11.09.2018 11:56

Լիզա Ճաղարյան. Նստեք, դատարանն է գալիս

Լիզա Ճաղարյան. Նստեք, դատարանն  է գալիս

Իշխանափոխությունից հետո ով ինչ կորցրեց, ով ինչ գտավ, ում վիճակն է աննախանձելի, ում վիճակը՝ ողբալի, այս անցումային փուլում դեռ դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ է՝ փաստաբանների առջեւ բացվել են ու բացվում են նորանոր «արեւաճաճանչափայլ հորիզոններ», իսկ ահա դատավորների վիճակն ուղղակիորեն ողբալի է։

Լավ, թե վատ էին անում իրենց գործը՝ այլ հարց է, բայց մի բան ակնհայտ էր, որ ՀՀԿ-ական քսանամյա ճահճում փաստաբանները քնած չէին։ «Ոչ միայն հացիվ» սկզբունքով առաջնորդվող փաստաբանների մասնագիտական միտքը զարգանում էր հարյուրավոր քաղբանտարկյալների շահերի պաշտպանության շնորհիվ, մնացածներն էլ, դե, շարունակում էին հմտանալ՝ հույս փայփայելով, որ մի օր «տիրոջ» աչքն իրենց վրա էլ կքաղցրանա, եւ դատավորի թիկնոցը կտաքացնի նաեւ իրենց թիկունքը։

Դատավորների վիճակն այլ էր։ Այս մարդիկ անելիք չունեին ռոբասերժական «երանելի» տարիներին։ Դատական գործերը մինչ կհանգրվանեին որեւէ դատավորի սեղանին, արդեն իսկ ամեն ինչ արված էր նրանց փոխարեն։ Մեղադրանքը պատրաստ էր, դատավճիռը՝ կայացված, եւ դատավորներն ընդամենը մեկ անելիք ունեին՝ «դակել» իշխանական ամենավերին կամ միջին օղակներում կայացված որոշումը, ինչն էլ  ի կատար էր ածվում նախանձելի անմռունչությամբ։ Իսկ «դակիչ» աշխատելու համար ուղեղի հովվերգությունը խախտելու անհրաժեշտություն չկար։

Եվ այսպես, տարիների ընթացքում բարեհաջող եւ անտրտունջ ժանգոտում էր մեր թանկագին դատավորների պայծառ միտքը, մինչեւ որ վրա հասավ այս «արհավիրքը»՝ կիսաիշխանափոխությունը, եւ վերեւներից ասվեց՝ սրանից հետո դուք եք որոշելու, թե ով է մեղավոր, եւ ով՝ անմեղ։

Եվ սկսվեց «մեծն աուդիտոր» Աշոտյանի» ասած «վակխանալի(ա)»-ն։

Շաբաթական մի քանի աղմկոտ, ես կասեի՝ սարսափահարույց հանցագործություն է բացահայտվում, հուրախություն փաստաբանների՝ գրեթե բոլոր հանցագործները հեքիաթային հարստության տեր են, եւ «դրախտն ընկած» առատորեն վարձատրվող այս մարդիկ, իրենց գիտելիքների ողջ զինանոցն օգտագործելով, անձնազոհաբար նետվում են պաշտպանելու իրենց «անմեղ» պաշտպանյալների շահերը, իսկ դատավորներն անճարակությունից քրտնում ու կակազում են, զորօրինակ՝ Սաշիկի որդու գործը քննող դատավորի պես։

Ի՞նչ տեսանք այս դատավարության ժամանակ։ Տեսանք ճարտարախոս մի փաստաբանի եւ նրա գրոհից կարկամած, մոլորված մի տիկին դատավորի, որին դաժանորեն պատժել էին՝ ասելով, որ ի՛նքն ինքնուրու՛յն պետք է վճիռ կայացնի։

Իրոք՝ զարհուրելի վիճակ է այն մարդկանց համար, որոնք վաղնջական ժամանակներից մոռացել են, թե ինչ ասել է՝ ինքնուրույն։ Չգիտեն՝ սա ուտելու՞ բան է, թե՞ հագնելու։ Ավելին, դեռ վստահ չեն՝ այս նոր կառավարության հիմքերն ամու՞ր են, թե՞ ուր որ է Աշոտյանն ու Շարմազանովը, Քուռկիկ Ջալալիին հեծնած, Թուր Կեծակին թափահարելով՝ գալու են ու առաջին հարվածը հասցնելու են էս խեղճ դատավորների կոռոզիայի ենթարկված գլխներին...

Եվ ի՞նչ։ Ոչինչ։

«Մեղրի կարասն» ընկած փաստաբանները բարիկադների վրա «զոհաբերվում են» հանուն «հանիրավի» դատապարտվող իրենց պաշտպանյալների, անտեր-անհեր մնացած դատավորներն առաջին դասարանցի ծույլիկ աշակերտի պես կմկմում ու աջուձախ են նայում, որ մի հուշող գտնեն, իսկ հուշող չկա ու չկա՝ ստիպված «անշառ» որոշում են կայացնում՝ խափանման միջոցի փոփոխություն, դահլիճը ծափ է տալիս, դե՝ «արդարությունը հաղթանակեց», ո՞նց ծափ չտան։ Նախկին տերերին կորցրած, նոր «փողի քսակ» որոնող լրատվամիջոցները՝ ամոթ ու սկզբունք կորցրած, գրիչները սրած՝ ողբուկական են բարձրացրել «անմեղ» դատապարտվողների համար։

Իսկ հանրությունը... Հանրությունն էլ գրեթե ամեն օր տեսնում է ու «համոզվում», որ տարիներ շարունակ իր աչքի առաջ սահմռկեցնող հանցագործություններ կատարած հանցագործները, մարդասպանները, գողերը, լկտի թալանչիներն «անմեղ» են նորածին մանկան պես, եւ եթե այսպես շարունակվի, ազգովի պետք է գնանք ու ներողամտություն հայցենք Մարտի 1-ից անտեղյակ գլխավոր ամբաստանյալից, արդար քրտինքով «քյոխվա» դարձած Աբրահամյան Հովիկից, «տուշոնկայից բեխաբար» գեներալ Մանվելից, միմիայն իր ծովածավալ խելքի շնորհիվ փադիշահի պես ապրող Սաշիկից եւ նրա հրեշտակ զավակներից...

Հռետորական հարց. բա լավ, էդ ովքե՞ր էին քսան տարի շարունակ Հայաստանն ասպատակում քոչվոր ու արյունռուշտ ցեղերի պես։