12.09.2018 11:01

«Մեզ համար այդ դատարանն արդեն մեռած է». ԱՄՆ-ը սպառնում է ՄՔԴ-ին

«Մեզ համար այդ դատարանն արդեն մեռած է». ԱՄՆ-ը սպառնում է ՄՔԴ-ին

Միջազգային քրեական դատարանն այժմ քննում է Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների վարքագծի վերաբերյալ գործը: ՄՔԴ-ի 2016 թ. զեկույցում ասվում է, թե հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկացի զինվորականները մարդկանց խոշտանգել են Աֆղանստանի տարածքում տեղակայված ԿՀՎ գաղտնի բանտերում:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՄՔԴ-ն անվանել է ոչ լեգիտիմ և նախազգուշացրել, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար: «Մենք չենք համագործակցի ՄՔԴ-ի հետ, չենք օգնի նրան: Մենք չենք միանա ՄՔԴ-ին: Թող ՄՔԴ-ն ինքն իրեն մահանա: Այն ամենից հետո, ինչ եղել է, այդ դատարանն արդեն մեզ համար վաղուց մեռած է»,- հայտարարել է Բոլթոնը:

ԱՄՆ-ը չի պատկանում այն երկրների թվին, որոնք մասնակցում են Միջազգային քրեական դատարանի աշխատանքներին:

Դատարանը քննում է ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ գործված հանցագործություններ, ցեղասպանություն: Այն հիմնվել է  ըստ 1998 թ. ընդունված Հռոմի կանոնադրության և սկսել է աշխատանքը 2002 թ. հուլիսի 1-ին:

Փոխանցում է BBC-ն: