհայտ Հմայակ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատող «հանճարեղ» մտքերի հերթական մի բույլ պարգևելով ընթերցողներին։ Այս կապակցությամբ նպատակահարմար ենք համարում վերահրապարակել մեր կայքում լույս տեսած հոդվածներից մեկը։ Հաշվի առնելով տարբեր ժամանակներում նրա արտահայտած արմատապես հակասող կարծքիները՝ կարելի է ենթադրել, որ Հմայակ Հովհաննիսյանն ինքն իր հետ խնդիր ունի և նաև հրատապ օգնության կարիք։

Անբարոյականությունն էլ չափ ու սահման պետք է ունենա

Իր վերջին հարցազրույցում (1in.am. 31.01.2017) Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ընդարձակորեն անդրադառնալով Արցախյան հիմնահարցի լուծման վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2016թ. դեկտեմբերի 17-ի ելույթում արտահայտված տեսակետին, այն գնահատել է խիստ վնասակար ու դավաճանական։ Կարկառուն (ավելի ճիշտ՝ կառկառուն) քաղաքագետին ուզում ենք հիշեցնել, որ Տեր-Պետրոսյանն, ըստ էության եւ ավելի հանգամանորեն, նույն տեսակետն է արտահայտել դեռեւս 1997–1998 թթ. իր հանրահայտ հրապարակումներում (1997-ի սեպտեմբերի 26-ի մամլո ասուլիսում, «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածում, Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում)։

Բայց այդ «վնասակար ու դավաճանական տեսակետը» Հմայակ Հովհաննիսյանին ամենեւին չի խանգարել 2008 թվականի նախագահական ընտրություններում «անձնվիրաբար» պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ Ավելին, Հովհաննիսյանը 2007-ի հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակի հարթակում կանգնած է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, երբ վերջինս նախընտրական իր առաջին իսկ ճառում կրկին հանգամանորեն ներկայացրել է այդ «վնասակար ու դավաճանական» տեսակետը։

Իսկ 2008թ. հունվարի 9-ին նա Տեր-Պետրոսյանին է հղել հետեւյալ հիացական շնորհավորական նամակը. «Մեծարգո Լեւոն Հակոբի, Հայաստանի քաղաքագետների միության վարչության եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը։ Տասնամյա ընդմիջումից հետո Ձեր վերադարձը մեծ քաղաքականություն ճանապարհ բացեց Հայաստանում հրապարակային քաղաքականության վերածննդի համար։ Որքան էլ դժվար ընթանա այդ վերածնունդը, վստահ եմ, որ ժամանակավոր տեղատվությունները շուտով կհաղթահարվեն, եւ Ձեր առաջնորդությամբ ընդդիմությունն ի զորու կլինի վերականգնել մեր երկրում վերջին տարիներին անկյուն մղված հրապարակային քաղաքականության դերն ու նշանակությունը։ Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ մուսալեռցիներին հատուկ կենսունակություն՝ ի վերուստ Ձեզ նախագծված առաքելությունն իրագործելու համար։ Խորին հարգանքով՝ Հմայակ Հովհաննիսյան» («ՀՀ Առաջին նախագահի արխիվ», թղթ. 03/9.9.01.2008)։

Ի դեպ, Հովհաննիսյանը Առաջին նախագահի «երկրպագուն» է եղել նույնիսկ նախագահական ընտրություններից հետո, ինչի վկայությունն է նրա հոդվածներից մեկի հետեւյալ բնորոշ հատվածը. «Ղարաբաղը բարոյական արժեք էր բոլորիս համար մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Դրանից հետո, սակայն, սկսվեց մի գործընթաց, որը հանգեցրեց այս կացությանը, երբ ղարաբաղցիները եւ Ղարաբաղն այլեւս չեն դիտվում որպես գերագույն բարոյական հեղինակություն։ ...Հիմա ես պետք է ասեմ այն դրականի մասին, ինչը Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացել էր, այնուամենայնիվ, ի կատար ածել իր գործունեության ընթացքում, եւ ինչի հետ ես միանշանակ համաձայն էի եւ այն ժամանակ, եւ այսօր: Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի ղեկավարությանը եւ քաղաքական դեմքերին տվել էր ազատություն` իրականացնելու սեփական մոտեցումները: ...Ղարաբաղի ղեկավարությունն ինքն այդ ինքնուրույնությանը հասել էր նաեւ սեփական ջանքերով, բայց, միաժամանակ, ի պատիվ Լեւոն Տեր-Պետրոսյանի, պետք է ասեմ, որ նա հասկացավ, որ Ղարաբաղի ձգտումը՝ առանձին քաղաքականություն վարելու, հենց նաեւ Հայաստանի շահերից է բխում» (theanalyticon.com ամսագիր. փետրվար 2009թ.) ։

Այս ամենը նշանակում է, որ 2008-ի նախագահական ընտրություններում պաշտպանելով Տեր-Պետրոսյանի թեկնածությունը՝ Հմայակ Հովհաննիսյանը պաշտպանել է նաեւ նրա «վնասակար ու դավաճանական» տեսակետը, այսինքն Հովհաննիսյանը նույնքան «վնասակար ու դավաճանական» արարք է գործել, որքան առաջին նախագահը։

Ինչեւիցե, եթե Հայաստանում քամելեոնների մրցանակաբաշխութուն անցկացվեր, ապա Հմայակը հաստատապես կարժանանար լավագույնի, բացառիկի, անգերազանցելիի մրցանակին։

Յուրա Հովսեփյան

01.02.2017