09.08.2018 13:59

Արգենտինայի սենատը քվեարկել է աբորտների օրինականացման դեմ

Արգենտինայի սենատը քվեարկել է աբորտների օրինականացման դեմ

Արգենտինայի սենատը դեմ է քվեարկել  այն օրինագծին, որով օրինականացվում էր մինչև 14 շաբաթական հղիության արհետական ընդհատումը, հինգշաբթի հաղորդել է BBC News-ը:

Օրինագծին դեմ է քվեարկել 38 սենատոր, այն պաշտպանել է 31 հոգի:

Այժմ օրինագիծը կրկնակի քննարկման կարող է ներկայացվել միայն մեկ տարի անց:

Ներկայում աբորտներն Արգենտինայում թույլատրվում են միայն այն դեպքերում, եթե հղիությունը բռնաբարության արդյունքում է, կամ եթե այն սպառնում է մոր առողջությանը:

Սենատի շենքի մոտ, որտեղ ավելի քան 15 ժամ ընթանում էր հարցի քննարկումը, հավաքվել են օրինագծի թե՛ կողմնակիցները և թե՛ հակառակորդները: Ընդհանուր առմամբ՝ ցույցին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ, մեծ մասամբ՝ կանայք:

Նախաձեռնության հակառակորդները ողջունել են կայացված որոշումը՝ հայտարարելով, թե «քվեարկությունը ցույց տվեց, որ Արգենտինան շարունակում է մնալ այնպիսի երկիր, որտեղ գնահատվում են ընտանեկան արժեքները»: Մինչդեռ օրինագծի կողմնակից կանանցից շատերը լաց են եղել:

Փոխանցում է Interfax-ը: