16.08.2018 15:54

Արտակ Հարությունյան. Ասուլիսը տապալել է ՀՀ հպարտ քաղաքացին

Արտակ Հարությունյան. Ասուլիսը տապալել է ՀՀ հպարտ քաղաքացին

Քաղաքացի Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրում է.

Շարունակվում է շահարկվել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման թեման՝ դա ներկայացնելով որպես ազատ խոսքի խոչընդոտման, «այլախոհության լռեցման» քաղաքականություն, որ իբր իշխանությունները վախեցած են վերջինիս քաղաքականություն վերադարձից ու էսպես փորձում են լռեցնել։

Շարունակում եմ պնդել. Ռոբերտ Քոչարյանը չի ունեցել ասուլիս տալու ցանկություն։ Դա Քոչարյանի ոճը չի, ձևը չի։ «Միակ տղամարդը» ասուլիս կարող է տալ միայն ընտրովի լրագրողների խմբի՝ նախապես հստակեցնելով հարցերի շրջանակը։ Իրա համար առավել ընդունելի տարբերակը մեկ լրագրողին տրվող հարցազրույցն է։ «Այլախոհը» չի կարող գնալ ռիսկի, որ իրան հանկարծ կտան անցանկալի հարցեր. հայտարարված ասուլիսը հղի էր նման վտանգով, դա իրանը չի։

Ասուլիսի հայտարարումն, իմ համոզմամբ, լուծում էր երկու խնդիր։ Նախ ստուգել ուժերի բալանսը, տեսնել, թե ամեն դեպքում ինչքան մարդ կհավաքվի իր դեմ բողոքելու։ Որ մարդ կհավաքվի՝ տարակույս չէր կարող ունենալ Քոչարյանը։ Դեռ մինչ կալանավորումը, երբ ՀՔԾ հարցաքննման էր գնում, ինքը գիտեր, որ մարդիկ են հավաքվելու իր դեմ բողոքելու, դրա համար մեր «միակ տղամարդը» զարտուղի ճանապարհով գնաց։ Կալանավորումից ազատվելուց հետո ակնհայտ էր, որ կատաղածներն ու բողոքողները կտրուկ ավելանալու էին։

Երկրորդ նպատակը ասուլիսի տապալումն էր։ Եթե նույնիսկ 10 հոգի հավաքված լինեին, ապա ասուլիսը պիտի կոչվեր տապալված ու տարվեր տեղեկատվական արշավը, թե իբր խոչընդոտում են իր ազատ խոսքին, իրան կարվեր իշխանության կողմից հալածվողի կոստյումը։ Այսինքն հենց նշածս չմարող խոսակցություններն էին Քոչարյանի նպատակը։

Հարց կարող ա առաջանալ, թե եթե էդ էր Քոչարյանի նպատակը, ապա պե՞տք էր իրան էդ ծառայությունն ակամա մատուցել։ Պատասխանս է՝ ԱՆՇՈՒՇՏ։ Որովհետև իրականում իրեն ոչ մեկն էլ ծառայություն չի մատուցել, ու որոշակի շրջանակից հրահրվող խոսակցության կուտը լայն հասարակությունը չի ուտում։ Երկրորդ, ցանկացած հրապարակային միջավայրում պետք է ցույց տալ հասարակության վերաբերմունքը՝ կանխելով ինչպես սրանց ռևանշի հնարավորությունը, էնպես էլ ցույց տալով, որ մեկընդմիշտ անցել են էդ սրիկաների արածների դեմ վախեցած լռելու ժամանակները, ցույց տալու կոռումպացված դատավորներին, որ կա ակտիվ հասարակություն, որը մի օր իրանց էլ ա քշելու, ցույց տալու սրանց կողմնակիցներին, որ իրանք էս ճանապարհն ընտրելով լրիվ լուսանցքից դուրս են մնալու։

Շահարկվում է նաև թեման, որ ակցիային մասնակցել են իշխող կուսակցության ներկայացուցիչներ ու կառավարությունում աշխատողներ՝ փորձելով դա ներկայացնել որպես իշխանական ճնշում։ Բացարձակ շինծու մեղադրանք է, որովհետև սահմանադրորեն թույլատրելի խաղաղ հավաքի իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր մաշկի գույնից, տարիքից, սեռից, կուսակցական պատկանելությունից, աշխատանքի բնույթից, այլ առանձնահատկություններից։ Բացառությունները սահմանված են օրենքով, օրինակ՝ ծառայություն իրականացնող իրավապահը չի կարող միանալ ակցիային։

Ու բողոքին մասնակցած ցանկացած մեկը ուներ դրա իրավունքը։ Եթե հավելում ենք, որ հեղափոխությունը դեռ ավարտված չի, որ էս ուժերի հետ դեռ կա պայքար, ապա առավել քան ակնհայտ է դառնում, որ ակցիային հենց պետք է մասնակցեին իշխող կուսակցության ներկայացուցիչները։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները պետք է չանեին մի բան. իշխանությամբ տրված լծակներն ապօրինի օգտագործեին պրոցեսի վրա ազդելու համար։ Օրինակ՝ չպետք է հանձնարարեին դատավորին վճռի տեքստը, չպետք է լրագրողներին արգելեին մասնակցել ասուլիսին, չպետք է տարածքի տիրոջն արգելեին տարածք տրամադրել և այլն։ Սրանցից ոչ մեկը իշխանությունը չի արել։ Որևէ իշխանական լծակ չի օգտագործվել ասուլիսը տապալելու համար։

Ասուլիսը տապալել է ՀՀ հպարտ քաղաքացին՝ դրանով հստակ իրացնելով իր բողոքելու սահմանադրական իրավունքը։ Հպարտ քաղաքացիների մեջ գուցե եղել են նաև կառավարության ստորին օղակներում աշխատող մի քանի հոգի։