15.08.2018 13:14

Պաստորը, որի պատճառով ԱՄՆ-ն փլուզում է Թուրքիայի տնտեսությունը

Պաստորը, որի պատճառով ԱՄՆ-ն փլուզում է Թուրքիայի տնտեսությունը

Առևտրային պատերազմը Վաշինգտոնի և Անկարայի միջև լիովին խարխլել է Թուրքիայի տնտեսությունը և երկիրը կանգնեցրել լայնածավալ ֆինասական ճգնաժամի առջև:

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հարաբերությունները հայտնվել են հատակում՝ ամերիկացի 50-ամյա պաստոր Էնդրյու Բրանսոնի պատճառով:

Բրանսոնը 90-ական թթ. պահպանողական աստվածաշնչյան ընկերության առաքելության շրջանակներում տեղափոխվել էր Թուրքիա և ընտանիքի հետ հաստատվել Իզմիրում՝ բնակչության թվով Թուրքիայի երրորդ մեծ քաղաքում, որտեղ ղեկավարում էր Հարության աստվածաշնչյան եկեղեցին՝ մի քանի տասնյակ մարդկանց եկեղեցական համայնքով: Բացի այդ՝ պաստորը նաև օգնություն էր ցուցաբերում սիրիացի փախստականներին:

2016 թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո զանգվածային հալածանքներ սկսվեցին: Երկու տարվա ընթացքում այս երկրում ձերբակալվել է ավելի քան 60 հազար մարդ, 160 հազարից ավելի պետծառայողներ և զինվորականներ ազատվել են աշխատանքից:

Խռովության կազմակերպման  պատասխանատվությունը թուրքական իշխանությունները դնում են աշխարհում ամենահայտնի իսլամական քարոզիչներից մեկի՝ Ֆեթհուլլահ Գյուլենի վրա, որը 1999 թվականից կամավոր աքսորի մեջ է ԱՄՆ-ում:

Հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիան ամերիկյան իշխանություններից պահանջեց հանձնել իմամ Գյուլենին, սակայն ԱՄՆ-ը մերժեց՝ վկայակոչելով բավարար ապացույցների բացակայությունը, թե Գյուլենը կապ որևէ ահաբեկչական կազմակերպության հետ:

Իսկ Թուրքիայում այդ ընթացքում շարունակվում էին ձերբակալություններն ու հալածանքները: 2016 թ. Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվեցին նաև պաստորն ու իր կինը: Վերջինս 13 օր անց ազատ արձակվեց, իսկ պաստորին պահեցին, և այժմ նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում:

Անցյալ տարի աշնանը Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկեց պաստորին փոխանակել Գյուլենի հետ, սակայն մերժում ստացավ:

«Հիսուսի աշակերտները տառապում էին հանուն նրա, այժմ իմ հերթն է: Ես անմեղ մարդ եմ, ես հերքում եմ բոլոր մեղադրանքները: Բայց ես գիտեմ, թե ինչու եմ այստեղ: Ես այստեղ եմ, որպեսզի տառապեմ հանուն Հիսուսի»,- դատարանում հայտարարել է Բրանսոնը:

Փոխանցում է BBC-ն: