15.08.2018 13:49

Լիզա Ճաղարյան. Իսագուլովը երազում կորեկ է տեսնում

Լիզա Ճաղարյան. Իսագուլովը երազում կորեկ է տեսնում

Ոչ անհայտ սիամական զույգ «այլախոհներն» իրենց անձնական օգտագործման թափթփուկների միջոցով Հայաստանի քաղաքացիներին սպառնում են քաղաքացիական պատերազմով։

Չծավալվենք։ Ասենք՝ հավը երազում կորեկ է տեսնում, ու անցնենք առաջ։

Իսկ հիմա սրանց «կերտած» արնաշաղախ անցյալն առանց վերհիշելու, ներկան գնահատենք։

Համոզվեցի՞ն կասկածամիտներն ու երկմտողները (եթե, իհարկե, դրանցից կան, բացի այս երկուսի նման հանցագործներից ու ճարահատ փեսա-փուսաներից), որ սրանք ընդունակ են ամեն ինչի՝ հանուն իրենց թալանի պահպանման եւ կորցրած իշխանության վերադարձի։

Հասկացա՞ն վերջապես նոր կառավարությունից կախարդական փայտիկով հրաշքների սպասող դժգոհողները, որ քոչասերժական ավազակախմբին Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու ապագան, սահմանին կանգնած մեր երեխաների կյանքը նույնքա՛ն են հետաքրքրում, որքան՝ Բաքվի չայխանայում փռված՝ Սեւանա լճում ոտքերը թրջելու իրենց երազանքների մասին զառանցողներին։

Մեզ չխաբենք։ Սա՛ է իրականությունը։ Հեղափոխությունից հետո հայտնվել ենք առաջին հայացքից տարօրինակ թվացող իրավիճակում. ընդդիմություն չկա եւ այս պահին ոչ մի դեպքում չպե՛տք է լինի։ Բարիկադի մի կողմում նոր իշխանությունն է՝ հասարակության մեծամասնության հետ միասին, իսկ հակառակ կողմում Հայաստանի պետականության եւ Արցախի կորստի գնով իշխանության զավթման պատրաստ թալանչիներն են։

Սրանց «ընդդիմություն» ասելը կա՛մ անմեղսունակության հասնող միամտություն է, կա՛մ անամոթ երեսպաշտություն։

Մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ հասարակության եւ իշխանության ձգտումը մեկը պետք է լինի՝ ոչ մի գնով թույլ չտալ քսան տարի շարունակ մեր երկիրը ծվատողների ու Հայաստանի քաղաքացուց նսեմ ստրուկ «կերտողների» վերակենդանացումը։ Քաղաքացիական պատերազմով Հայաստանի քաղաքացիներին սպառնացողներն առավել վտանգավոր թշնամիներ են, քան սահմանի մյուս կողմից մեզ վրա կրակողները։

Սա չգիտակցելը հավասար է պետական դավաճանության։ Եվ եթե նույնիսկ այս դավաճանությունն անհուսալի միամտությունից է բխում, միեւնույն է՝ պատմության դեմ հանդիման այս միամիտները նույնքան մեղավոր են լինելու, որքան ռոբասերժական հանցագործները։

Սա անցումային շրջան է, եւ երկրորդական հարցեր են՝ տնտեսությունն այս պահին զարգանու՞մ է, թե նահանջում, հացը թանկանու՞մ է, թե էժանանում, այսինչ մարդն արժանի՞ է իր զբաղեցրած պաշտոնին, թե՞ բոլորովին արժանի չէ։

Մենք դեռ կհասցնենք ընդդիմություն դառնալ եւ քննադատել նոր կառավարությանը եւ հետագա բոլոր կառավարություններին։

Այդ իրավունքը մենք վաստակել ենք, եւ այդ իրավունքը կրկին չկորցնելու համար չպետք է թույլ տանք մեր ազատ կամքն արյամբ շաղախող սրիկաների վերադարձը։

Իսկ քաղաքացիական պատերազմով հասարակությանն ահաբեկելու խղճուկ փորձ անող իսագուլովների նման ստորաքարշ արարածներին արժե հիշեցնել 1991 թվականի օգոստոսի 19-ի ԳԿՉՊ-ի պուտչը։ Տեւեց 3-4 օր։

Ձեր հիստերիկ ցնցումները կե՛ս օր անգամ չեն կարող տեւել, սպանված կենդանի հեծնող արյունարբու քաջնազարներ։