09.08.2018 21:57

Սուրեն Սարգսյան. ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ԱՄՆ բացառիկ էր

Սուրեն Սարգսյան. ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ԱՄՆ բացառիկ էր

Ֆեյսբուքյան օգտատեր Սուրեն Սարգսյանը գրում է.

«1994թ. այս օրը սկսվեց ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ԱՄՆ

Այցը բացառիկ էր մի քանի առումով։ Նախ, այն կրում էր պաշտոնական-աշխատանքային բնույթ։ Պահպանված էին արարողակարգի բոլոր առանձնահատկությունները, իսկ Հայաստանի պատվիրակությունը (պատմության մեջ առաջին ու դեռևս վերջին անգամ) հանգրվանել էր «Բլեյեր Հաուս»-ում, որն ԱՄՆ նախագահների հատուկ հյուրերի կեցավայրն է։

Տեր-Պետրոսյանի պատվիրակությունը բավականին ներկայացուցչական էր։ Պատվիրակության կազմում էին առաջին տիկինը, պետնախարար Վազգեն Սարգսյանը, արտգործնախարար Փափազյանը, էկոնոմիկայի նախարար Եղիազարյանը, ֆինանսների նախարար Բարխուդարյանը, ԿԲ նախագահ Ասատրյանը, նախագահի մամուլի քարտուղարը, անձնական բժիշկը և այլք։

Հայաստանի Նախագահի ինքնաթիռը վայրեջք է կատարում Վաշինգտոնի Դալլաս օդակայանում ամսի 7-ին ժամը 15:25-ին: Դրանից անմիջապես հետո Հայաստանի պատվիրակությունը ուղևորվում է «Ուիլիարդ» հյուրանոց, որտեղ և անցկացնում է առաջին երկու գիշերները։ Հաջորդ օրը առավոտյան, ըստ արարողակարգի կանոնների, Հայաստանի Նախագահի պատվիրակությունը այցելում է Առլինգթոնի զինվորական գերեզմանատուն, ծաղկեպսակ դնում անհայտ զինվորի գերեզմանին, ինչպես նաև Նախագահ Ջոն Քենեդիի և Ժակլին Քենեդիի գերեզմանին։ Նույն օրը, երեկոյան Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում ընդունում է Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային Հիմնադրամի ղեկավարներին։ Օգոստոսի 9-ի առավոտյան պատվիրակության հիմնական մասը տեղափոխվում է «Բլեյեր Հաուս» և սկսվում է այցի պաշտոնական մասը։ Նույն օրը Հայաստանի Նախագահը աշխատանքային ճաշ է ունենում ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ։ Ճաշից անմիջապես հետ Հայաստանի պատվիրակությունը մեկնում է Պենտագոն՝ հանդիպելու ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ուիլիամ Փերիի հետ։ 
17:00-ին Սպիտակ Տան Օվալաձև Աշխատասենյակում սկսվում է Հայաստանի Նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահ Քլինթոնի հետ։
Նախագահ Քլինթոնի գրադարանում պահպանվել է Հայաստանի Նախագահի այցի արարողակարգային ժամանակացույցը, իսկ այցի պատասխանատու էր նշանակված ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ Նախագահի խորհրդական Էնթոնի Լեյքը։

Հանդիպման արարողակարգն այսպիսի տեսք ուներ․

· 5:30:-7:30 Հանդիպում Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ

· 5:30 Նախագահ Քլինթոնը ողջունում է Նախագահ Տեր-Պետրոսյանին (մամուլի մասնակցությամբ)

· 5:35-6:05 Նախագահների փակ հանդիպում Օվալաձև աշխատասենյակում։

· 6:15 Նախագահ Քլինթոնը Նախագահ Տեր-Պետրոսանին ուղեկցում է «Կանաչ Սրահ»։

· Նախագահներն ու Առաջին տիկնայք ծանոթանում են միմյանց «Արևելյան Սրահ»-ում:

· Նախագահը Քլինթոնի խոսքը։

· Նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքը։

· Նախագահներն ու առաջին տիկնայք գնում են «Կապույտ Սրահ»` հերթով ողջունելու հյուրերին։

Ընդունելության ավարտից հետո Նախագահ Քլինթոնն ու առաջին տիկին Հիլարի Քլինթոնը ճանապարհում են Նախագահ Տեր-Պետրոսյանին և ՀՀ առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, ուղեկցելով Սպիտակ Տան հյուսիսային մուտք՝ Սյունազարդ սրահ։

Այ, որ առաջին Նախագահը ինձ հարցազրույց տար, ինչքան նոր բան կիմանայինք․․․
Այդուհանդերձ պատմական այցը «կլուսաբանեմ»:»