07.09.2018 13:10

Պուտինը, Էրդողանը և Ռոուհանին Իդլիբի ճակատագիրն են որոշում

Պուտինը, Էրդողանը և Ռոուհանին Իդլիբի ճակատագիրն են որոշում

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները Թեհրանում ընթացող գագաթնաժողովում այսօր փորձելու են որոշել սիրիական ապստամբ Իդլիբ նահանգի ճակատագիրը:

Բաշար Ասադի ուժերը, ռուսաստանցիների և իրանցիների հետ միասին, խոշոր հարձակում են նախապատրաստում, սակայն Թուրքիան դրան դեմ է:

Առնվազն երկու շաբաթ է՝ խոսվում է այն մասին, որ Բաշար Ասադի զորքերը ուր որ է սկսելու են հարձակումն Իդլիբի վրա: Սակայն այդ արյունալի գործողությունը դեռ չի սկսվել, և դրա պատճառներից մեկը, շատ մեկնաբանների կարծիքով, հենց Թուրքիայի դիրքորոշումն է:

Իդլիբը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի սահմանին, և հենց Թուրքիան է անվտանգության երաշխավորն այդ նահանգում, որը 2017 թ. սեպտեմբերին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանագրով դարձավ «դեէսկալացիայի չորս գոտիներից» մեկը, ուր կարող են տարհանվել Ասադի ռեժիմի զինված հակառակորդներն իրենց ընտանիքներով:

Իդլիբի դեմ հարձակման գործողությանը դեմ են նաև արևմտյան երկրները և այդ տարածաշրջանում նրանց դաշնակիցները, իսկ ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան նախազգուշացրել է մարդասիրական աղետի հավանականության մասին՝ ակտիվ ռազմական գործողություններ սկսելու դեպքում:

Փոխանցում է BBC-ն: