10.08.2018 12:58

Մհեր Արշակյան. Մարդիկ, գնացեք Հայաստանի գյուղեր

Մհեր Արշակյան. Մարդիկ, գնացեք Հայաստանի գյուղեր

Մարդիկ, գնացեք Հայաստանի գյուղեր:

Հատկապես այն գյուղերը, որոնք շրջապատված են անտառներով: Ազատեք ձեզ քաղաքի հանդեպ ձեր սիրուց, դուք արդեն օրիգինալ չեք, դուք բնապատկերի աղը չեք, գնացեք Հայաստանի գյուղեր:

Այնտեղ դուք առավելեւս չեք դառնա բնապատկերի աղը, բայց կինքնամաքրվի ձեր համի զգացումը:

Մարդիկ այնտեղ չափազանց քիչ են, նրանք չեն աղմկում:

Նրանց նայելիս դուք գոնե կարող եք մտածել, որ հաջողակ եք: Կարեւոր չէ՝ ինչում: Նրանք հենց դրա համար էլ կան, որ ինքներդ ձեզ կայացած թվաք:

            Գյուղը ձեր թեթեւ շնչառության հրավերն է, ես միայն մեկ օր եղա Լոռու մարզի Բովաձորում, որի անունը չէի էլ լսել: Սիրահարված եմ:

            Գյուղում ես հասկացա, որ կենդանիները եւ մարդիկ իրենց ձագերին (երեխաներին) տարբեր կերպ են սիրում: Մարդը նույն սիրով չի սիրում երկու եւ ավելի երեխաներին: Կենդանին, ասենք, հավը՝ նույն սերը իր քսան ճուտիկների հանդեպ:

Բոլոր ճուտիկները մեկ օրգանիզմ են: Եթե հավ-մայրիկը մեկին մյուսից գերադասի, նրան սպառնացող վտանգի պահին չի իմանա, թե ինչպես պահի իրեն: Մարդը դեռ կարող է մտածել, որ զավակը կինքնապաշտպանվի: Ոչ ասուն մայրը չի կարող մտծել: Ուստի նրա սերը չի կարող տարբերակվել:

Հավ-մայրիկը իր ձագերին միանգամից սիրում է այն սիրով, որով սիրում են բոլոր մարդիկ ի վերջո:

Գնացեք Հայաստանի գյուղեր: Կյանքում գոնե մեկ անգամ կհամոզվեք, որ խեղճությունն էլ կարող է գեղեցիկ լինել: Կհասկանաք, որ գյուղացին ձեր իմացած մարդը չէ:

Հայաստանի գյուղերը ձեզ առաջարկում են էկոլոգիապես մաքուր առանձնություն: Այս կողմերում ասֆալտը քաղաքային իշխանություն չունի, միջավայրում ինքը փոքրամասնություն է: Հայաստանի գյուղերում սերն աճեցնում են, քաղում են ծառից, կթում են, ինքնամփոփ մարդիկ շատ են, թեպետ մարդիկ ընդհանուր առմամբ այնքան քիչ են:

Դուք գյուղերին ոչինչ չեք կարող ավելացնել, նրանք հենց մեզանով են պակասել: Բայց դուք եկեք, որպեսզի հասկանաք, թե բնապատկերների ինչպիսի աջակցությունից եք զրկել ձեզ, երբ սիրահարվել եք, եկեք, որպեսզի ձեր երեւակայությունն իրեն «մարդ» զգա:

Կանգնեք որեւէ ծառի մոտ եւ դարձեք որեւէ աշխարհի մեծամասնություն, ոը հենց այդ պահին կծնվի ձեր մեջ: Գնացեք դեպի գետը, որտեղ քչքչոցը դառնում է ձեր ներքին ձայնը կեղծ նոտաներից մաքրելու «դո»:

Մենք առայժմ ունենք այդպիսի գյուղեր, որտեղ մարդը բնաշխարհը չի պղծել նույնիսկ առաջին անհրաժեշտության եկեղեցիով, երկրորդ անհրաժեշտության որեւէ հուշարձանով: Գյուղերում գնդակահարության պատեր չկան:

Մտեք անտառ, անպայման մտեք անտառ: Քաղաքից անտառ անցման մեջ դուք քայլում եք նույն ամայության միջով, անտառում դուք քաղաքացի եք եւ գիտեք, որ քաղաքը «նստած» է ամեն ծառ ու թփի վրա, քաղաքամերձ բնությունն՝ ինչպես ասֆալտի շունը: Գյուղից անտառ անցման մեջ դուք արագորեն դառնում եք բնության մասնիկը քայլ գցելու իշխանությամբ: Մենք ունենք այդպիսի գյուղեր, որտեղ վեջապես գեղեցիկ ենք, որովհետեւ գեղեցիկ է ամեն ինչ:

Մարդիկ, գնացեք Հայաստանի գյուղեր: