10.08.2018 13:02

«Չելսիի» երկրպագուները ատում են Կուրտուային

«Չելսիի» երկրպագուները ատում են Կուրտուային

«Ռեալ» տեղափոխվելու մասին պաշտոնապես հայտարարելուց հետո Տիբո Կուրտուան իր ֆեյսբուքյան էջում «Չելսիի» երկրպագուներին ուղղված ուղերձ է հրապարակել, որը, սակայն, կարճ ժամանակ անց հեռացրել է: Պատճառը գրառման տակ հնչեցված բացասական մեկնաբանություններն են եղել, մասնավորապես, երկրպագուները բելգիացի դարպասապահին անվանել են «առնետ, օձ, դավաճան» և ասել, թե որքան ուժեղ են ատում նրան:

Ստորև ներկայացնում ենք հատված Կուրտուայի գրառումից.

««Չելսին» միշտ մեծ տեղ կզբաղեցնի իմ սրտում: Ես ընդամենը 19 տարեկան էի, երբ այս ակումբը հավատաց իմ ուժերին և թույլ տվեց իրագործելու մանկությանս երազանքը` այն է, խաղալ Պրեմիեր Լիգայում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի մարզչական կազմին, տնօրինությանը, խաղընկերներիս, որոնց հետ այս տարիների ընթացքում շատ հաճելի և անմոռանալի պահեր եմ ունեցել:

Ես ցանկանում եմ  շնորհակալություն հայտնել նաև իմ երկրպագուներին իրենց սիրո և աջակցության համար: Հուսով եմ, կհասկանաք, որ երեխաներիս մոտ գտնվելու, նրանց կողքին լինելու ցանկությունը մեծապես ազդել է իմ այս որոշման վրա»:

Առաջին հայացքից թվում է, թե անհիմն են երկրպագուների բացասական խոսքերն ու մեղադրանքները: Սակայն  համացանցում հայտնված լուսանկարից հետո, որում Կուրտուան համբուրում է «Ռեալի» իր նոր մարզաշապիկին պատկերված լոգոտիպը, բացասական արձագանքի պատճառը միանգամից հասկանալի է դառնում: Չէ՞ որ մեկ տարի առաջ նույն ձևով  Կուրտուան սեր էր խոստովանում լոնդոնյան ակումբին` ասելով. «Ես ինձ «Ռեալում» չեմ տեսնում, այլ միայն «Չելսիում»: Ես չեմ կարող հեռանալ մի ակումբից, որը 6 տարի առաջ Բելգիայի հավաքականում տեսավ ինձ և հնարավորություն տվեց դառնալու իր անդամը: «Չելսիի» շնորհիվ ես 3 տարի անցկացրել եմ «Ատլետիկոյում», ինչի շնորհիվ ես դարձա պրոֆեսիոնալ դարպասապահ»:

Նշենք, որ Տիբո Կուրտուան «Չելսիից» տեղափոխվել է «Ռեալ»: Տրանսֆերի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո: Պայմանագիրը կնքվել է 6 տարով: