13.08.2018 18:02

Մհեր Արշակյան․ Երազանք է, ոչ թե դատական իշխանություն

Մհեր Արշակյան․ Երազանք է, ոչ թե դատական իշխանություն

        

Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին։ Այն պատճառաբանությամբ, որ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող մարդն անձեռնմխելի է։ Թվում է, թե տեղի է ունենում դատական անկախության գերդոզավորում։ Իրականում այդպես չէ։

Իրավական տեսանկյունից կարելի է կարգին օգուտներ քաղել Վերաքննիչի այս որոշումից։ Հայաստանում գրեթե բոլորը գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի մասնակցություն ունի բանակի ներգրավմամբ մարտի 1 իրականացնելու մեջ։ Հետեւաբար, երբ դատարանն ազատ է արձակում ցմահ ազատազրկում ենթադրող մեղադրանքը «վզին» կալանավայրում նստած մեղադրյալին, մի ակնհայտ նվաճում կարծես թե կա՝ դատարանները քաղաքական հրահանգներից ազատ են։ Բայց դա չի նշանակում, թե դատական իշխանությունն անկախ է։ Քաղաքական հրահանգներից ազատ դատարանն ու ինքնին անկախ դատարանը տարբեր բաներ են։

Այստեղ նույնիսկ քաղաքական հրահանգներից ազատ դատարան լինելը չի ենթադրում, թե ինքն ընդհանրապես ազատ է քաղաքական հրահանգից։ Պարզապես բացառված չէ, որ թավշյա իշխանությունը բավարար իշխանություն չունի, որպեսզի իր ներսում կարողանա խանգարել որեւէ մեկին դատարանների վրա ազդեցություն ունենալու համար։ Այնպես որ բացառված չէ, որ Քոչարյանի ազատ արձակման հարցում նման մի բան է տեղի ունեցել։ Դատավորը քննում է մեղադրանքը, ոչ թե մեղադրանքի մասին տեսակետները։ Բայց ինքը, դիցուք, բացառված չէ, որ ազատ արձակելու որոշումը կայացրել է մեղադրանքի մասին իր տեսակետի հիման վրա։

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու Սահմանադրության հոդվածը երկիմաստ չէ, սակայն հեղափոխական փուլում ամեն ինչ բազմիմաստ է, դատավորը կայացրել է որոշում, որով ցույց է տվել, որ անկախ է իշխանությունից։ Վաղը միջազգային բոլոր կառույցներից մինչեւ «ՄԱԿ-ի մատյանները» կարձանագրեն, որ Հայաստանում գործում է մի իշխանություն, որի օրոք դատարանը ձերբակալում եւ ազատ է արձակում նախկին նախագահին։ Երազանք է, ոչ թե դատական իշխանություն։ Քաղաքական եւ հասարակական բոլոր գործիչները կհայտարարեն, որ Քոչարյանի ազատ արձակումը հարված էր մեր պետականությանը, բայց հո դատավոր Ազարյանը հանգիստ խղճով կասի՝ իսկ ինչպե՞ս ես ապացուցեմ, որ դատական իշխանությունն անկախ է։ Մարդը կալանքից ազատ է արձակել գործող իշխանության հակառակորդին, ուրիշ ինչպե՞ս է լինում դատական իշխանության անկախությունը։ Չգիտեմ ուրիշ ինչպես, բայց մարդը հիմա «ուղղիչ աշխատանքային գաղութում» չէ։

Եվ այդ ամենից բացի, հիմա պետք է պատկերացնել մարտի 1-ի 10 զոհերի հարազատների վիճակը։ Նրանք հաստատ համոզված էին, որ վերջապես արդարություն է հաղթում Հայաստանում։ Մարտի 1-ի 10 զոհերի հարազատները արդեն չգիտեն, թե ինչ սպասել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանին ակնհայտորեն հակադրվող իշխանության օրոք Ռոբերտ Քոչարյանը կրկին ազատության մեջ է։ Պարզ է, որ այդ ազատությունը բնավ չի նշանակում, թե Քոչարյանը կարող է փախչել Հայաստանից, բայց հարազատները Քոչարյանի մեջ սահմանադրական կարգ տապալողի չեն տեսնում, այլ իրենց որդիների սպանության հրահանգ տվողին, որը աշխարհին «կերցվեց» սահմանադրական կարգի տապալում ձեւակերպմամբ։ 

Տեղի ունեցածն ամենեւին էլ դատական իշխանության անկախություն չի նշանակում։ Քանի որ եթե լուծված է համարվում այն հիմնավորմամբ, որ ձերբակալման պահին Քոչարյանն անձեռնմխելի էր, լուծված չէ այն հարցը, որ ազատության մեջ նա չի փորձի ճնշում գործադրել եւ նույնիսկ հաջողել գործի հանգամանքների վրա։ Նրան ազատ արձակող դատավորը, համենայնդեպս, թավշյա հեղափոխության ծնունդ չէր։