10.08.2018 12:08

Լիզա Ճաղարյան. Հանուն փողի մարդկային թերմացքը հոգին է վաճառում

Լիզա Ճաղարյան. Հանուն փողի մարդկային թերմացքը հոգին է վաճառում

«Վախի մթնոլորտը մարդկանց մեջ շատ բարձր է», - ասել է Քոչարյան Ռոբերտի մերձավորագույն բարեկամուհին։

Հասարակության արձագանքներն այս «ահազանգին» հիմնականում հեգնանք են ու սարկազմ։

Բայց արժի՞ որ։ Ի՞նչ մի սխալ բան է ասում ահաբեկված տիկինը։

Հապա ձեր շուրջը նայեք։ Վերջին ամիսներին Հայաստանում իրոք մարդկանց մի որոշակի խումբ ապրում է «շատ բարձր վախի մթնոլորտում»։ Այդ «շատ բարձր վախ»-ին զուլալ հայոց լեզվով ասում են «սարսափ»։ «Զարհուրանք»-ն էլ չափազանցություն չէ այս մի խումբ մարդկանց պարագայում։ Հո գաղտնիք չէ՞, որ այդ մի խումբ մարդիկ ամեն օր ու ամեն ժամ սրտի ծակոցներով եւ ծնկների դողով սպասում են, թե ահա ուր որ է ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը «շատ շնորհքով կներխուժի» իրենց կալվածքները եւ «օրենքի տառին համապատասխան» կհայտնաբերի պատկառազդու եւ սարսափազդու զինապահեստներ եւ փադիշահների նախանձը հարուցող «մալ ու դովլաթ», որը շատ դարեր առաջ եւ նույնիսկ 21-րդ դարում հայոց ժողովրդական լեզվով «թալան» է կոչվում։

Մի քանի ամիս առաջ էլ էր Հայաստանում «վախի մթնոլորտը շատ բարձր»։ Ընդամենը մեկ «չնչին» տարբերություն կար այդ մի քանի ամիս առաջվա Հայաստանի ողջ բնակչության վախի եւ ներկա պահի մի խումբ մարդկանց սարսափի միջեւ։

Հայաստանի բնակչության մեծամասնությունը մի քանի ամիս առաջ վախենում էր պետություն կորցնելու հեռանկարից, երկրում իշխող անարդարությունից բխող ծանր հետեւանքներից. կսպանեն՝ չեն պատժվի, կթալանեն՝ քթներից չի գա, կավերեն՝ չեն կառուցի, կխոստանան՝ կխաբեն, կծախեն ու կլափեն եւ այսպես շարունակ։

Հիմա՝ ահա այս մարդասպանները, թալանչիները, ավերողներն ու լափողները, պետությունը մաս-մաս վաճառողները զարհուրում են արդարությունից։

Ինչո՞վ կարող են հակահարված տալ արդարություն պահանջող ճնշող մեծամասնությանը։ Բնականաբար՝ փողով։ Իրենք էլ գիտեն, որ տարիների ընթացքում իրենց ձեռք բերած միակ բանը փողն է։ Դեռ հավատում են կամ ուզում են հավատալ, որ փողն ամենակարող է։ Մեր մեջ ասած՝ ճա՛ր էլ չունեն այլ բանի հավատալու։ Դե, ոչ մի հասարակություն զերծ չէ մարդկային թերմացքից, մերը՝ նույնպես։ Ահա մեր միջի այս թերմացքին էլ ողորմություն են շպրտում իրենց դիզած հարստությունից եւ հույս ունեն, որ սրանք փրկելու են իրենց արդար պատժից։

Իրենք էլ գիտեն, որ աղոտ եւ շատ խախուտ հույս է, բայց ուրիշ ելք չունեն։

Հայաստանում արդարության եւ փողի միջեւ պատերազմ է սկսվել։

Հայտնի բան է՝ անձնազոհության են մղվում միայն հանուն արդարության։ Հանուն փողի՝ մարդկային թերմացքն ընդամենը հոգին է վաճառում։

Հանցագործների փոքրիկ խումբը այս ճշմարտությունը բոլորիցս լավ գիտի։ Դրա համար էլ սրանց նյարդային ջղակծկումները հոգեգարության ցնցումներով են ուղեկցվում։

Օդն, իհարկե, կեղտոտվում է այս հանցախմբի եւ նրանց հացկատակների բերաններից սելավի պես թափվող գարշահոտ փրփուրներից, բայց արդարության ուժեղ քամին կքշի կտանի՝ փրփուրի եղա՞ծն ինչ է։