28.08.2018 14:08

Լիզա Ճաղարյան. Արքայի «բարձր հովանու ներքո»

Լիզա Ճաղարյան. Արքայի «բարձր հովանու ներքո»

Հոր կողմից մեզ բարեկամ մի ուրախ ու հաջողակ երիտասարդ է եկել Հայաստան։ Քոչարյանի կալանավորմանն սպասող հանրությունը միջանկյալ թեմա է գտել՝ ոգեւորված քննարկում է ուրախ երիտասարդի այցի մանրամասները։

Դե, նախ՝ այս երիտասարդի այցով Արցախի խնդրի գլխին պայծառագույն լույս է ճառագել. նա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է ստացել ու ՊՆ-ում հաշվառվել, որ հենց, Աստված չանի, իրավիճակը սահմանին շատ լրջանա, անմիջապես նստի իր սեփական ինքնաթիռն ու ծտի թեւով թռչի Արցախ՝ մեր սահմաններն անառիկ դարձնելու։ Երկրորդ՝ երիտասարդն արքա է։ Ճիշտ է, ընդամենը պոկերի արքա է, բայց հո՞ արքա է։

Մեր մեջ ասած, մինչ այս երիտասարդի այցը՝ Հայաստանում մատների վրա հաշված մարդիկ գիտեին, որ այսպիսի կարկառուն զավակ ունենք, բայց հո՞ դրա մասին արագ մոռացանք ու հիմա այնպես ենք ասում՝ Դե՜նը, կարծես օրուգիշեր ոչ ուտում էինք, ոչ խմում, աչքներս ջուր կտրած սպասում էինք, թե երբ է հոր կողմից մեզ բարեկամ այս արքան իր «պատմական» այցով լուսավորելու Հայաստան աշխարհը։

Էն էլ էս Դենը եկավ, ու պարզվեց՝ Քոչարյանենց «քիփ»-ն է։ Հենց էն կասկածյալ Քոչարյանի, որին բանտախցում տեսնելու ՀՀ քաղաքացիների անափ ցանկությունն ու այս նույն Քոչարյանի թալանած միլիարդները ելել են իրար դեմ անողոք պայքարի, եւ հոր կողմից մեզ բարեկամ, ուրախ եւ հաջողակ Դենի այցը համընկավ քոչարյանական խառը ժամանակների հետ, եւ կամա թե ակամա՝ այս երիտասարդի «արքայական ծիրանի»-ն հովանի դարձավ «քաղհալածյալին» ընտանիքին։

Բնական է եւ օրինաչափ, որ Քոչարյանենց ընտանիքի բարեկամը թղթախաղի վարպետ է։ Բա հո ջութակահար կամ փիլիսոփա չէ՞ր լինելու, առավել եւս՝ գրող կամ քանդակագործ։ Եթե միլիարդներ ես թալանում, էդ միլիարդների մի մասն էլ սիրասուն զավակներդ կարո՛ղ են նաեւ թղթախաղում տանուլ տալ։ Քրտնելով չեն վաստակել, որ ափսոսան։

Հաջորդ սատարողը երեւի աֆրիկաներում ամենաշատ առյուծ ու փիղ սպանած եւ հեծնած քաջարի որսորդների արքա կլինի։

Հետո երեւի կգա թալանչիների արքան։

Կամ՝ հոր կողմից մեզ բարեկամ։ Կամ՝ քեռու։

Կամ էլ՝ տատուպապի։

Կարեւորը՝ արքա լինի։

Թեկուզ՝ վարձու մարդասպանների արքա։